Հայերեն   English   Русский  

Դժվար է ասել, թե բացի էմոցիաներից, ինչ կտա Աբխազիային և Հարավային Օսիային այս ճանաչումը. վրացագետ


  
դիտումներ: 2238

Սիրիան դարձավ աշխարհում 7-րդ երկիրը, որը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Սիրիայի կառավարությունը որոշում է ընդունել Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ երկրներ ճանաչելու մասին: Պաշտոնական Ցխինվալը և Սուխումն արդեն հայտարարել են Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Փոխարենը Վրաստանը պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ:

Աբխազիան և Հարավային Օսիան անկախանալու մասին հայտարարել էին 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Անցած տասը տարիների ընթացքում այս երկրների անկախությունը ճանաչել են Ռուսաստանի Դաշնությունը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, ինչպես նաև Տուվալուն և Վանուատուն, որոնք ավելի ուշ չեղարկել են իրենց որոշումը:

Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբիան, շնորհակալություն հայտնելով Ասադի կառավարությանը, հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իրենց անկախության ճանաչման 10-ամյակի նախաշեմին ճանաչումը Սիրիայի կողմից նշանակալի իրադարձություն է:

Իսկ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբլովը տեղի ունեցածը պատմական իրադարձություն է որակել՝ երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատումն օգտակար համարելով երկու ժողովուրդների համար էլ: «Նոր բարեկամներ բոլորին են պետք, մանավանդ այն երկրներին, որոնք հայտնվել են ծանր պայմաններում, հակազդում են ռազմական ագրեսիային և ահաբեկիչներին»,- ասել է նա:

Պաշտոնական Թբիլիսիի արձագանքը

«Ճանաչելով Վրաստանի երկու պատմական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը` Ասադի ռեժիմը միջազգային օրենքների ևս մեկ կոպիտ խախտում է կատարել: Միջազգային համայնքը պարտավոր է դատապարտել այդ փաստը», - գրել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն թվիթերի իր էջում:

Վրացի պաշտոնյաները վստահ են, որ Սիրիայի կողմից ինքնահռչակ երկու պետությունների ճանաչումը Ռուսաստանի նախաձեռնությունն է: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիյը հայտարարել է, որ Ասադի վարչակարգը բացարձակ կախվածություն ունի Ռուսաստանից, ինչով և պայմանավորված է նման որոշումը:

Նա վստահություն է հայտնել, որ Սիրիայում ոչ միայն Բաշար Ասադը, այլև նրա վարչակարգի ներկայացուցիչները ծանոթ չեն թե՛ կոնֆլիկտի պատմությանը, թե՛ ընթացիկ իրավիճակին: «Դա ամբողջությամբ ռուսական նախաձեռնություն է: Մենք դա անգամ չենք կարող բնորոշել որպես ճնշում, քանի որ որոշումն ընդունել է մի մարդ, որն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից»,- ասել է նա:

Տեղի ունեցածը՝ Հայաստանի տեսանկյունից

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ ինքնահռչակ երկու հանրապետությունների ճանաչման հանգամանքը տեղին չէ համեմատել Արցախի հետ: Նա շեշտում է, որ Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած ունենք Արցախի խնդիրը:

Ջոնի Մելիքյան

«Իմ կարծիքով՝ տեսնելով Կոսովոյի պատմությունը՝ կարելի է ասել, որ տարբեր կոնֆլիկտներ տարբեր լուծումներ ունեն և իրար վրա անգամ չեն ազդում: Մի երկիրը մի երկրի նկատմամբ կարող է մի մոտեցում ցուցաբերել, մեկ այլ երկրի նկատմամբ՝ բոլորովին այլ՝ պայմանավորված իրավիճակով»,- ասում է նա:

Անդրադառնալով Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման հետևանքներին՝ Մելիքյանը նշում է, որ հիմնական հետևանքը թերևս կլինի Սիրիայի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների չեղարկումը:

«Այսօրվա դրությամբ միջազգային իրավունքն այնպիսին չէ, ինչպիսին էր նախկինում և հաճախ անտեսվում է այս կամ այն երկրի կողմից: Այս ճանաչումը զուտ փչացնում է երկու երկրների հարաբերությունները»,- ասում է վրացագետը: Նա շեշտում է, որ եթե այս ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչեր որևէ եվրոպական երկիր, այդ ճանաչումը լուրջ արդյունք կունենար: Մինչդեռ այս պարագայում կարող է դիտարկվել որպես ազդակ, որ այս երկրներն իրենց անկախության ճանաչման ուղղությամբ աշխատելու մեծ հնարավորություն չունեն, ուստի Սիրիայի կամ նման վիճակում հայտնված երկրների հետ են աշխատում:

Հարցին, թե ինչու էր պետք երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը հենց հիմա, Մելիքյանը պատասխանում է, որ Ռուսաստանի կողմից այդ երկրների անկախության ճանաչման 10-ամյակի առթիվ ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելու կարիք կար: «Ինչ-որ մի երկիր ևս պետք է ճանաչեր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և այդ երկիրը դարձավ Սիրիան»,- ասում է նա:

«Եթե սիրիական ճգնաժամն ի վերջո ավարտվի, և Ասադի կառավարությունը լիարժեք վերահսկի երկրի տարածքը, այդ ժամանակ այս երկու երկրները կարող են փորձել հասկանալ, թե ինչ կարող են ստանալ ճանաչման կապիտալիզացիայից: Իսկ այժմ դժվար է ասել, թե ինչ կտա Աբխազիային և Հարավային Օսիային այս ճանաչումը բացի էմոցիաներից»,- ասում է նա:

Անդրադառնալով ճանաչման պատճառներին՝ Մելիքյանը շեշտում է, որ Սիրիայի՝ նման քայլին դիմելու պատճառներն էլ մի քանիսն են: Նախ՝ առկա է ռուսական գործոնը: Բացի այդ, Սիրիան, ունենալով լուրջ ներքին խնդիրներ, չի կարող կենտրոնանալ արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների վրա: Ինչպես նաև դեր է ունեցել այն հանգամանքը, որ Վրաստանը վերջին տարիներին իր հռետորաբանությամբ սատարել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: