Հայերեն   English   Русский  

Ղարաքիլիսայի ճակատամարտը


  
դիտումներ: 2756

1918 թ. մայիսն ամենաօրհասականն էր հայոց պատմության մեջ:

Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց XX դարի Ավարայր:

Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

Թուրքերը, շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում, մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռու ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականների մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Եվ թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն, արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռու բնակչությունը, որն անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված, և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:

Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները, և հայերը վտանգը զգալով` հետ գնացին:

Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերն ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ փրկությունը` Նժդեհն իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես փրկչի:

Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, որը, սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերն աստիճանաբար օղակվում էին թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, որ մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և հետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:

Օրհասական պահին թվում էր` մի հույս կա. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր, բայց Անդրանիկը չկար… Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել:

Մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր, Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:

Թշնամին, ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժի, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ` կեսգիշերին, թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով ու սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, որոնք, մոռացած հարևանության, հայերի հետ դրացիության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանն ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու հանձնում ասկյարներին:

Թուրքերը Ղարաքիլիսայի կենտրոնում ժողովում են գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:

Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը, հագենալով հայերի արյունով, վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնաց մոտ 10000 հայ:

Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրաններում: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովը սկսեց իր հունձը հայության շրջանում:

Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հազարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:

Այս ամենը չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Բայց նա չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, որում, նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը, զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել` պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:

Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռու դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը` զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:

Առհասարակ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովն Անդրանիկին չէր վստահում: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Խորհուրդը մերժեց, և զորավարը պայման դրեց, որ պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:

Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի տարաձայնություններով: Համենայն դեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում որևէ ռազմավարական պատճառաբանությամբ:

Նախ` Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ «հսկում» էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում, և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. ուղղակի Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղով թուրքերի շարժը կասեցնելու համար կարելի էր պայթեցնել Դեբեդի կամուրջներից կամ բազում թունելներից մեկը: Ուստի երկաթուղու պահպանության համար Դսեղում մարտունակ և մեծաքանակ զորաբանակ նստեցնելն ուղղակի անիմաստ էր: Փաստն այն է, որ Ղարաքիլիսայի անկումից հետո Անդրանիկը նահանջեց նաև Դսեղից` բախտի քմահաճույքին թողնելով թե՛ երկաթուղին, թե՛ առհասարակ ճակատը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: