Հայերեն   English   Русский  

Արամ Մանուկյան.Նրանն է Հայաստանի Հանրապետության ստեղծման պատիվը


  
դիտումներ: 2848

Արամ Մանուկյանը, թերևս, նորագույն շրջանի հայ քաղաքական մտքի ամենակարկառուն ներկայացուցիչն է: Ասում են` չկա անփոխարինելի մարդիկ:

Բայց եթե մտովի փորձում են ք պատկերացնել ժամանակի ռազմաքաղաքական ներկապնակն առանց Արամ Մանուկյանի, իսկապես վակուումային իրավիճակ է ստացվում: Նա եզակի գործիչ էր, միակը, որ կարողացավ ձեռնոց նետել իշխող քաոսին և այդ քաոսի միջից հաղթանակ խլել ու ազգային պետականություն կերտել:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թ. Սյունիքի Զեյվա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղում, ապա տեղափոխվել Շուշի, ուր բնակվում և աշխատում էր նրա ավագ եղբայրը: Այստեղ նա ավարտում է ծխական ուսումնարանն ու ընդունվում Շուշիի թեմական դպրոցը, որ այդ տարիներին համայն Կովկասի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից էր:

Տակավին պատանի` Արամն ընկնում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գաղափարական ազդեցության տակ և ակտիվ քարոզչություն վարում դպրոցում: Շուտով բանը հասնում է նաև բացահայտ ցույցի, որի հետևանքով Արամը հեռացվում է դպրոցից: Դրանից հետո նա ստիպված էր տեղափոխվել Երևան, ուր ընդունվում և ավարտում է Երևանի թեմական դպրոցը: Բայց Արամի համար կյանքի իսկական դպրոցը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր և հայոց ազատագրական պայքարը, որի մեջ նետվեց ողջ էությամբ ու կրքով:

Կուսակցության առաջադրանքով նա այցելում է Կովկասի տարբեր քաղաքներ, զբաղվում կուսակցական-քաղաքական գործունեությամբ: Արամ Մանուկյանի կազմակերպչական տաղանդը բացահայտվեց հատկապես Կարսում, որն իսկական հնոց էր հայ հեղափոխականների համար: ՀՅԴ Կարսի կոմիտեն էր հենց զբաղվում հայ հեղափոխականների պատրաստմամբ, զինմամբ և Երկիր գործուղմամբ: Նաև Արամի ջանքերով Կարսում ՀՅԴ ամրակուռ կառույց էր ստեղծվել` սեփական զինված ուժերով, դատարանով, վարչական կառույցներով: Սա, փաստորեն, պետություն էր պետության մեջ: Շուտով Արամ Մանուկյանը տեղափոխվում է Վան, ուր դարձյալ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Արամն այստեղ բեղմնավոր աշխատանք է տանում` Վանը դարձնելով, փաստորեն, Արևմտյան Հայաստանի քաղաքական կենտրոնը:

Շուտով նա ՀՅԴ հանձնարարությամբ մեկնում է արտասահման, գործում է Ժնևում, իսկ 1910 թ. դարձյալ վերադառնում է Վան, ուր նրան ծանր, օրհասական պայքար էր սպասում: Պայքար, որից նա հաղթանակած ու փառքով դուրս եկավ:

Արամը նպատակասլաց էր ու հետևողական: Նա հայ քաղաքական գործիչների մեջ առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա: Նրա էության մեջ տեղ չուներ քաղաքական ռոմանտիզմը: Արամի պայքարը իրատեսական էր ու նպատակային:

1908 թ.` Թուրքիայում երիտթուրքական հեղափոխությունից հետո, Արամ Մանուկյանը փորձեց օգտվել առիթից և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել: Սակայն երբ հեղափոխությանը հաջորդեցին Ադանայի ջարդերը, նա առաջիններից էր հայ քաղաքական գործիչներից, որ սթափության կոչ արեց կուսակիցներին և, կարելի է ասել, հստակ նախանշեց արևմտահայության հետագա քաղաքական կուրսը: Ավաղ, Արամն իր համոզմունքներով գրեթե միայնակ էր:

1914 թ., երբ սկսվեց պատերազմը, Արամը Վանում տենդագին պատրաստություններ տեսավ: Նա զինում էր բնակչությանը, զենքի, զինամթերքի պաշար էր կուտակում, կազմակերպում էր նաև Վասպուրականի գյուղաբնակ հայությանը, ամենուր խմբեր էր պատրաստում:

Միաժամանակ նա հմուտ դիվանագետ էր և թուրքական իշխանությունների հետ շարունակ բանակցությունների մեջ էր` ձգտելով հեռացնել օրհասը հայությունից: Շուտով, սակայն, Վռամյանի ու Իշխանի ձերբակալությունից ու սպանությունից հետո, երբ այլևս պարզ էին թուրքական իշխանությունների մտադրությունները, Արամի հրահանգով Վան-Վասպուրականը ապստամբության դրոշ բարձրացրեց:

Առաջ անցնելով` նշենք, որ Վանի հերոսամարտը Արևմտյան Հայաստանում առաջին և, ավաղ, միակ հաղթական կռիվն էր թուրքական յաթաղանի դեմ:

Նա Վանում զինվորական խորհուրդ ստեղծեց, որում կենտրոնացրեց նաև քաղաքի վարչական իշխանությունը: Ողջ ազգաբնակչությանը համախմբեց, բաժանեց խմբերի, քաղաքը մասնատեց պաշտպանական շրջանների: Արամի զինվորական ու կազմակերպչական տաղանդն իր արդյունքը տվեց: Վանը հաղթեց: Հայ կամավորների ու ռուսական բանակի քաղաք մտնելուց հետո Արամը ձեռնամուխ եղավ տեղում քաղաքացիական իշխանության մարմինների ձևավորմանը: Նա ցանկանում էր Վասպուրականում անկախ հայկական պետություն ստեղծել և հետևողականորեն կյանքի էր կոչում իր ծրագրերը` շատ անգամ հակադրվելով նաև ռուսական հրամանատարությանը: Ուստի նա անցանկալի անձ էր ռուսական հրամանատարության համար, որոնք փորձում էին կյանքի կոչել իրենց հայադավ ծրագիրը` Վանի հայաթափումը: Սակայն, ցավոք, Վանի նահանջը և հայաթափումը կանխելը Արամի ուժերից վեր էր:

Արևմտյան Հայաստանի հայաթափումը հայ քաղաքական ուժերին ստիպեց ողջ ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան Հայաստանի, մասնավորապես` Երևանի նահանգի վրա: Իսկ այստեղ դրությունը ծայրահեղ լարված էր: Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը հիմնականում կենտրոնացած էին Երևանի նահանգում: Չէր բավարարում սնունդը, մոլեգնում էր համաճարակը: Երևանի նահանգում հաստատված թուրք-մահմեդական բնակչությունը խոչընդոտներ էր ստեղծում կյանքի բնականոնացման համար: Մանավանդ ռուսական հեղափոխությունից հետո, երբ երկրում կատարյալ քաոս հաստատվեց, Արարատյան երկրում իրադրությունն ավելի սրվեց:

Այդ պայմաններում Հայոց ազգային խորհուրդն Արամ Մանուկյանին գործուղեց Երևան` արտակարգ լիազորություններով: Արամն անմիջապես գործի անցավ: Որպես Արարատյան երկրի դիկտատոր` նա կտրուկ և արտակարգ քայլեր ձեռնարկեց երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով: Իր նախաձեռնող բնավորության, անկոտրում կամքի և շրջահայաց մտածելակերպի շնորհիվ Արամը մեծ հաջողությունների հասավ: Նրա առջև շատ խնդիրներ կային դրված, որոնցից առաջնայինը երկրում քաոսի վերացումն էր, ապա` իշխանության սահմանումը, զորահավաք կազմակերպելը, պարենավորումը…

Իր ծրագրերը կյանքի կոչելու համար Արամը միշտ անձնական օրինակ էր ցույց տալիս: Կենցաղում համեստ էր ու զուսպ, միշտ ոտքով էր գործի գնում, հաճախ էր երևում ժողովրդական միջոցառումներում: Մարդամոտ էր ու բարի: Բայց երբ գործը պահանջում էր, նաև դաժան էր ու անզիջում: Մանավանդ Սարդարապատի ճակատամարտին նախորդած օրհասական օրերին նա բանակում տիրող բարոյալքումն ու դասալքությունը կասեցնելու համար մի քանի հրապարակային գնդակահարություններ իրականացրեց: Նրա գործողություններն, անշուշտ, արդարացված էին և տեղին: Այդ օրերին Արամի անբաժան ուղեկիցն ու օգնականը Երևանի քաղաքագլուխ Արտո Շահխաթունին էր:

Արամի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին, ինչ խոսք, Սարդարապատի հերոսամարտն էր: Երևանի մատույցներում, բաց դաշտում թուրքերի դեմ ճակատամարտ տալու վճռականությունը թվում էր ցնորական: Մինչ այդ պատմության մեջ չէր եղել նման գեթ մի դեպք, որ թուրքական կանոնավոր զորքերին հայկական բանակը միայնակ դիմակայեր, այն էլ` բաց դաշտում, հարթավայրում: Բայց Արամի վճռականությունն ու կամքը հաղթեցին: Նա լավ էր գիտակցում, որ հայ ժողովուրդն այլ ելք չունի: Այլ ելք չունի հաղթական ճակատամարտից բացի: Ուշագրավ փաստ. Սարդարապատի օրերին ոչ ոքի շուրթերից չհնչեց «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Հայն այդ օրերին կռվի դաշտ դուրս եկավ միայն ու միայն հաղթելու և ապրելու նշանաբանով: Եվ հաղթեց: Հիրավի, Արամին է պատկանում Սարդարապատի առաջին դափնին: Նրանն է նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման պատիվը:

Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդը, հանդես գալով ողջ հայ ժողովրդի անունից, հռչակեց երկրի անկախությունը: Բայց այդ անկախությունը կերտողը Արամն ու նրա շրջապատի գործիչներն էին:

Նորանկախ Հայաստանի կառավարությունում Արամ Մանուկյանը զբաղեցրեց ներքին գործերի նախարարի համեստ պաշտոնը: Մի՞թե իսկապես դրան էր արժանի իսկական ժողովրդական հերոսն ու պետականության կերտողը: Բայց Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը երևի իր հաշիվներն ուներ այդ հարցում: Ինչևէ, մինչև կառավարության Թիֆլիսից Երևան գալը` Արամն արդեն կերտել էր հայոց պետականությունը: Ստեղծել էր պետական կառավարման մեքենա և բոլոր գործերն առաջ էր տանում:

Նա ոչ միայն հմուտ վարչարար ու զինվորական կազմակերպիչ էր, այլև հմուտ դիվանագետ: 1918 թ., երբ բանակցությունների նպատակով Թուրքիայից Երևան ժամանեց Խալիլ բեյը, կայարանում նրան դիմավորող Արամ Մանուկյանը գրկեց նրան և համբուրեց: Դա շատ խոսակցությունների ու բամբասանքների տեղիք տվեց, որոնց Արամը, իհարկե, չպատասխանեց: Հանուն պետականության, հանուն հայ ժողովրդի շահերի նա պատրաստ էր ամեն ինչի: Ցավոք, դա չկարողացան գնահատել նրա ժամանակակիցները:

Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ կենցաղով էր ապրում: Նրա նորակազմ ընտանիքը ոչնչով չէր տարբերվում հասարակ ժողովրդից: Նա անմռունչ կրում էր սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները: Հրաժարվել էր բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել էր նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում էր նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբենն իր հուշերում գրեց. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»: Նույնքան անշուք էր և Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն էին անում, նա պատասխանում էր` «Դատարկ բաներով մի մտահոգվեք»:

1919 թ. հունվարի 29-ին ժամը 15-00-ին հայ ժողովրդի մեծագույն զավակը, ազգային հերոսը մահացավ բծավոր տիֆից: Նրա հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի վերածվեց: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ մեծ մտավորական Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, արտասանեց հետևյալ ճառը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: