Հայերեն   English   Русский  

​Իտալիայի դեսպանը Հայաստանը բնութագրում է մեկ բառով՝ մշակույթ


  
դիտումներ: 1959

Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդամենը 2 ամիս առաջ է ստանձնել պարտավորությունները:

Եռանդով ու ոգևորությամբ լի դիվանագետն անկեղծորեն ուրախ է, որ առաքելությունը կատարում է մի երկրում, որը քարտեզի վրա փոքր տեղ է զբաղեցնում, բայց ունի մեծ մշակույթ ու ներուժ:

«Անկախի» հետ զրույցում պարոն դեսպանը խոսում է իր ոգևորության, հայերի ու իտալացիների միջև ընդհանրությունների, պատմական խորը կապերի, ինչպես նաև Հայաստանի ու հայերի հանդեպ իր անկեղծ գնահատականի մասին:

Դեսպան Դել Մոնակոն Հայաստան է ոտք դրել, կարելի է ասել, պատմական ժամանակաշրջանում, երբ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ էին, փակ ճանապարհներ, բողոքի զանգվածային ցույցեր: Կինն ու երեք երեխաները այդ օրերին տիրող ներքաղաքական իրավիճակի և աճող լարվածության պատճառով ստիպված էին վերադառնալ Իտալիա՝ Երևանից բացի հասցնելով տեսնել միայն Էջմիածինն ու Խոր Վիրապը: Սակայն դեսպանը վստահեցնում է, որ ընտանիքը շուտով կմիանա իրեն։

Իտալացի դիվանագետը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները, ոչ բռնի ցույցերը, այդ օրերին կողմերի միջև հանդուրժողականությունն իսկապես հարգանքի էին արժանի:

***

Դեսպան Դել Մոնակոն շատ է հավանում Երևանը: Ասում է՝ հետաքրքիր քաղաք է, հնի ու նորի յուրահատուկ համադրությաբ, գեղեցիկ, մաքուր փողոցներով, տուֆակերտ, տպավորիչ շենքերով:

Հայկական խոհանոցին նույնպես հասցրել է վարժվել: Ավելին, ինչ Հայաստանում է, իտալական ուտեստներ գրեթե չի հասցնում ուտել, երևանյան հայկական ռեստորաններն է բացահայտում ու տպավորված է հայկական ուտեստներով:

Ի՞նչ բառ կընտրի, եթե մի բառով փորձի բնութագրել Հայաստանը: «Մշակո´ւյթ»,-առանց երկար մտածելու պատասխանում է դեսպանը:

Ի՞նչ գիտեր Վինչենցո Դել Մոնակոն Հայաստանի ու հայերի մասին մինչ այստեղ գալը։

«Երբեք լիարժեք չես ճանաչի երկիրը, մինչև այնտեղ չապրես,-կարծում է նա,-բայց ես շատ բան գիտեի Հայաստանի պատմության մասին, այս երկրի մեծ մշակույթի, հայկական եկեղեցու դերակատարման մասին»:

Դեսպանն ասում է՝ Սուրբ Ղազար կղզին բացառիկ մի մարգարիտ է Իտալիայում, իսկ Նեապոլի Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին՝ նույն անունը կրող փողոցում, քաղաքի պատմամշակութային տեսարժան վայրերից մեկն է։

Ի դեպ, Իտալիայում առանձնակի վերաբերմունք ունեն Գրիգոր Լուսավորչի նկատմամբ, ինչը հարյուրամյակների պատմությունունի։

եկեղեցի

Սբ․ Գրիգոր Լուսավորչի մասունքների հիմնական մասը հայ կույսերը VIII դարի վերջին փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք: Այդտեղ, ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի՝ կուսանոցով: Սբ․ Գրիգոր Լուսավորչի կամ ինչպես իտալացիներն են ասում՝ Սբ․ Գրիգոր Հայի եկեղեցում պահպանվել են Լուսավորչի գանգը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ:

Նեապոլի առաջին պաշտպան Սբ․ Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն, որը նշում են սեպտեմբերի 30-ին։

Եկեղեցին 16-րդ դարի կառույց է, պատերը զարդարում են 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի որմնանկարները։

***

Իտալիայի դեսպանի բնորոշմամբ՝ երկրագնդի վրա աշխարհագրորեն փոքր տեղ զբաղեցնող, բայց մշակութային խորը արմատներ ու հարուստ ավանդույթներ ունեցող այս երկիրը շատ ընդհանրություններ ունի իր հայրենիքի հետ: Կիսում է նաև կարծիքը, որ հայերն ու իտալացիները նման են: «Այո, այդ միտքը մեկ անգամ չէ, որ լսել եմ և կարծում եմ, որ դրա մեջ ճշմարտություն կա»:

Հայերին ու իտալացիներին միավորող տարրերից մեկն էլ համարում է տարբեր արհեստների տիրապետումը, որը, ըստ նրա, երկու ժողովուրդների մոտ էլ իդեալական է: «Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ոչ միայն մշակութային ոլորտում, այլև պետական իրավունքի, բնապահպանության, տնտեսության, գիտության,-թվարկում է դեսպանը,-ինչպես գիտեք, Հայաստանում իտալական հայտնի ընկերություններ կան, որոնք բավականին հիմնավորվել և հաջողություններ են գրանցել այստեղ: Դրանք կարող են մեծ գովազդ հանդիսանալ Հայաստան իտալական այլ կազմակերպությունների ներհոսք ապահովելու գործում»:

Մայիսի սկզբին դեսպանատան տարածքում իտալական և հայկական տուր-օպերատորների համար ստեղծվել է հարթակ փոխադարձ կապերն ամրապնդելու, երկու երկրների միջև զբոսաշրջությունը խթանելու նպատակով:

Inline imageՄայիսի 23-25-ը դեսպան Դել Մոնակոյի նախաձեռնությամբ Հայաստանում անց է կացվել «SudEstival» իտալական ժամանակակից կինոփառատոնը, որի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել են իտալացի երիտասարդ ռեժիսորներ Անտոնիո Փադովանի, Միրկո Պինչելիի, Միշելա Անդրեոզիի ֆիլմերը։ Երիտասարդ հայ կինոգործիչների համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր: «Ես միշտ շեշտը դնում եմ երիտասարդության վրա, որովհետև նրանք են մեր լոկոմոտիվն ու քաշող ուժը,-ասում է դեսպանը,-գտնում եմ, որ պետք է ակտիվացնենք հարաբերությունները նաև մեր երկրների երիտասարդների միջև»:

Դեսպանը հույս է հայտնում, որ այսուհետ Իտալիայի Պուլիա նահանգում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հայ ռեժիսորների ֆիլմերը:

Մայիսի 24-ին դեսպանն իր նստավայրում հյուրընկալել էր Հայաստանի կինեմատոգրաֆիայի ավագ ու երիտասարդ սերնդի մի խումբ ներկայացուցիչների: Նրանց մեջ էին անվանի կինոգործիչներ Արտավազդ Փելեշյանը, Հարություն Խաչատրյանը, Գարեգին Զաքոյանը, Միքայել Պողոսյանը և ուրիշներ:Inline image

Լայն հասարակության հետ դեսպանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Իտալիայի տոնին նվիրված միջոցառման շրջանակներում: Մինչ այդ դեսպան Դել Մոնակոն կշարունակի հանդիպումներ ունենալ Հայաստանի նոր կառավարության անդամների, հայաստանյան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկու երկրների պատմական հարաբերությունները խորացնելու և առկա ներուժը զարգացնելու նորանոր հեռանկարներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: