Հայերեն   English   Русский  

Առանց «չեզոք կողմի ակտիվ միջամտության» կամ ինչու՞ է աղմկում Տեր-Պետրոսյանը


  
դիտումներ: 2236

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա», - գրում է Տեր-Պետրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ Արցախի ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «չեզոք կողմի ակտիվ միջամտություն»։ Որպես այդպիսի կողմ նա տեսնում է՝ «դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության» ղեկավարին։ Այսինքն, տվյալ դեպքում, Նիկոլ Փաշինյանին։ Ապա ՀՀ առաջին ղեկավարը հիշեցման կարգով նշում է, «որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը»։ Լավ հիշեցում էր, որին քիչ հետո կանդրադառնամ։ Այնուհետև Տեր-Պետրոսյանն ասում է, որ նույն խնդիրն այսօր լուծելու համար«իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով»։

Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել ընթերցողից՝ Տեր-Պետրոսյանի՝ առանց այն էլ փոքրիկ նյութից այսքան առատ մեջբերումներ անելու համար։ Դրանք անհրաժեշտ են՝ ցույց տալու համար, որ էքս-նախագահը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ իր ձգտումներում։ Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է, օրինակ, Սամվել Բաբայանը քաղաքական կայունություն բերել Արցախին։ Ճիշտ հակառակը՝ պարզից էլ պարզ է, որ աջակիցների որոշակի քանակ ունեցող և Արցախի իշխանություններին հակառակ ճամբարում գտնվող Բաբայանի ներկայությունն այնտեղ արդեն իսկ ապակայունություն է։ 2016 թվականի զարգացումները վկա։

Երկրորդ, 1993 թվականին Տեր-Պետրոսյանը Արցախ էր գնացել ոչ թե լարված իրավիճակ հարթելու, այլ Քարվաճառը Ադրբեջանին հանձնելու մասին՝ ԼՂՀ իշխանություններին որոշում պարտադրելու նպատակով։ Մինչ Ստեփանակերտ գնալը 1993թ. հունիսի 12-ին նման մի հանդիպում էլ նա Գորիսում է կազմակերպել։ Պաշտոնական Երևանի ճնշումը մեծ էր, ինչն էլ բերել էր ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամների հարաբերություններում լարվածության առաջացմանը։ Բայց Տեր-Պետրոսյանը մերժվեց, Քարվաճառը ոչ ոքի չհանցնվեց իսկ վերոնշյալ հանդիպման արձանագրությունը Գեղամ Բաղդասարյանի շնորհիվ 2009 թվականին դարձավ հանրության սեփականությունը։

Փաստորեն, նենգափոխելով Արցախ այցելելու իր նպատակը, Տեր-Պետրոսյանն այսօր փորձում է սրբագրել իր գործունեության նաև այդ էջը։ Եվ դա ներկայացվում է իբրև մտահոգություն։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գերագնահատում է Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցի նշանակությունը՝ փորձելով այն «զանգվածային» բառով բնութագրել։ 100 հոգանոց զանգվածային ցույց… թե ե՞րբ էին նրան նման բաները մտահոգել։

Ակնհայտ է, որ առաջին նախագահի մտահոգություններն ամենևին էլ Արցախի ներքաղաքական կայունությունը չեն։ Այս հարցում նրա գնահատականներն ու հորդորները ոչ թե հանդարտեցնող, այլ սադրիչ բնույթ ունեն։ Չնայած, չի կարելի նաև բացառել, որ Տեր-Պետրոսյանի հոդվածը կարող է և իսկապես սթափեցնել փողոց դուրս եկած արցախցիներին։ Եթե իհարկե նրանք հիշեն, թե ինչի համար էր 93թ.-ին ՀՀ առաջին նախագահը եկել Ստեփանակերտ։ Թերևս այդժամ Լևոն Տեր-Պետրոսյանի կեղծ մտահոգությունները կարող են իրական արդյունք տալ։ Իսկ թե չհիշեն էլ, կրկին հոգ չէ. Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն լուծում է տվել խնդրին։ Ի դեպ, առանց «չեզոք կողմի ակտիվ միջամտության»։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: