Հայերեն   English   Русский  

Խա՞նդ, թե՞ մտահոգություն. Վազգեն Մանուկյանը հակադարձում է Ավետիք Իշխանյանին


  
դիտումներ: 4563

- Պարոն Մանուկյան, Ավետիք Իշխանյանը մի հոդված է հրապարակել, որում, զուգահեռներ անցկացնելով 1988-1990 թթ և 2018թ իրադարձությունների միջև, նշում է, որ ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր հին սերունդը, մասնավորապես՝ 88-ի շարժման ղեկավարները, չեն հաշտվում սերնդափոխության հետ:

Դա ճի՞շտ է:

- Ընդհանրապես նման բացատրությունն այնպիսի բարդ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1988-ին և այս տարի, համարում եմ շատ վտանգավոր, որովհետև դա ի սկզբանե դուրս է մղում բոլոր օբյեկտիվ մտահոգությունները, փաստորեն այդ մտահոգությունները բացատրվում են միայն սերնդափոխությամբ, խանդով կամ անձնական շահերով:

1988 թվականին շարժումն առաջ բերեց մի խնդիր, որն ընդունելի էր ողջ ժողովրդի, այդ թվում և կոմունիստական նոմենկլատուրայի, մտավորականների համար: Դա Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Բայց դրանից հետո շարժումն առաջ բերեց երկու կարևոր գաղափար, որոնք հակասության մեջ մտան մինչ այդ եղած գաղափարախոսության հետ:

Առաջինն ազգային գաղափարախոսությունն էր: Գրվեց «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը, գրվեց «Գնացքից թռչելու ժամանակը», հանրահավաքում հայտարարվեց, որ «մենք չունենք մշտական բարեկամ և մշտական թշնամի», հռչակվեցին շարժման գաղափարական սկզբունքները, և այդ ամենը բուռն կերպով քննարկվեց հասարակության շրջանում: Դա նշանակում էր վերանայել ամբողջ ազգային քաղաքականությունը, որն իշխող էր եղել հայ հասարակության մեջ նախորդ երկու հարյուր տարվա ընթացքում: Եվ այն, որ մտավորականները չէին ընդունում դա, ոչ թե սերնդափոխությունից էր գալիս կամ այն հանգամանքից, որ իրենք ծախված էին, այլ շատ հստակ ձևակերպված միտք կար, որ Հայաստանն անկախ լինել չի կարող, որովհետև թուրքերը կոչնչացնեն Հայաստանը, մենք այս տարածաշրջանում առանց Ռուսաստանի ապրել չենք կարող, և մի օր Ռուսաստանը կվերցնի մեր հողերը ու կվերադարձնի մեզ: Այդ մտածողությունը շատ խորն էր արմատացած մեր մտավորականության մեջ, և բնական էր, որ մտավորականությունն ընդդիմացավ այն նոր գաղափարներին, որոնք առաջացան ազգային գաղափարախոսության մեջ:

Երկրորդ կարևորագույն սկզբունքը, որ հռչակեց շարժումը, նոր, լիբերալ պետության կառուցումն էր: Այստեղ մեծ հակասություն չկար մտավորականութան հետ, որովհետև դա նաև նրանց սրտով էր, բայց հակասություն կար կոմունիստական նոմենկլատուրայի հետ, որովհետև փաստորեն հարց էր դրված փոխել ամբողջ պետության կառուցվածքը, վերաբերմունքը մարդու իրավունքներին, ազատություններին, դրված էր ազատ տնտեսության, ազատ քաղաքական մրցակցության, բազմակուսակցական համակարգի հարցը և այլն: Եվ այս երկու հզոր գաղափարների դեմ կար մի շերտ, որը չէր ընդունում դրանք և չէր ընդունում ոչ թե ծախված լինելու կամ սերնդափոխության պատճառով, այլ որովհետև այդ գաղափարները նոր էին, դեռ մարսված չէին:

Նշեմ նաև, որ 1988 թ. շարժումը կոլեգիալ էր, կար Ղարաբաղ կոմիտե, կային Հայոց համազգային շարժման մարմիններ, և խնդիր չէր դրված վերցնել իշխանությունը, որպեսզի իրականացվեն շարժման գաղափարները: Մենք ճնշումներ էինք գործադրում իշխանությունների նկատմամբ, միաժամանակ գնում նրանց հետ երկխոսության: Իսկ շարժումը եկավ իշխանության հերթական ընտրությունների միջոցով:

Այս նոր շարժումը, փաստորեն, նոր գաղափար չառաջադրեց, սա վերադարձ էր 1988-ի շարժման գաղափարների մի մասին: Այս շարժման ժամանակ ասվեց, որ մենք դեմոկրատական պետություն ենք կառուցում, և այդ լիբերալ պետության մեջ պիտի լինեն արդար ընտրություններ, չպետք է լինի կոռուպցիա, պետք է բոլորը հավասար լինեն օրենքի առջև և այլն: Այսինքն՝ այն գաղափարները, որոնցից 88-ի շարժումից հետո անցած տարիների ընթացքում շեղվել էին, նոր շարժումը կրկին կյանքի կոչեց, և դա կարելի է միայն ողջունել: Այս տեսանկյունից 88-ի շարժման ղեկավարների և նոր շարժման գաղափարների միջև չկա և չի կարող հակասություն լինել, կարելի է վիճել մեթոդների շուրջ:

- Այնուամենայնիվ Դուք նշեցիք, որ այսօր կան օբյեկտիվ մտահոգություններ, որոնք չի կարելի բացատրել սերնդափոխությամբ, խանդով կամ անձնական շահերով: Որո՞նք են այդ մտահոգությունները:

- Ես կարող եմ խոսել իմ մտահոգությունների մասին: Առաջին մտահոգիչ զանգն ինձ համար Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո էր, երբ սկսվեց շարժման երկրորդ փուլը: Երկրորդ փուլում շատ գրագետ խնդիր էր դրված՝ կազմակերպել նոր խորհրդարանական ընտրություններ նոր ընտրական օրենքով: Շատ ճիշտ նշվեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ընտրությունների միջոցով: Բայց խնդրի իրագործումը գնաց հետևյալ սցենարով. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պիտի լինի վարչապետ: Ես ուղղակի զարմացա, որովհետև դա քաղաքական օպտիմալ և բնական լուծում չէր (մեկ այլ առիթով կքննարկենք հնարավոր այլ տարբերակները): Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պետք է լինի վարչապետ, և մեկ-երկու օր տատանումից հետո նրա շուրջ հավաքված ժողովուրդը, որոնց մեջ շատ կիրթ, զարգացած մարդիկ կային, զարմանալի ձևով հիպնոսացան այդ մտքով, չքննարկվեցին այլ տարբերակներ, և պետության ձևափոխման հարցը նույնացավ «Նիկոլ վարչապետ» բանաձևի հետ: Խոսքը Նիկոլ Փաշինյանի անձի մասին չէ: Բնական է, որ այդ շարժումից հետո ինչ ընտրություն էլ լիներ, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կունենար մեծամասնություն, և նա կդառնար վարչապետ: Խոսքն այն մասին է, որ այդ պահին Ազգային ժողովի լուծարման և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը փոխարինվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու հարցով: Եվ քանի որ անբնական էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժը քվեարկի ընդդիմադիր գործչի օգտին, հարց դրվեց մեծամասնությանը ջարդելու, մեծամասնությանը պարտադրելու, որ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Ժողովուրդը տարբեր խմբերով ու տարբեր միջոցներով սկսեց ճնշումներ գործադրել մեծամասնության պատգամավորների վրա: Բայց եթե մենք գնում ենք ազատ ընտրությունների, իսկ մեր առաջին քայլը լինում է այն, որ պարտադրենք պատգամավորին քվեարկել իր խղճին ու համոզմունքներին դեմ, ապա դա ավելի վատ է, քան ընտրություններում փող բաժանելը կամ սխալ հաշվելը: Դա իսկապես մտահոգիչ է:

Իշխանական մարմինների վրա կարելի է ճնշումներ գործադրել քաղաքական այս կամ այն որոշումը ձեռք բերելու նպատակով, այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը պահաջելով, բայց ոչ որոշակի անձի օգտին քվեարկելու նպատակ հետապնդելով:

Մտահոգիչ է նաև այն, որ ժողովուրդն այս շարժումից հետո ընկավ մի այնպիսի հիպնոսի մեջ, որ այս տարիներին ունեցած մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ ազատ խոսքն ու այլակարծության իրավունքը, կարծես վերացավ: Եթե մեկը փորձում է դեմ խոսել, որևէ քննադատական միտք արտահայտել, ժողովրդի մի հատված նրան համարում է թշնամի, դավաճան, և ամբողջ ֆեյսբուքով, մամուլով հարձակում է սկսվում այդ մարդու դեմ: Այս առումով մենք կարող ենք մեծ կորուստներ ունենալ:

Հաջորդ մտահոգությունը, որ չէի ցանկանա այժմ մանրամասնել, կապված է մեր ազգային կարևորագույն հարցի՝ Ղարաբաղի հարցի հետ: Մենք այս տարածաշրջանում գտնվում ենք շատ անկայուն հավասարակշռության մեջ, և ամեն մի կտրուկ շարժում, որոշակի հայտարարություններ, որոշակի նշանակումներ կարող են խախտել այդ հավասարակշռությունը:

Իհարկե, մենք պետք է ունենանք պետություն, որտեղ արդար ընտրություններ են, չկա կոռուպցիա, կաշառակերություն, բոլորը հավասար են օրենքի առաջ: Դա ցանկացած դեմոկրատական պետության հիմքն է:

Պետք է նաև լուրջ քննարկման ենթարկել, թե վերջնականորեն մենք ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, և ինչ ձևափոխումներ պետք է ունենա մեր պետությունը և քաղաքականությունը: Լիբերալ պետության մոդելը մնացել է դասագրքերում: Այժմ լուրջ ձևափոխությունների է ենթարկվում աշխարհը, և չպետք է ամբողջությամբ կրկնել դասագրքային մոդելները, այլ պետք է հասկանալ, թե ուր է գնում աշխարհը և ինչ պետք է անել: Միայն նշեմ, որ ինչպես եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, այնպես էլ այլ դեմոկրատական երկրներում համաչափությունները լիբերալիզմի, գլոբալիզմի և ազգային շահերի միջև փոփոխության են ենթարկվում:

Ինչ վերաբերում է այս շարժմանը, ապա ինչպես 88-ին, այնպես էլ հետո, տարիներ շարունակ լինելով ընդդիմության մեջ, մենք փորձել ենք իրագործել այն գաղափարները, որոնք հիմա բարձրացվում են: Հետագայում ես՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, փորձել եմ այդ գաղափարները ինչ-որ չափով իրականացնել՝ ազդելով իշխանությունների վրա: Հիմա իմ մտահոգությունն այն է, որ այդ գաղափարների իրականացման ընտրված ճանապարհը չբերի այդ արժեքների կորստին:

Մենք անկեղծորեն ուզում ենք, որ նոր կառավարությունը, նոր իշխանությունները հաջողության հասնեն, քանի որ այդ հաջողությունը բոլորինս է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: