Հայերեն   English   Русский  

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են


  
դիտումներ: 565

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՔԿ-ից հայտնել էին, որ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: