Հայերեն   English   Русский  

​Որպեսզի գյուղացին ջուր ունենա


  
դիտումներ: 3534

Այս տարվա ձնածածկույթի բացակայության պատճառով գյուղաբնակները ոռոգման խնդիր ունեն: Սա դարձել է օրակարգային, ու որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, որ մինչ ոռոգման սեզոնը ջրամբարները կլցվեն, գյուղաբնակները չեն սփոփվում:

Պաշտոնական տվյալներով` այս տարվա փետրվար-մարտ ամսվա դրությամբ հանրապետության ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նկատմամբ պակաս է շուրջ 74.4 մլն խորանարդ մետրով:

Ի՞նչ աշխատանքներ են տարվում մինչ ոռոգման սեզոնը սակավաջրության խնդիրը մեղմելու համար: Այս հարցի շուրջ զրուցել ենք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, թեև սկսել են քայլեր իրականացվել այս խնդրի լուծման ուղղությամբ, գյուղացիների մտահոգությունները չեն պակասում: Ի՞նչ մեխանիզմով է ոռոգման խնդիրն ապահովվելու, ի՞նչ փուլում են աշխատանքները:

- Սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակներում նախատեսվում է մինչ ոռոգման շրջանի սկիզբը ձեռք բերել 20 շարժական պոմպ, շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները։

Շարժական պոմպերի ձեռքբերումը ոռոգման շրջանի սկզբում նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել ժամանակավոր ձևավորվող մակերևութային ջրահոսքերը, որոնք դուրս են գոյություն ունեցող ոռոգման համակարգերը սնող ավազաններից: Այդ պոմպերը նախատեսվում է տեղադրել նաև կոլեկտորադրենաժային ցանցի այն հատվածներում, որտեղ բացակայում են ստացիոնար պոմպակայանները:

Շուրջ 200 մլն դրամ կծախսվի շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Նշենք, որ ջրպետկոմը կանխատեսվող սակավաջրության մեղմման համար նախատեսում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքներում խորքային 38 նոր հորերի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ:

- Ի՞նչ փուլերով են աշխատանքներ տարվելու:

- Ի դեպ, առաջին փուլով իրականացվելու են 15 գյուղերում խորքային 23 նոր հորերի հորատման (այդ թվում` Սև ջրի ավազանը ջրալրող), նաև 14 հորերի վերականգնման աշխատանքներ: Եթե առաջին փուլի աշխատանքներն իրականություն դառնան, ապա նախնական հաշվարկներով հնարավոր կլինի բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը:

Առաջին փուլի աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 970 մլն դրամ, որից նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կծախսվի 35.46 մլն դրամ: Նշենք նաև, որ հատկացվող մոտ 70.5 մլն դրամից մյուս 35 մլն դրամը ծախսվելու է Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների նախագծա-նախահաշվային աշխատանքների համար:

Մեր հիմնական խնդիրը Ախուրյանի ջրամբարի ճնշման տակ գտնվող հողերն են, դրանք այն հատվածներ են, որոնցում որպես այլընտրանքային ոռոգման տարբերակ դիտարկվում են խորքային հորերը:

Արմավիրում շուրջ 400 խորքային հոր կա, որոնց մի մասը տարիներ շարունակ չի շահագործվել, և այժմ աշխատանքներ են տարվում դրանց վերականգնման ուղղությամբ: Այժմ այդ հատվածների ոռոգման ջրամատակարարումը վերականգնելու անհրաժեշտություն կա: Ուստի հները վերականգնում ենք, նոր հորատվող խորքային հորեր էլ ունենք: Ընդհանուր ծրագիրը բաժանվել է երկու փուլի: Վերջնական բանակցությունները հաղթող կազմակերպության հետ կավարտվեն, և հորատող մեքենաներն արդեն դաշտում կլինեն: Ինչ վերաբերում է շարժական պոմպակայաններին, ապա աշխատանքների իրականացման համար հաղթող ճանաչված ընկերությունն արդեն հայտնի է:

Դրանց շահագործումը լճակներից ու գետակների ջրատարներից ջուրն առանց կորուստների միանգամից համայնքներ մղելու հնարավորություն կտա:

- Ի՞նչ մակարդակում է ջրամբարների լցվածությունն այս պահին:

- Ջրամբարները առավելագույն մակարդակին են հասցվել, թեպետ ծավալներով զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Այս պահի դրությամբ ջրամբարների լցվածությունը 502 մլն խմ է: Կփորձենք խորքային հորերով և շարժական պոմպակայաններով լուծել ոռոգման խնդիրը: Պատրաստ ենք դիմելու բոլոր հնարավոր ծայրահեղ քայլերին, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի գերծախսերի, միայն թե կարողանանք ջուրը հասցնել գյուղացիներին՝ աշխատացնելով բոլոր հնարավոր խորքային հորերը:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: