Հայերեն   English   Русский  

Վալմար. արվեստ, որտեղ չկա վերջակետ ու սահման


  
դիտումներ: 4323

«Ժամանակի ընթացքում մնում են այն արվեստագետները, որոնք մեծ աշխարհում ստեղծել են իրենց աշխարհը, նկարչության մեջ դրել են իրենց եզակիությունը, իրենց անհատականությունը, իրենց ինքնատիպությունը»,- ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը։

Ինքնատիպություն։ Սկսած մարդուց և վերջացրած երկրով ու ժողովրդով՝ Վալմարին հետաքրքրում ու ոգեշնչում է նախևառաջ ինքնատիպությունը։ Նա համոզված է, որ թե՛ արվեստի մեջ, թե՛ կյանքում մարդ իր ուրույն հետքը պետք է թողնի, որպեսզի ամենամեծ դատավորը՝ ժամանակը, ճիշտ գնահատական դրոշմի դրա վրա։

Վալմար

Վոլոդյա Մարգարյան՝ Վալմար։ 70-ականների սկզբին, երբ երիտասարդ նկարիչը նոր էր ոտք դրել արվեստի բազմախորհուրդ ու բարդ աշխարհ, նրան արդեն նկատում էին։ Նա տաղանդավոր էր, աշխատասեր, նպատակասլաց։ Բայց ամենակարևոր խոսքը նրա համար նախևառաջ իր մեծ ուսուցչինն էր՝ Երվանդ Քոչարինը․ «Վալմարը տաղանդավոր նկարիչ է, որին շատ մեծ ապագա է սպասում, և ես համոզված եմ, որ նրան կտեսնեմ իբրև մեծ գործերի վարպետի»։

Քոչարի կանխատեսումն իր տաղանդավոր աշակերտի՝ Վալմարի ապագայի մասին իրականություն է դառնում։ Վալմարն իր ինքնատիպությամբ, իր աստվածաշնորհ ձիրքով, իր յուրօրինակ ոճով ոչ միայն հայ կերպարվեստի լավագույն ձեռագրերից մեկն է, այլև միջազգային հարթակում լավագույնների ցանկում լինելու հայտ է ներկայացրել։

Վալմարը հիշում է․ «Երբ հանդիպում էինք, Քոչարն ինձ ասում էր․ «Հիմա դու քո արածները չես հասկանա։ Կանցնեն տարիներ, հետո կհասկանաս, թե դու ինչ ես արել»։ Եվ իսկապես, արվեստագետի ամենամեծ դատավորը ժամանակն է»։

Քոչարի խորհուրդներն ու խոսքերը նրա ուղեկիցն են եղել միշտ։ Գրեթե ամեն անգամ աշխատանքն ավարտելուց հետո, երբ սկսում է այն վերլուծել, հիշում է իր ուսուցչի խորհուրդները, նրա մեկնաբանման ընթացքը։ «Բաներ կային, որ այն ժամանակ չէի հասկանում, հիմա ավելի լավ եմ ընկալում նրա ասածները։ Շատ բան եմ սովորել նրանից, շատ բան եմ հիշում։ Երիտասարդ էի, մշակույթի դաշտում չունեի հենման կետ, չունեի որևէ մեկին, որն ինձ կուղղորդեր, խորհուրդներ կտար։ Քոչարը միակն էր, որից ստանում էի այդ ուժը, հավատը, ներշնչանքը։ Նա ուսուցիչ էր բառիս իսկական իմաստով»։

Վալմար

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում ու թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Նրա բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավելի անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ու պատկերասրահներում: Այժմ էլ նա սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գործող պատկերասրահների հետ:

«Այն ազգը, որը չունի մշակույթ կամ մշակույթը թույլ է, իր ներաշխարհով մութ ազգ է։ Մշակույթն է բարձրացնում ազգը, մարդուն։ Արվեստը նաև զգացմունքների գիտություն է։ Եթե մարդու ներաշխարհի բջիջները քնած են, նա չի կարող բարի, ազնիվ լինել, չի կարող սիրել»,- համոզված է նկարիչը։

Վալմարի ստեղծագործությունը որոնումների ու բացահայտումների մի անվերջ շղթա է։ «Ես մի նոտայի վրա երբեք չեմ նվագում, անդադար պրպտում եմ։ Ամեն մարդ պիտի փորձի հասկանալ՝ ի վերուստ իրեն ինչ է տրված։ Պիտի պեղումներ կատարի իր ներսում հասկանալու համար՝ այնտեղ «ածուխ է», «նավթ», թե՞ «ոսկի»։ Շատերը չգիտեն, թե իրենց ինչ է տրված և պեղումներն արտաքին աշխարհում են կատարում՝ երբեմն իրենց չբավարարված կյանքի համար մեղավորներ փնտրելով ուրիշների մեջ»։

Վալմար

Նկարչի ստեղծագործական փուլերը ձևավորվում են իր ապրած կյանքով, արտաքին աշխարհից ստացած իմպուլսներով, հոգեվիճակներով։ «Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, սիրում ու հասկանում քեզ: Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն կամ ընդունեն, սիրեն ու հասկանան քեզ»:

Մտնելով Վալմարի ստեղծագործական աշխարհ՝ ամեն հաջորդ քայլափոխի ասես մի նոր, չբացահայտված դուռ ես բացում՝ անցնում ես հայրենի բնաշխարհով, որտեղ միտքդ ու հոգիդ ջերմանում են, խաղաղվում, հետո մտնում ես հայելային արտացոլանքներով նատյուրմորտների կախարդական աշխարհ՝ առաջին հայացքից սովորական, բայց արտասովոր ու խորը, առաջ գնալով՝ հանկարծ նկատում ես Վենետիկն իր անզուգական մատույցներով, ապա հայտնվում ես իսպանական ցլամարտի խենթ ու վայրի կրքերի մեջ․․․

Վալմար

Հոգևոր թեմաները նույնպես նրա ստեղծագործության մի ինքնատիպ դրսևորում են։ Ասում է՝ Աստված տեսանելի և շոշափելի չէ, դրա համար էլ իր ստեղծագործության մեջ առաջին հայացքից Աստծուն չես տեսնի, բայց երբ խորանաս կտավի շերտերի ու բովանդակության մեջ, անպայման կզգաս Աստծո լույսը, անգամ Հուդայի համբույրը։

Վալմարի գույները նույնպես յուրահատուկ են, խմբված, խոսուն։ «Գույների հարաբերությունները և հարաբերակցությունը տարիների և տարիքի հետ կապված զգացմունքներ են: Եթե յուրաքանչյուր նկարիչ անկեղծ է նախ ինքն իր հանդեպ, ապա նա իր նկարչական ներկապնակը սկսում է կապույտներով։ Կապույտը երազների, ռոմանտիկայի, երիտասարդության, առաջին սիրո գույնն է: Բնական զարգացում են ապրում հենց գույնով: Ինչքան մեծանում է մարդը, ինչքան հասունանում է, նրա արվեստում տեղ է գրավում կապտականաչը, կանաչադեղնավունը, ապա՝ ծիրանագույնը»,- իր գունային էվոլյուցիան այսպես է մեկնաբանում նկարիչը։

Վալմար

Վալմարը շատ երկրներում է եղել, շատերում տեղծագործել, ցուցադրել իր ստեղծագործությունը, բայց իր համար աշխարհի կենտրոնն իր արվեստանոցն է։ Դա միակ տեղն է, որտեղ լիարժեք ազատ է ու անկախ, չի վախենում սխալվելուց։ Իսկ էներգետիկ աղբյուրն իր երկիրն ու ժողովուրդն է։ «Ես պինդ կանգնած եմ իմ հողի վրա ու իմ էներգիան ստանում եմ իմ ժողովրդից, իմ հողից, իմ ջրից ու տարեկան մեկ անգամ հանդես եմ գալիս հաշվետվությամբ՝ ներկայացնելով այդ ընթացքում ունեցած իմ ապրումները, հոգեվիճակն ու ճանապարհը, որ դարձել են ստեղծագործություն»։

Մայիսի 4-30-ը այդ «հաշվետվության» գեղեցիկ օրեր էին Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ ներկայացվեցին նկարչի շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Սա նաև հոբելյանական ցուցահանդես էր՝ նվիրված նկարչի 70-ամյակին։

Վալմար

Վալմարի 800-ից ավելի աշխատանքներ այսօր գտնվում են արտերկրում՝ պետական ու մասնավոր հավաքածուներում։ Հայաստանում նույնպես դրանք սփռված են՝ սկսած Ազգային պատկերասրահից, Երևանի թանգարանից, Խաչատուր Աբովյանի թանգարանից, վերջացրած Ջերմուկով, Դիլիջանով, Վանաձորով և այլ քաղաքներով։

Նրա արվեստը բարձր է գնահատել ոչ միայն իր ուսուցիչը՝ Երվանդ Քոչարը, այլև հայ և օտարազգի անվանի այլ արվեստագետներ ու արվեստաբաններ՝ Ժանսեմ, Ռենե Պերես, Պետեր Գելբման, Գառզու և ուրիշներ։

Ուժեղ ու դինամիկ, տաղանդավոր ու համարձակ, խորհրդավոր ու առեղծվածային, խորն ու բարդ, գիտական ու հանճարեղ… Ահա թե ինչ բառերով են շատերը բնութագրել Վալմարի արվեստը։ Այս բառերի կողքին թերևս կարելի է ավելացնել նաև այլ մակդիրներ՝ անսպասելի, ոլորապտույտ, խորախորհուրդ, բազմաշերտ, մաքառող…

Վալմար

«Արվեստագետն իրավունք չունի միանալու համընդհանուր տրտունջներին․ նա առաջին հերթին ինքը պիտի մաքառման, տոկունության օրինակ ցույց տա և իր օրինակով, իր խոսքով, իր արվեստով պահպանի ժողովրդի ոգին, հույս, հավատ, համառություն ներշնչի նրան»,- ասում է Վալմարը։

Նկարչի ամբողջական գործունեությանը կարող եք ծանոթանաալ նրա պաշտոնական կայքի միջոցով:

Վալմար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: