Հայերեն   English   Русский  

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին


  
դիտումներ: 3807

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։

Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ ընթացիկ հարցերի քննարկումն է և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը, մթերումների գործընթացի կազմակերպմանն ու արտահանումների խթանմանը։

Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախորդ տարի մեկնարկած ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ միաժամանակ առաջ քաշելով ընթացակարգերի պարզեցման հարցը։
Հանդիպման մասնակիցները շեշտադրել են հարկային օրենսդրության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես հումքի մթերման ընթացքում փաստաթղթավորման պահանջների վերաբերյալ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին գրավոր առաջարկ ներկայացնել նախարարություն՝ հստակ հիմնավորումներով, որը կքննարկվի շահագրգիռ գերատեսչությունների՝ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ, և անհրաժեշտության դեպքում կհրավիրվառանձին հանդիպում բոլոր կողմերի մասնակցությամբ։


Բարձրացվել են նաև բանջարեղենի տեղական սորտերի սերմերի արտադրության ծավալների ավելացման, հավասար մրցակցային դաշտի ապահովման, ինչպես նաև վարկավորման ընթացքում առաջացող մի շարք հարցեր։ Առաջարկ է հնչել նաև գյուղատնտեսական պորտալ ստեղծելու մասին, որը տեղեկատվության օպերատիվ փոխանակման հարթակ կհանդիսանա ֆերմերների և վերամշակողների համար՝ նպաստելով բերքի իրացման գործընթացի առավել արդյունավետ և թիրախային կազմակերպմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: