Հայերեն   English   Русский  

Մայր բուհը ներքաղաքական պայքարի հարթակի չվերածել․ ԵՊՀ դասախոսի կոչը


  
դիտումներ: 2642

ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել Երևանի պետական համալսարանը ներքաղաքական պայքարի հարթակ չդարձնելու կոչով․

Երկու օր առաջ դիտեցի ԵՊՀ-ում ուսանողների բողոքի ակցիայի կադրերը, երբ նրանցից ոմանք արգելափակել էին ռեկտորի ելքը գիտական նիստերի դահլիճից, և ցավ ապրեցի:

Ուզում եմ մտորել բարձրաձայն:

Նախ՝ մի քիչ փիլիսոփայություն: Արդարության իրավական ըմբռնումը (արարքի, գործողության օրինաչափությունը, համապատասխանությունը օրենքին) երբեմն կարող է չհամապատասխանել արդարության հանրային ընկալմանը (հասարակական կարծիքի կողմից դրան հավանություն տալուն, դրականորեն գնահատելուն): Այդպես էր, օրինակ, «Մերժ՛իր Սերժին» շարժման օրերին, երբ երթևեկության արգելափակումը, պետական հիմնարկների շրջափակումը՝ որպես պայքարի, բողոքի ու քաղաքացիական անհնազանդության արտահայտման տարբերակներ, հասարակության զգալի հատվածի կողմից համարվում էին արդարացված:

Բայց միշտ չէ, որ այդպես է: Ավելին, իրականության մի համատեքստում հանրության կողմից արդարացված գործելաոճը մեկ այլ միջավայրում կարող է տարակուսանք, տհաճություն և հակադրվածություն առաջացնել: Համալսարանը փողոց չէ. պետք չէ փողոցի մեթոդները ներմուծել համալսարան, սիրելի՛ բարեկամներ: Համալսարանը ակադեմիական, գիտակրթական, բարձրագույն կրթություն իրականացնող հաստատություն է:

80-ականների վերջին՝ ազգային-ազատագրական զարթոնքի ամենաթեժ իրադարձությունների ժամանակ, ևս արգելափակվում էինք փողոցներ, պետական հաստատություններ: Իրականցվում էին հանրային ճնշումներ պետական այրերի նկատմամբ: Բուռն բանավեճեր էին ընթանում Համալսարանի պատերից ներս, ամբիոններում, ֆակուլտետներում, գիտխորհիդի և նիստերի մեծ դահլիճներում, գլխավոր մասնաշենքի առջև: Բայց հակադրության ամենաթեժ պահերին անգամ, դժվար էր պատկերացնել, որ ամնառադիկալ տրամադրություններ ունեցող ուսանողներն անգամ նստել-պառկելով արգելափակեին պրոֆեսորի, թեկուզև կոմունիստական կուսակցության անդամ ռեկտորի մուտքն իր աշխատասենյակ: Այդ ոճը համալսարանական-ակադեմիական միջավայրին անհարիր էր այն ժամանակ, անհարիր է նաև այժմ: Վստահ եմ՝ անհարիր է լինելու նաև հետո:

Այլապես, ռեկտորի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, նրա տեղաշարժվելու հնարավորությունն արգելափակելու միջոցներով հրաժարական պարտադրելուց հետո չպետք է զարմանալ, եթե որոշ ուսանողներ նույն մեթոդներով փորձեն կիսամակային քննություններ ստանալ, դրական միավորներ կորզել կուրսային-դիպլոմային աշխատանքների համար, պահանջել ամբիոնի վարիչի հրաժարականը, ատենախոսություններ պաշտպանել ... Ծիծաղելի է դառնում:

Բողոքի ակցիաներ իրականացնող ակտիվ ուսանողների մեջ կան բարձր, անգամ գերազանց առաջադիմություն ունեցող, սակայն տարիքի բերումով դեռևս կտրուկ քայլերի, ծայրահեղ գնահատականների հակված և ոչ այնքան հարուստ կենսափորձ ունեցող երիտասարդներ, որոնք հաճախ են բարձրաձայնում համալսարանական միջավայրում կոռուպցիոն երևույթների համատարած լինելու մասին: Այլ հարց է, որ կոնկրետ փաստերի դեպքում պետք չէ հապաղել և անհրաժեշտ է անմիջապես իրավապահ մարմիններին դիմել: Եվ դա ճիշտ կլինի:

Սակայն ակամա, չցանկանալով որևէ մեկին վիրավորել, ցանկանում ես հարցնել՝ իրենց ստուգման գրքույկներում գերազանց գնահատականները կոռուպցիոն միջոցներով ու զատուղի ճանապարներո՞վ են ստացել, ինչ է: Իրենք բացառի՞կ են, իսկ մյուս ուսանողներն ու դասախոսներն այդ աստիճանի վա՞տն են...

Ուզում եմ բարեկամաբար խորհուրդ տալ. այդ (երբեմն թշնամության հասնող) աստիճան մի՛ փնովեք ձեզ կրթություն տված-տվող հաստատությունը, մի՛ պղտորեք այն աբյուրը (չեմ ուզում ասել՝ մի թքեք դրա մեջ), որից ջուր եք խմում (կամ երբևէ խմել եք):

Ինչու՞ «Սասնա ծռերի» գործողությունները չունեցան այն հանրային արձագանքն ու աջակցությունը, ինչն ունեցավ «Մերժի՛ր Սերժին» շարժումը, թեև պահանջները, բացառությամբ արտաքին քաղաքական ասպեկտի որոշ դրվագների, հար և նման էին: Ոմանք կասեն՝ ժամանակներն էին տարբեր, 2016-ին հանրային դժգոհության ու հակակրանքի տրամադրությունները դեռևս այդ աստիճան չէին հասունացել, ինչ 2018-ին:

Ես կարծում եմ՝ ավելի կարևոր տարբերություն կա: Պայքարի ձևերն ու մեթոդներն էին տարբեր: (Այդ մասին հրապարակավ խոսելու առիթ ունեցել եմ դեռևս 2016թ. ամռանը (https://www.youtube.com/watch?v=LgiuLwqI0OU&feature=share)):

«Մերժի՛ր Սերժին» շարժումը զինված ապստամբություն չէր, բռնի գործողությունները մերժող, խաղաղ անհնազանդություն էր: Այստեղ է նրա մասայանակության, լայն խավերի մասնակցության ու համակրանքի գաղտնիքը:

Արհմիության, ուսխորհրդի գործողությունը կասեցնել, արգելել կարող է դատարանը, դրանք կարող են նաև ինքնալուծարվել: Կարող են զուգահեռաբար ստեղծվել նորերը: Իրավաչափ չէ միտինգներով, համալսարանի գիտխորհրդի դահլիճը «գրավելով», կամ ինչպես իմ կողմից հարգված ուսանողներն ասում են՝ «ազատագրելով» (կարծես թշնամու կողմից գրավյալ տարածքներ են ազատագրել) այդպիսի պահանջներ ներկայացնել:

Անշուշտ, կարելի է և պե՛տք է հարցեր բարձրացնել, քննադատել, հետամուտ լինել կուտակված հիմնախնդիրների լուծմանը իրավական ճանապարհներով:

Ոչ իրավաչափ մեթոդներով իրավական պետություն չենք կառուցի, ոչ ժողովրդավար մեթոդներով՝ ժողովրդավարություն: Համալսարանը քաղաքական պայքարի թատերաբեմի վերածելով՝ այն չենք ապաքաղաքականացնի:

Թեև չեմ կարծում, որ համալսարանը, նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմը տառապում են քաղաքականացվածությամբ ու կուսակցականացվածությամբ: Գոնե ես, որ շուրջ 30 տարի է՝ համասարանական լինելու պատիվն ունեմ, երբևէ չեմ զգացել քաղաքական-կուսակցական անհանդուրժողականության մթնոլորտ: Ընդհակառակը, Համալսարանին որպես կանոն բնորոշ է եղել հանդուրժողականության միջավայրը: Այնտեղ բոլոր ժամանակներում էլ դասավանդել են և դասավանդում են թե՛ իշխանամետ, թե՛ իշխանությունների հանդեպ լոյալ և թե՛ ընդդմադիր հայացքներ ունեցող մասնագետներ: Հատկանշական է նաև, որ ինչպես հին, այնպես էլ նորընծա իշխանավորներից շատերը՝ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ ու փոխնախարարներ, ԵՊՀ-ականներ են: Այդպես էլ պետք է լինի:

Գոհունակությամբ ընդունելով ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը թողնելու՝ երիտասարդ ցուցարարների քայլը, այդուհանդերձ հորդորում եմ Հայստանի Հանրապետության հպարտ քաղաքացի իմ սիրելի ուսանողներին՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից ու գաղափարներից՝ հետայսու ընտրել հիմնահարցեր բարձրաձայնելու և պայքարի առավել քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ-իրավական մեթոդներ:

Հուսով եմ՝ խնդրին ըմբռնումով կվերաբերվեն նաև քաղաքական կուսակցությունների առաջնորդները:

Կոչ եմ անում քաղաքական իշխանություններին, մասնավորապես Հանրապետության նախագահին, վարչապետին և կրթության նախարարին՝ որպես համալսարանականների, իրենց պաշտոնեական դիրքն ու հանրային հեղինակությունը գործի դնել ՝ Մայր բուհը ներքաղաքական պայքարի հարթակի չվերածելու համար:

Դիմում եմ գործընկերներիս, ուսանողներիս, ներկա և նախկին համալսարանականներին՝ ՄԻԱՆԱԼ ԿՈՉԻՍ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: