Հայերեն   English   Русский  

Կառավարության ծրագիրը՝ ցանկությունների մատյան


  
դիտումներ: 2782

Նորակազմ կառավարությունն իր ծրագիրն է ներկայացրել Ազգային ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում, այս անգամ ևս «Անկախն» անդրադառնում է կառավարության տեսլականին մի շարք ոլորտներում:

Ստորև կներկայացնենք, թե անցումային կառավարության ծրագրում ինչպես է արտահայտված կրթության, գիտության և մշակույթի ոլորտների առաջիկա ժամանակահատվածի տեսլականը:

Որպես ուշագրավ փաստ շեշտենք, որ այս ծրագրում սոցիալական ոլորտը վերնագրված է` «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»: Ընդհանրապես բառապաշարի առումով այս փաստաթուղթն արտասովոր է. կառավարության ծրագրում 11 անգամ օգտագործվում են «երջանիկ քաղաքացի» և «երջանկություն» բառերը, 8 անգամ էլ՝ «արժանապատիվ քաղաքացի» և «արժանապատվություն» բառերը: Համեմատության համար նշենք, որ նախորդ կառավարության ծրագրում «արժանապատիվ» բառն օգտագործվել էր 3 անգամ, որից երկուսը՝ «արժանապատիվ աշխատանք» ձևակերպմամբ: Իսկ ահա երջանիկ լինելու համար նախորդ կառավարությունը պարտավորվել էր համապատասխան միջավայր ստեղծել միայն երիտասարդների համար:

Շեշտենք նաև, որ երջանկությունն անչափելի կատեգորիա է. մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է էմոցիաներով:

Կրթություն

Կառավարության ծրագիրը բավականին հակիրճ է: Յուրաքանչյուր ոլորտում ամրագրված են մի քանի հիմնական սկզբունքներ կամ մտադրություններ՝ առանց իրագործման ժամկետների և եղանակների: Փաստորեն կառավարության ծրագիրը ցանկությունների մատյան է հիշեցնում:

Այսպես, կրթության ոլորտում կառավարությունը հռչակում է, որ փոփոխությունների արդյունքում կրթությունը հասանելի պետք է դառնա ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սոցիալական վիճակից և բնակության վայրից, ինչպես նաև պետք է դադարեցնել բուհերի և դպրոցների օգտագործումը քաղաքական-կուսակցական նպատակներով:

Կառավարությունն առաջնահերթ է համարում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը հանրապետության բոլոր համայնքներում, փոքր համակազմ ունեցող դպրոցներում կրթության կազմակերպման մոդելների ներդրումը, 12-ամյա կրթությանը նոր բովանդակության հաղորդումը և ավագ դպրոցի դերի վերարժևորումը: Ուշագրավ է, որ կարևորվում է միջին մասնագիտական կրթությունը՝ նախատեսելով «ներդնել աշխատաշուկայի կարիքների գնահատման և կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ»:

Կրթության ոլորտում կառավարության նպատակներն այսքանով ավարտվում են: Չնայած վերջին շրջանում ուսանողները մի շարք հանդիպումներ ունեցան, բարձրաձայնեցին իրենց խնդիրները, սակայն զարմանալիորեն բարձրագույն կրթության ոլորտին որևէ անդրադարձ չկա: Ինչպիսի՞ն է լինելու կառավարության քաղաքականությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպե՞ս են սինխրոնիզացնելու կրթական քաղաքականությունը և պետության ու աշխատաշուկայի կարիքները կամ համապատասխանեցնելու են արդյոք, պետությունը խրախուսելո՞ւ է մասնագիտական կրթական համակարգի միջազգայնացումը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան կառավարության ծրագրում: Խոսք չկա նաև ցկյանս ուսումնառության մասին:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության ծրագրին կրթության ոլորտում, նշում է. «Ավելին կուզենայի լիներ այս ծրագրում, ավելի կոնկրետ ձևակերպումներով լիներ, բայց միգուցե սա մոտեցում է, քանի որ մյուս ոլորտներն էլ շատ երկար ու մանրամասն չեն գրված» :

Փորձագետի խոսքով՝ ծրագիրը գրված է ժամանակավոր կառավարության տրամաբանությամբ: «Իրավիճակից բխող ծրագիր է գրված, բայց ես ավելին եմ սպասում, քան այս ծրագրում գրված է»,- ասում է նա:

Գիտություն

Գիտությանն անդրադարձն առավել աղքատիկ է, չնայած արձանագրված է այն, ինչի մասին առաջարկների տեսքով տարիներ շարունակ բարձրաձայնել են ոլորտի ներկայացուցիչները:

Կառավարությունն այս ոլորտին իր ծրագրում ընդամենը երկու դրույթ է հատկացրել: Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, միջոցներն ուղղել արդիական ու երկրի պահանջներից բխող ուղղություններին: Ինչպես նաև կառավարությունը նախատեսում է երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայազգի գիտնականներին:

«Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, տնտեսության մրցունակությանը և անվտանգությանը ամիջականորեն նպաստող համակարգ»,- ասված է ծրագրում:

Մշակույթ

«Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցությունը ապահովելուն, մշակութային միջոռացումների լայն քարոզչություն իրականացնելուն և դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հարաճուն հոսքին նպաստելուն»,- ասված է կառավարության ծրագրում։

Կառավարությունը խոստանում է քայլեր ձեռնարկել ստեղծագործական կարողությունների արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Կկարևորվի նաև մշակութային ծառայությունների հասանելիության ապահովումը մարզերում:

«Կառավարությունը նաև պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ․ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը և հարաբերությունների մակարդակը իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից»,- ասված է ծրագրում։

Նախորդ և ներկա կառավարությունների ծրագրերը

Նախորդ կառավարության ծրագիրը՝ մշակված 2017-2020 թվականների համար, առավել շոշափելի բնույթ ուներ նպատակների սահմանման տեսանկյունից: Այնտեղ ոչ միայն ժամկետներ էին սահմանված նպատակների իրականացման համար, այլ նաև փուլ առ փուլ ներկայացված էին ընդհանուր մեծ նպատակի ապահովմանը նպաստող քայլերի հաջորդականությունն ու իրագործման ժամանակացույցը:

Տարբերություններով հանդերձ՝ նոր կառավարության ծրագիրը, գոնե դիտարկված ոլորտներում, շատ ընդհանրություններ ունի նախորդ կառավարության ծրագրի հետ: Այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը պլանավորել էր մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018-ից ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման առանձնահատուկ մոդելներ:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում նախորդ կառավարությունը հանձն էր առել քայլեր ձեռնարկել և այն համապատասխանեցնել ՀՀ մարզերի զարգացման ուղղություններին և աշխատաշուկայի պահանջներին:

Գիտության ոլորտում ևս ընդհանրություններ կան: Նախորդ կառավարությունը նախատեսում էր 2018-2020 թվականներին ռեսուրսները կենտրոնացնել տնտեսության պահանջներից բխող և միջազգային չափորոշիչներին համապատասխանող գիտահետազոտական ուղղություններում:

Նախատեսվում էր նաև «2018 թվականին մշակել և ներդնել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման և պետական ֆինանսավորման ծավալների ու արդյունավետության համապատասխանեցման մեխանիզմները»:

Ընդհանրություններ կան նաև մշակույթի ոլորտում: Ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, նախորդ կառավարությունը պլանավորում էր քայլեր ձեռնարկել նաև մարզերում մշակութային ծառայությունների մատչելիության ու հասանելիության ապահովման ուղղությամբ: Եվ, ի տարբերություն ներկայիս ծրագրի, երեք դրույթներով մեկնաբանված էր, թե ինչպես են հասնելու նպատակին. օրինակ՝ այս տարի պետք է մեկնարկեր համայնքային կինոթատրոնների հանրապետական կինոցանցի ստեղծման ծրագիրը:

Դիտարկելով ներկա և նախորդ կառավարությունների ծրագրերի ընդհանրությունները՝ հանգում ես այն մտքին, որ ներկայիս անցումային կառավարությունն ուսումնասիրել է պետական համակարգում ըստ ոլորտների իրականացվող աշխատանքները և նախորդ կառավարության ծրագրից փոխառել այն դրույթները, որոնք իրականացման ընթացքում են և առաջիկա մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ արդեն որոշակի արդյունք կարող է լինել: Չի բացառվում: Բայց անգամ այս պարագայում հասկանալի չի դառնում, թե գործադիր մարմնի ծրագիրն ինչու է վերացական ցանկությունների մատյան հիշեցնում՝ առանց ժամկետների և իրագործման ուղիների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: