Հայերեն   English   Русский  

​Կարեն Ասմարյան. «ՀՎՖ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մարզերում»


  
դիտումներ: 3684

Վոլեյբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է 2 փուլով` գարնանային և աշնանային: Մրցաշրջանի առաջին փուլի առաջատարները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում արդեն հայտնի են: Տղամարդկանց «Արցախ» և կանանց ԽՄՕՄ թիմերը եզրափակիչ փուլում առավել մեծ հնարավորություն ունեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում զուգահեռ անցկացվող մյուս մրցաշարերի, մեր թիմերի մասնակցությամբ առաջիկա ստուգատեսների և ֆեդերացիայի՝ վոլեյբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:

- Պարոն Ասմարյան, արդեն հայտնի են բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի հաղթողները: Ի՞նչ գնահատական կտաք թիմերի և մարզիկների ցուցադրած խաղին:

- Տղամարդկանց և կանանց 5-ական թիմեր են մասնակցում այս մրցաշրջանի առաջնությանը: Ընդհանուր առմամբ բոլոր թիմերն էլ պատրաստված էին առաջին փուլում` չհաշված որոշ բացառություններ: Բազմիցս նշել եմ, որ մարզիչները դեռևս լիարժեք չեն աշխատում թիմերի հետ: Հարկավոր է ոչ թե մրցումներից որոշ ժամանակ առաջ սկսել մարզումները, այլ հետևողական աշխատել շուրջտարի: Այս խնդրին հարկավոր է ուշադրություն դարձնել: Այդ պարագայում մարզիկներն ավելի պատրաստված կլինեն և առաջնության խաղամակարդակն էլ բարձր կլինի:

Տղամարդկանց պայքարը միշտ ավելի դիտարժան է անցնում, քան կանանցը: «Արցախը» 2018 թվականի բարձրագույն խմբի առաջատարը դարձավ: 2-րդ տեղում ՀՊՏՀ-ի թիմն է: Կանանց պայքարն ընթացավ 2 թիմերի` ԽՄՕՄ-ի և «Նժդեհի» միջև: Առաջին փուլի առաջատարը ԽՄՕՄ-ն է:

Նշեմ, որ խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել հանդիսատեսի շրջանում: Արդեն մտածում ենք եզրափակիչ փուլի հանդիպումներն ավելի ընդարձակ դահլիճում անցկացնելու մասին, քանի որ խաղերին հետևել ցանկացող երկրպագուները շատ են: Հետաքրքրություն կա, մնում է՝ մարզիկների խաղը որակապես բարձրանա և թիմերը խաղամակարդակով հավասարվեն: Տարբերություններն առայժմ շատ են: Հուսանք, որ ժամանակի ընթացքում թիմերն ավելի լուրջ մոտեցում կցուցաբերեն և այդ խնդիրը կհաղթահարենք: Կարծում եմ` եզրափակիչ փուլում հատկապես տղամարդկանց պայքարն անզիջում կլինի: Թիմերի միավորների տարբերությունը մեծ չէ, ամեն բան կարող է փոխվել: Կանանց մոտ պատկերը մի փոքր այլ է, քանի որ միավորների տարբերությունը շատ է, և դրանք հետ բերելը գրեթե անհնար կլինի:

- Մայիսի 18-ին ՀՎՖ գրասենյակում կայացավ լողափնյա վոլեյբոլի հանձնաժողովի առաջին նիստը։ Ո՞ր հարցերն էին օրակարգային:

- Հանձնաժողովը ձևավորվել է բոլորովին վերջերս: Գրիգոր Ամբարյանին առաջարկել եմ առավելապես երիտասարդ մասնագետների ներգրավել հանձնաժողովում: Հանձնաժողովի կազմը համալրվել է երիտասարդ մասնագետներով, գործող և նախկին բարձրակարգ մարզիկներով։

Նիստի ժամանակ քննարկվեցին հունիսին Սևանում կայանալիք լողափնյա վոլեյբոլի մանկապատանեկան փառատոնի կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև հուլիսին Երևանում կայանալիք լողափնյա վոլեյբոլի առաջնությունների անցկացման և կազմակերպչական աշխատանքները։

Վոլեյբոլի Եվրոպայի ֆեդերացիայի հետ համատեղ տարիներ շարունակ անցկացնում ենք այդ փառատոնը: 5-6 մարզահրապարակներ են կառուցվել ավազի վրա: Թիմերին և երեխաներին ապահովելու ենք մարզագույքով: Այս միջոցառման հիմնական նպատակը լողափնյա վոլեյբոլի մասսայականցումն է:

Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը: Քննարկեցինք կազմակերպչական հարցեր: Պետք է խաղերի առցանց դիտումներ կազմակերպել երկրպագուների թիվն ավելացնելու նպատակով: Ցանկանում ենք նոր թափով անցկացնել լողափնյա վոլեյբոլի առաջնությունները՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, նորարարական մոտեցումներով՝ առաջնությունն ավելի դիտարժան դարձնելու համար: Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստն անցկացնել հունիսին Սևանում։

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում:

- Տարին շատ հագեցած ենք սկսել` անցկացնելով ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն: Մասնակիցներ ունեցանք նաև Վրաստանից: Սա առաջընթաց քայլ էր: Այս ծրագիրը ներդրվել է Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից ՝ հարևան երկրները պայքարի մեջ ներգրավելու և այն առավել հետաքրքիր դարձնելու համար: Մեր թիմերն էլ Վրաստանում մասնակցեցին մրցաշարերի:

Մարտից սկեցինք պարբերաբար անցկացվող տարբեր տարիքային խմբերի կանոնավոր առաջնությունները: Մինչև 17 տարեկանների առաջնությունն ավարտվել է: Ավարտվել է նաև մինչև 15 տարեկանների փնջային առաջնությունը: Մայիսի 26-ին սկսվելու է եզրափակիչ փուլը: Նշեմ, որ փնջային փուլերն անցկացնում ենք մարզերում, որոնց հաղթողները Երևանում կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Միաժամանակ Սերգեյ Արակչյանի և Ֆելիքս Դալլաքյանի հուշամրցաշարերն ենք անցկացրել: Դեկտեմբերին անցկացնելու ենք դասական վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների 15 տարեկան տղաների առաջնություն: Առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում նման մրցաշար: Արդեն 8 երկիր մասնակցության հայտ է ներկայացրել: Մրցաշարի հաղթողն ուղեգիր է նվաճելու Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը մասնակցելու համար:

Շուտով մեկնարկելու է մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությունը: Հունիսի 3-ին օպերայի շենքի շրջակայքում մի քանի մարզաձևերի, այդ թվում վոլեյբոլի փառատոն է անցկացվելու: Հուլիսին կանցկացնենք տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնություն: Այս տարի առաջին անգամ լողափնյա վոլեյբոլի թիմը կմասնակցի համաշխարհային ունիվերսիադային և մի շարք այլ միջազգային մրցաշարերի:

- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մարզաձևը մասսայականացնելու և զարգացնելու նպատակով մի շարք աշխատանքներ է իրականացնում: Այս տարի կարծես առավել մեծ թափ են ստացել մարզերում տարվող աշպատանքները:

- Հեշտ չէ առաջնություններ կազմակերպել և անցկացնել մարզերում: Բայց վոլեյբոլն ավելի մասսայականացնելու և զարգացնելու համար մենք ընտրել ենք այս մարտավարությունը և անշեղորեն առաջ ենք շարժվում: Շատ կարևոր է աշխարհագրությունն ընդլայնել, հետաքրքրություն սերմանել: Մենք պարբերաբար առաջնություններ ենք անցկացնում Սիսիանում, Գորիսում, Արթիկում և բոլոր այն վայրերում, որտեղ գործում են վոլեյբոլի դպրոցներ: Մրցաշարերին գալիս են հետևելու և աջակցելու մարզերի համապատասխան բաժինների պաշտոնյաներ, ինչը ոգևորում է թե՛ մարզիկներին, թե՛ երկրպագուներին, թե՛ նախաձեռնողներին: Վերջերս նամակով դիմել էինք Եղեգնաձորի քաղաքապետին, և նա գումար հատկացրեց մարզադահլիճի վերանորոգման համար: Ֆեդերացիան էլ մարզագույք է տրամադրում մարզերի թիմերին: Այս աշխատանքի շնորհիվ կարող ենք հաջողություն ունենալ և վոլեյբոլը շատ ավելի մասսայական դարձնել: Այսօր ՀՎՖ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մարզերում, ինչը շատ կարևոր է: Եթե մենք առաջնություններ անցկացնենք միայն Երևանում, ապա աշխատանքն արդյունավետ և նպատակային չի լինի: Ֆեդերացիան բազմաթիվ նամակներ է ստանում տարբեր քաղաքներից, հեռավոր համայնքներից, որտեղ գործում են վոլեյբոլի խմբեր: Նրանք աջակցության կարիք ունեն: Մենք ամեն կերպ փորձում են մարզագույքով ապահովել այդ թիմերը:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: