Հայերեն   English   Русский  

​Կարևոր է ոչ թե ուսման տևողությունը, այլ բովանդակությունը


  
դիտումներ: 5645

Որքանո՞վ է արդյունավետ 12-ամյա կրթական համակարգը, իրականացվե՞լ են արդյոք նպատակները, որոնք ընկած էին 12-ամյա կրթության անցնելու հիմքում: Վերջապես կարող ենք արդեն քննարկել ու հասկանալ դպրոցական կրթությանը վերաբերող այս և մի շարք այլ հարցերի պատասխանները, քանի որ ունենք արդեն 12-ամյա կրթական համակարգի շրջանավարտներ: Օրեր առաջ դպրոցն ավարտեց 9600 աշակերտ, որոնք դպրոցական ատեստատ ստանալու համար ուսանել են 12 տարի:

Ժամանակին, երբ 12-ամյա կրթական համակարգը նոր էր ներդրվում, այն ժամանակվա ԿԳ նախարար արմեն Աշոտյանը հաճախ էր ասում, որ համակարգի արդյունավետությունը գնահատելու համար պետք է սպասել, մինչև կունենանք 12 տարի դպրոցում սովորած առաջին շրջանավարտներին: 2018-ը այդ պատմական տարին է:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ 12-ամյա կրթական համակարգն իրեն չի արդարացրել: «Կան շատ դժգոհություններ, որ 11-12-րդ դասարանների ծրագիրը լի է կրկնություններով, նոր բան չի տալիս, ձանձրալի է, դասերի անցկացման ձևերը այսօրվա երեխաների համար գրավիչ չեն և այլն»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ներկայումս հնչող գնահատականներն ավելի շատ կրթական գործընթացին են վերաբերում, իսկ ավելի խորքային գնահատականի համար պետք է մի քիչ էլ սպասել, տեսնել, թե այս տարվա շրջանավարտներն ինչպես կհանձնեն ավարտական և բուհական ընդունելության քննությունները, ինչպես կսովորեն բուհում:

Խաչատրյանը հիշեցնում է, որ ժամանակին 10-ամյա կրթական համակարգից անցում կատարվեց 12-ամյա կրթական համակարգի, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան նույն նյութն ուսանել ավելի հանգիստ տեմպերով և ավելի երկար ժամանակում: «Բայց այնքան նոր նյութ ու առարկաներ ավելացվեցին, որ ավելի ծանրաբեռնվեց: Երեխան չզգաց, որ ավելի խորն ու հանգիստ է ուսումնասիրում նյութը,- ասում է Խաչատրյանը և հավելում:- Անհրաժեշտ է, որ բոլոր առարկաների մասնագետները կողք կողքի նստեն, քննարկեն և փորձեն համատեղ լուծում գտնել առկա խնդիրներին»:

Սերոբ Խաչատրյան

Խաչատրյանը շեշտում է, որ ներկայիս դպրոցական կրթական համակարգը նաև ճկուն չէ, հաշվի չի առնում միջազգային կամ օտարերկրյա բուհեր դիմող շրջանավարտների կարիքները: «Օրինակ՝ Ամերիկյան համալսարան դիմող երեխան 11-րդ դասարանի վերջում կարող է ընդունվել: Եվ հարց է առաջանում, եթե երեխան 11-րդ դասարանի վերջում իմանում է, որ ընդունվել է, ինչին է պետք 12-րդ դասարանում դպրոց գալը: Այսինքն՝ ճկունության խնդիր կա»,- ասում է նա:

Անդրադառնալով բարեփոխումների անհրաժեշտությանը՝ Խաչատրյանը նշում է, որ պետք է կամընտրական առարկաներ ավելացնել, որոնք կլինեն ոչ ակադեմիական: «Երեխային, որը միջին դպրոցում չի հասկացել դասավանդվող քիմիան, ֆիզիկան կամ մաթեմատիկան, ավարտական դասարաններում շարունակում են նույնը դասավանդել: Բայց ի՞նչ իմաստ ունի դա: Երեխան իր նախասիրություններին համապատասխան կրթություն պետք է ստանա դպրոցում, օրինակ՝ կարող է ավտոգործ կամ ինչ-որ արհեստներ ուսանել»,- ասում է Խաչատրյանը և շեշտում, որ գյուղական բնակավայրերում երեխաները սովորաբար միջին մասնագիտական ուսումնական հաստատություն գնալու հնարավորություն չունեն և ստիպված են կրթությունը դպրոցի ավագ դասարաններում շարունակել:

Հարցին, թե արդյոք խնդրի լուծում կլինի՞ 10-ամյա կրթական համակարգին վերադառնալը, Խաչատրյանը ժխտական է պատասխանում: «Ներկայումս աշխարհում որևէ նորմալ երկիր 10-ամյա կրթություն չունի: Ինչո՞ւ պետք է առանձնանանք վատ առումով: Կողմնակից եմ, որ պահենք 12-ամյա կրթությունը և ավելի լավը դարձնենք: Եկեք բոլորս նստենք և քննարկենք, թե ինչպես ավելի լավը դարձնենք, ինչ անենք»,- ասում է կրթության փորձագետը:

12-ամյա կրթական համակարգի մասին տեսակետ լսելու համար «Անկախը» նաև ավագ դպրոցի ներկայացուցիչների դիմեց: Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանի կարծիքով՝ այս տարվա շրջանավարտներն առանձնապես չէին տարբերվում նախորդ տարիների շրջանավարտներից:

«Ստացվել է այնպես, որ 12-ամյա կրթության բովանդակության խնդիր ունենք: Եթե երեխան 12-ամյա կրթությունից հետո դեպի բուհ է գնում միջնորդավորված եղանակով՝ ընդունելության քննությունների միջոցով, ապա ոչինչ փոխվել չի կարող»,- ասում է նա:

Ավետիսյանի խոսքով՝ թեև ձևավորվեցին առանձնացված ավագ դպրոցներ, սակայն բովանդակությամբ՝ ավագ դպրոցի առջև դրված պահանջներով ու խնդիրներով, վերահսկողության մեխանիզմներով, դրանք չտարբերվեցին նախորդ համակարգից:

«Մենք ունենք դպրոց, որտեղ երեխան գալիս է միայն ատեստատ ստանալու համար, իսկ բովանդակային մասը լրացնում է կրկնուսույցի միջոցով: Այս խնդիրը չլուծվեց, որովհետև չլուծվեց ավագ դպրոցների ֆինանսավորման խնդիրը, դասարանների խտությունը չբեռնաթափվեց և արանքում մնաց ընդունելության քննություն կոչվածը»,- ասում է Ավետիսյանը:

«Ներկայումս ավագ դպրոցն այդպիսին է կոչվում միայն կոչվելու համար: Ավագ դպրոցն իրականում որևէ ավագություն չունի ո՛չ ներկայացված պահանջներով, ո՛չ պարտականություններով, ո՛չ հնարավորություններով: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է ավագ դպրոցը ծառայել իր նպատակին»,- ասում է նա:

Ավետիսյանը նաև մատնանշում է, որ ճիշտ է, դպրոցական ծրագիրը բեռնաթափվել է, սակայն այդպես էլ չի լուծվել դասարանների խտության խնդիրը, շարունակում են տարբեր մնալ նաև դպրոցում նյութի մատուցման մեխանիզմները և բուհի դիմորդին ներկայացվող պահանջները: «Այս պարագայում, իհարկե, դժգոհություն կլինի, քանի որ համապատասխանեցման խնդիր ունենք»,- ասում է նա:

Հարցին, թե ինչպես կարելի է 12-ամյա կրթական համակարգն առավել արդյունավետ դարձնել, Ավետիսյանը նշում է, որ մինչ այս առաջարկված ծրագրերից ամենաարդյունավետը համարում է Արարատյան բակալավրիատը: Ծրագրով ոչ միայն նախատեսվում է լուծել ֆինանսավորման, բովանդակային ու մատուցման մոտեցումների խնդիրը, այլև ավագ դպրոցից ըստ չափանիշների պահանջելու մեխանիզմներ են սահմանվում:

«Ինձ համար միևնույն է՝ դպրոցը 10, 11, թե 12-ամյա կլինի: Կարևորը բովանդակության խնդիրը լուծելն է»,- ասում է Ավետիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: