Հայերեն   English   Русский  

Հանրահայտ Ասղար Ֆարհադին կգլխավորի ​«Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրին


  
դիտումներ: 7547

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոբելյանական 15-րդ անգամ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ կարևոր է այս կարգի միջազգային փառատոնի առկայությունը Հայաստանում.««Ոսկե ծիրանի» շնորհիվ մայրաքաղաքը կդառնա ավելի ակտիվ ավելի կյանքով լի: Այն կինոյի նկատմամբ հետաքրքրություն, սեր է արթնացնում: Համոզված եմ, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, փորձելու են հնարավորինս շատ դիտումների մասնակցել»:

Կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ մարտահրավերներ, խնդիրներ են ունեցել, սակայն խուսափեց մատանշել դրանք՝ թողնելով դրանք առաջիկա մամուլի ասուլիսների օրակարգում:

Նա ընդգծեց՝ այս տարի ևս աշխարհռչակ դեմքեր կլինեն երևանյան կինոփառատոնի հյուրերի թվում. «Աշխարհի մեծագույն ռեժիսորներ՝ օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ են գալու Հայաստան։ Մեծագույն ռեժիսորներ, որ գիտեն՝ մեր հոբելյանն է, ցանկություն են հայտնել ներկա լինել մեր հոբելյանին։ Կարծում եմ՝ և ֆիլմերի ծրագիրը, և ժյուրին, ամեն փառատոնի հպարտանալու և պատմելու պատմություններ են»,- ասաց նա։

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի պատասխանատու Միքայել Ստամբոլցյանն ընդգծեց փառատոնի հաջողությունն ապահովում են երկու հիմնական հանգամանք՝ ծրագրերի մակարդակը և հրավիրված ժյուրին։

«Այս տարի շատ բարձր մակարդակի ժյուրի է հավաքվել: Խաղարկային ֆիլմերի ժյուրին գլխավորելու է Ասղար Ֆարհադին, նրա մի օսկարակիր ֆիլմը՝ «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», մինչև Օսկար ստանալը «Ոսկե ծիրան» է ստացել։ Այս տարի Կաննի փառատոնն էլ բացվեց այդ ֆիլմով։ Լարի Սմիթն է մեկ այլ կարևոր դեմք. մի շարք այլ անվանի ռեժիսորների հետ հուսով ենք նա էլ վարպետության դաս կանցկացնի»,- ասաց նա։

Հանձնաժողովի կազմում են նաև Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը։

Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը, ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը, Լիտվայից ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, Ֆրանսիայից կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: