Հայերեն   English   Русский  

​Արամ Ավագյան. «Ռինգն ինձ համար տան ու հարազատ միջավայրի պես վայր է դարձել»


  
դիտումներ: 3284

Մայիսի 19-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հերթական մենամարտն անցկացրեց հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Իսպանիայի Էլչե քաղաքում կայացած մենամարտն առանձնահատուկ էր նրանով, որ WBC International Silver տիտղոսի համար հայ մարզիկը պայքարեց մեքսիկացի Էմանուել Լոպեսի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում Արամ Ավագյանի անցկացրած 8-րդ մենամարտը նշանավորվեց հաղթանակով և տիտղոսի նվաճմամբ: Հայ մարզիկը հաղթեց մրցակցին 10 ռաունդ տևած մենամարտում:

«Անկախի» հետ զրույցում Արամ Ավագյանը պատմում է մենամարտից ստացած տպավորությունների, դեպի հաղթանակ տանող ճանապարհի, սպորտում դժվարությունները հաղթահարելու և հաջողության հասնելու մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի կապակցությամբ: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Ձեր հաղթանակը:

- Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մենամարտի պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ, մաքսիմալ ուժերով, ուստի և հաղթելու մեծ ցանկությամբ: Հակառակորդս` մեքսիկացի Էմանուել Լոպեսը, բավական փորձառու, ուժեղ և կամային որակներով օժտված բռնցքամարտիկ էր: Մենամարտս անցկացրի այնպես, ինչպես պլանավորել էի մարզչիս՝ Դավիթ Թորոսյանի հետ: Ճիշտ մշակած տակտիկայի և տեխնիկայի շնորհիվ մենամարտի առաջին ռաունդներում ստիպեցի մրցակցիս տարածության մեջ մնալ և օդի մեջ հարվածներ հասցնել: Այս կերպ կարողացա հունից հանել նրան և թելադրելով իմ բռնցքամարտը՝ հաղթել:

Իսպանիայում ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Անկեղծ ասած, այս մենամարտն ինձ համար տպավորիչ էր ու հիշարժան նաև հանդիսատեսի առումով: 7-րդ ռաունդից սկսած՝ երկրպագուները սկսեցին վանկարկել իմ անունը` աջակցելով ինձ և հավատալով իմ հաղթանակին: Նրանց ջերմ վերաբերմունքն ինձ իսկապես շատ ոգևորեց: Մրցահարթակում երկրպագուների, ընկերների ներկայությունը միշտ էլ լրացուցիչ խթան է հաղթելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրոմոտոր Արամ Դավթյանին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին և մարզիչ Դավիթ Թորոսյանին աջակցության համար: Նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք մաքսիմալ լավ պատրաստ լինենք յուրաքանչյուր մենամարտին: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ թիմին՝ Punch Boxing propotion-ին: Մենք առհասարակ այն անվանում ենք Punch Family: Երկրպագուների բարեմաղթանքները, ջերմ խոսքերը և աջակցությունն ինձ համար շատ կարևոր են։ Զգացված եմ, որ հաղթանակիս բերկրանքը վայելում են ինձ հետ միասին։ Հույս ունեմ, որ առաջիկայում էլ կշարունակեմ նրանց պարգևել անմոռանալի պահեր:

- Պրոֆեսիոնալ ռինգում 8-րդ մենամարտը նշանավորվեց նաև գոտու նվաճմամբ: WBC International Silver գոտին նվաճելուց հետո Դուք իրավունք ստացաք պայքարելու WBC աշխարհի չեմպիոնի գոտու համար:

- Նշեմ, որ յուրաքանչյուր հաղթանակ ինձ համար անչափ կարևոր է և պարտավորեցնող, քանի որ երկար ու ձիգ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ինձ համար ամենից դժվարը մենամարտին նախապատրաստվելու ժամանակահատվածն է և ոչ թե բուն մենամարտի փուլը, որն անհամեմատ ավելի հեշտ է: Նախապատրաստական շրջանում, մարզումների ընթացքում անդադար աշխատում եմ` կուտակելով մեծ էներգիա, որը և բաց եմ թողնում մենամարտի ժամանակ: Ռինգն ինձ համար տան ու հարազատ միջավայրի պես վայր է դարձել: Առահասարակ լարվածություն չեմ զգում, բայց միևնույն ժամանակ քաջ գիտակցում եմ գործիս լրջությունը: Դա ինձ ստիպում է ամեն վայրկյան ռինգում լինել կենտրոնացած, աչալուրջ, զգոն, մինչ կազդարարվի մենամարտի ավարտը:

Բոլոր հաղթանակներն էլ շատ եմ կարևորում, յուրաքանչյուր մենամարտ ու տարած հաղթանակ մեկ քայլ առաջ է, և այդ քայլն ինձ ավելի է մոտեցնում իմ նպատակին: Ամեն հաղթանակ իր գինն ու կարևորությունն ունի: Այս մենամարտը փոքր-ինչ տարբերվում էր մյուսներից, քանի որ կշեռքի նժարին դրված էր WBC International Silver վարկածով գոտին:

- Կարճ ժամանակահատվածում երկու մենամարտ անցկացրիք: Շատ չէ՞ ծանրաբեռնվածությունը: Ե՞րբ է կայանալու հաջորդ մենամարտը:

- Եթե մարզիչս և պրոմոտորները համարում են, որ կարող եմ մենամարտել, ապա ես դուրս եմ գալիս ռինգ: Հավանաբար հաջորդ մենամարտս կանցկացնեմ հուլիսին կամ օգոստոսին` համաձայնեցնելով պրոմոտոր Արամ Դավթյանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Այժմ քննարկումների փուլ է:

Արամ Ավագյան

Հաղթանակից հետո փոքր-ինչ կհանգստանամ և կվերսկսեմ մարզումներս: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չկա հանգիստ: Սա աշխատանք է, պետք է շարունակ մարզվել արդյունքի հասնելու և հաջողություն գրանցելու համար:

- Սպորտում հաջողության կարելի է հասնել հմուտ և փորձառու մարզչի շնորհիվ: Ձեր մարզչի` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մարզվել եք թե՛ սիրողական, թե՛ արդեն իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

- Իսկապես մարզչի դերն անչափ կարևոր է մարզիկի հաջողության հասնելու գործում: Պարոն Թորոսյանը լեգենդար բռնցքամարտիկ է, բարձրակարգ մասնագետ ու փորձառու մարզիչ: Կարծում եմ` նրան մարզիչ ասելը փոքր-ինչ սխալ է, քանի որ նա մեզ ոչ միայն բռնցքամարտելու արվեստն է սովորեցնում, այլև հոգեբանորեն է պատրաստում: Դավիթ Թրոսյանի հետ ռինգում ինձ զգում եմ անպարտելի: Նրա շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Դավիթ Թորոսյանի հետ վստահ եմ դուրս գալիս ռինգ` զգալով հանգստություն յուրաքանչյուր մենամարտի ժամանակ: Ունեմ ներքին հավատ և համոզմունք, որ մոտ ապագայում միասին կնվաճենք աշխարհն ու բազմաթիվ տիտղոսներ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: