Հայերեն   English   Русский  

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներում կոռուպցիոն խնդիրներ կան. փոխվարչապետ


  
դիտումներ: 222

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման հարցին:

«Պարոն Ավինյան, դուք խոստացել էիք, որ հունիսի 1-ին կոնկրետ տեղեկատվություն կտաք, թե ինչ է կատարվում: Խոսքը շինարարության մի հատվածում չինական ընկերության հետ կապված պրոբլեմի մասին: Եթե կարելի է, ներկայացրեք, թե ինչ եք պարզել»,- ասաց վարչապետը:

«Խնդիրը բավականին խորն է, որքան մենք այս պահի դրությամբ կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն, առհասարակ, կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է. այնտեղ, ես կարծում եմ, որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, և պետք է ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ, որովհետև երկար տարիների պատմություն ունի, ոնց հասկանում եմ և մանրամասն հենց այդ կոռուպցիոն մասերով պետք է ուսումնասիրենք, և ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ պետք է խորանանք այդ խնդրի մեջ», - արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդ հարցում մաքսիմալ արագ լուծումներ տալ, քանի որ արդեն 2 տարուց ավելի է, որ այդ ճանապարհահատվածում խնդիրներ կան:

« Հյուսիս Հարավի կառուցումը պայմանավորում է Իրանի և Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նաև զբոսաշրջության զարգացմանն է խոչընդոտում: Պետք է արագ, բայց ոչ հապշտապ որոշումներ կայացնել, որպեսզի այդ հատվածում շինարարությունը վերականգնվի: Խոսքը Գյումրի-Լանջիկ հատվածին է վերաբերում», - ասաց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: