Հայերեն   English   Русский  

​«Իմ բոլոր գրքերի առանցքում պետությունն է». Վիոլետա Մնացականյան


  
դիտումներ: 5550

«Իմ նպատակն է ճշմարտությունը թողնել ճշմարիտ մարդկանց դատին»,- ասում է բանասեր, երկարամյա մանկավարժ և 14 գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանը: Նա հավելում է, որ գրքեր գրելիս որևէ մեկից գնահատանք ու աջակցություն չի ակնկալում, գիտակցում է, որ իր գործն ավելի շատ ուղղված է ապագա սերունդներին: 100 տարի հետո Հայաստանի երրորդ Հանրապետության անցուդարձի, վարքուբարքի մասին նաև իր գրքերով են պատկերացում կազմելու:

Վիոլետա Մնացականյանը մասնագիտությամբ բանասեր է, երկար տարիներ աշխատել է Ազգային գրադարանում, դասավանդել դպրոցում: Ասում է, որ իրենց երեք երեխաններին ամուսիններով դաստիարակել են իրենց օրինակով՝ հայրենիքին նվիրվածությունը ցույց տալով գործնականում: Վստահ է՝ դպրոցում դասավանդման տարիներին էլ աշակերտներին այնպիսի արժեքներով է դաստիարակել, որ նրանց թվում դասալիքներ լինել չեն կարող: Այժմ ապագա սերունդներին ինչ-որ արժեքներ փոխանցելու ժամանակն է:

Գրքեր սկսել է գրել 15 տարի առաջ: Պատմում է, որ 90-ականների վերջին Արցախում իրեն մի գիրք են ցույց տալիս ու հարցնում, թե ինչպես են մտավորականները նման կեղծարարություններ հանդուրժում: Գիրքը նվիրված է եղել ազատամարտիկներին, սակայն դրանում անդրադարձ է եղել նաև այնպիսի մարդկանց, որոնք պատերազմին չէին մասնակցել, բայց չգիտես թե ինչպես մեդալներ էին ստացել մասնակցության համար: Այդ միջադեպը առիթ է դառնում մտածելու, որ ինչ-որ մեկը պետք է վավերագրի ազգային-ազատագրական պայքարը, հայրենիքի իրական նվիրյալների գործունեությունը և վստահելի փաստեր թողնի հետագա սերունդներին:

Արդյունքում ծնվում են «Նժդեհապատում» խորագրով 4 գրքերը, ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Աննվաճ Հայաստանը», «Վավերագրական մատյանը», «Ոգու ամրոցը» և այլն:

«Իմ բոլոր գրքերի առանցքում պետությունն է»,- ասում է հեղինակը:

Տիկին Մնացականյանը հիշում է, որ դեռ դպրոցում դասավանդելու տարիներին դասալսում է իրականացնում մի դասարանում, որի դասասենյակը Նժդեհի անունն էր կրում: Հիացած երեխաների գիտելիքներով ու հայրենասիրությամբ՝ նրանց թեմատիկ շարադրություն է հանձնարարում: Հետագայում այդ շարադրություններն ամփոփում ու հրատարակում է փոքրիկ գրքույկով՝ սկիզբ դնելով «Նժդեհապատում» խորագրով քառահատորյակին: Ասում է, որ այդ աշակերտներից յուրաքանչյուրում դրսևորվել էր Նժդեհի ոգին: Իսկ հետագա հատորներում նա անդրադառնում է մերօրյա հերոսներին, հայրենիքի նվիրյալներին, որոնք նույնպես «Նժդեհի ոգու և գաղափարախոսության կրողն են»:

Երբ 2016-ին տեղի է ունենում քառօրյա պատերազմը, Մնացականյանը կիսատ է թողնում ընթացիկ գրքի վրա աշխատանքները և սկսում է այդ թեմայով նյութեր հավաքել: Ասում է, որ զգում էր՝ դրա կարիքը կա: 2017-ին լույս է տեսնում նրա ծավալուն աշխատությունը, որում ներկայացված են պատերազմում սխրանքներ գործած զինծառայողները, նրանց կերպարներն ամբողջացնող դրվագներ, ինչպես նաև այդ իրադարձությունների վերաբերյալ ականատեսների ու հասարակության կարկառուն ներկայացուցիչների ընկալումներն ու մեկնաբանությունները:

Տիկին Վիոլետան պատմում է, որ գրքերը հրատարակում է իր ուժերով, ֆինանսական մեծ դժվարություններով, պարտքերով ու վարկերով: Եվ երբ ընթերցողներից արձագանքներ է ստանում, երբ զանգում են ու իր հետ կիսվում իրենց հույզերով, հասկանում է, որ բոլոր զրկանքներն ու դժվարություններն արդարացված են:

«Երբեք որևէ մեկին չեմ դիմում գրքերիս հրատարակության հարցում ինձ նյութապես աջակցելու համար»,- ասում է նա՝ հավելելով, որ մերժումները ծանր է տանում: Հիշում է, որ մի անգամ դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով աջակցել քառօրյա պատերազմին նվիրված գրքի հրատարակության հարցում: Այնտեղ, սակայն, միայն դրվատանքի խոսքեր է լսել ու ափսոսանք, որ չեն կարող ֆինանսապես աջակցել իրեն միջոցների սղության պատճառով:

«Բավականին ծանր տարա: Բայց ոչ մեկից չեմ բողոքում: Ամեն գիրք հրատարակելուց հետո զգում եմ, որ մի կարևոր գործ եմ արել»,- ասում է նա:

Շուտով ընթերցողի դատին կհանձնվի Քարվաճառին նվիրված «Խորհրդաշատ ոլորաններ» գիրքը, որը գրելու միտքն առաջացել է, երբ զինծառայող որդու ընտանիքի հետ Քարվաճառում է հաստատվել:

Վիոլետա Մնացականյան

«Ինձ գերեց Դադիվանքը, որը ոչ մի ուժ ոչնչացնել չի կարողացել: Ու այդ տարածքներին ծանոթանալիս ակամայից հարց է առաջանում, թե ինչպես կարելի է քննարկել հայկական մշակույթով ներծծված տարածքների հանձնման կամ փոխանակման հարցը»,- ասում է նա:

Պատմում է, որ առավոտյան վաղ է արթնանում ու պատուհանից հետևում, թե ինչպես են հայրենիքի պաշտպանները լուսաբացին ծառայության մեկնում:

«Այնքան եմ նայել, որ ուրվագծից արդեն գիտեմ, թե ով ով է: Երբ հետամուտ եղա, պարզվեց, որ սովորական մարդիկ են, պարտքեր ունեն խանութում, հաճախ իրենց երեխաների ծնունդներին ներկա չեն լինում, որովհետև բոլորիս խաղաղությունն են ապահովում»,- ասում է նա:

Նշում է, որ Քարվաճառին նվիրված գրքում անդրադառնալու է տարածքի հոգևոր շնչին, Քարվաճառի ազատագրմանը, հանուն հայրենիքի այդ կտորի զոհված ազատամարտիկներին ու ներկայիս պաշտպաններին: Գիրքը հագեցած է լինելու նաև Քարվաճառի գեղատեսիլ վայրերի լուսանկարներով: «Վստահ եմ՝ գիրքը թերթող ամեն ոք կցանկանա Քարվաճառ այցելել՝ այդ ամենն անձամբ տեսնելու»,- ասում է նա:

Տիկին Վիոլետան ներկայումս նաև աշխատում է իր առաջին պատմավեպի վրա: Ասում է, որ դեռ դպրոցում դասավանդման տարիներին իր աշակերտներն իրեն հաճախ են հորդորել վեպեր կամ պատմվածքներ գրել՝ վստահություն հայտնելով, որ դրանք արժեքավոր և ուսուցանող կլինեն: Տարիների մտմտանքից հետո այժմ գաղափարը հասունացել է: Վեպի առանցքում Կարսից գաղթած հայերի սերունդներն են, Արցախյան պատերազմը, սերը և պատասխանատվությունը հայրենիքի և մարդու հանդեպ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: