Հայերեն   English   Русский  

​Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք․ Պաշտպան


  
դիտումներ: 504

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հունիսի 6-ին, մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի մեկնարկային ծրագրի միջոցառմանը։

Բացման խոսքի ժամանակ Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը մշտապես ստանում է ահազանգեր կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին:

«Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանիքում բռնությունն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն ինչպես բռնության ենթարկված կնոջ, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Ընտանիքում բռնության բազմաթիվ դեպքերում երեխաները դառնում են վեճի առարկա, ինչի արդյունքում խախտվում է վերջիններիս հոգեբանական վիճակը՝ ազդելով նրանց զարգացման վրա»,- ընդգծել է Պաշտպանը:

Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով զբաղվող իրավաբանների ու իրավապահ համակարգի աշխատակիցների համար նախատեսված ծրագրի բացման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԵրևանումԵվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Նա նշել է, որ աշխատակազմն ուշադրության ներքո է պահելու օրենքի կիրառության գործընթացը։

Միջոցառման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը՝ որպես Եվրոպայի խորհրդի «HELP» հեռահար ուսուցման դասընթացավար, «Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն» թեմայով դասընթացն արդյունավետ ավարտած քննիչներին, դատախազներին և փաստաբաններին հանձնել է ավարտական վկայականներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: