Հայերեն   English   Русский  

Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. բնակիչները փողոց են փակել՝ ի նշան բողոքի. tert.am


  
դիտումներ: 1024

Երեկ Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Երեկ միջադեպ է գրանցվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև, սակայն վիճաբանության առիթը կենցաղային հարցեր են, հատուկ ջոկատայինները ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակեցին Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջում էին ձերբակալել հատուկ ջոկատայիններին: Ես ևս այնտեղ էի, քաղաքացիների հետ խոսեցինք, ոստիկանությունն առաջիկայում պարզաբանում կտա»,-ասաց Հայկ Խանումյանը՝ ավելացնելով, որ քննություն է տարվում դեպի առնչությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արցախի ոստիկանությունը դեպքի մասին հայտնում է.

«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»:

ՄԻՊ Ռուբեն Մելիքյան իր հերթին հայտնում է, որ այցելել է բռնության ենթարկվածներին. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:






Մեկնաբանություններ - 1

Gorge     02.06.2018 Առաջինը ---- Ժամանակն ա որ Արցախում էլ փոխվի իշխանությունը և ժողովրդական իշխանություն գա:
Երկրորդը ----- Էլ սուտի-մուտի ընտրություններ չանեք ու փողեր քամուն տաք; Ոնց որ Նիկոլը մարզպետներին փոխեց թող տենց էլ իրա վստահելի մարդուն նշանակի Արցախի ղեկավար ու պրծնի:
Երրորդը ---- վերջիվերջո հանեք Հայաստանի ու Արցախի սահմանագծում գտնվող էտ խայտառակ պոստերը որոնք նսեմացնում և ոտնահարում են մարդկային արժանապատվությունը:
ԴՈՒԽՈՎ
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: