Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանա-ամերիկյան խաղեր. Հայաստանը պե՞տք է մտահոգվի, թե՞ ոչ


  
դիտումներ: 1506

ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանին հանրապետության 100-ամյակի առթիվ, մինչդեռ Հայաստանին՝ ոչ: Ալիևին հղված նամակում Թրամփն ակնկալիք է հայտնել, որ «առաջիկա ամիսները Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն»: Այս ամենին զուգահեռ՝ ադրբեջանական կողմը ռազմական ակտիվություն է ցուցաբերում Նախիջևանում՝ ՀՀ-ի հետ սահմանին, զորավարժություն, Ալիևի այցը Նախիջևան, դիրքերի առաջխաղացում՝ ի հաշիվ չեզոք գոտու:

Այս իրողությունները հանրության շրջանում քննարկումների տեղիք են տվել: Հիմնական մտահոգությունն է, որ Ադրբեջանն առավել ակտիվ է պաշտոնական Վաշինգտոնի հետ աշխատանքներում, որի համարժեք քաղաքական գնահատականների հարցում ՀՀ արտաքին գերատեսչությունը թերանում է:

Խնդրի վերաբերյալ «Անկախը» զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի և ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:

Ադրբեջանագետի խոսքով՝ ադրբեջանական քարոզչամեքենան Թրամփի նամակը ներկայացնում է որպես դիվանագիտական հաջողություն, մինչդեռ երկրի ընդդիմությունը տարակարծիք է:

Տաթև Հայրապետյան

Հայրապետյանի խոսքով՝ ամիսներ առաջ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային բացահայտումից հետո, երբ պարզվեց, թե ինչպես են խավիարային դիվանագիտությունն առաջ տարել Եվրոպայում, ինչ գումարներ և ում են հատկացրել, ադրբեջանական լոբբինգի գործունեությունը Եվրոպայում բարդացել է: Փաստորեն, բոլոր միջոցներն ուղղել են ԱՄՆ-ում քարոզչական աշխատանքներին:

«Ըստ էության՝ շնորհավորական ուղերձը կարող ենք դիտարկել որպես ադրբեջանական լոբբինգի արդյունք, սակայն դրա ներքո որևէ խորքային ուղերձ չեմ տեսնում: Թրամփն իր նախագահության սկզբից որևէ էական հետաքրքրություն մեր տարածաշրջանում և մասնավորապես ղարաբաղյան հարցում ցույց չի տալիս»,- ասում է Հայրապետյանը:

Հայրապետյանը վստահ է՝ հայկական լոբբին ԱՄՆ-ում ավելի հզոր ու փորձված է և պատշաճ կերպով ու ժամանակին կարձագանքի ադրբեջանցիների գործողություններին:

Հայրապետյանի կարծիքով՝ փոխկապակցված չեն նաև Թրամփի նամակը և Նախիջևանում տեղի ունեցող զարգացումները: «Սա փոքր-ինչ այլ գործընթացների արդյունք է և պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանում ինչպես են ընկալել թավշյա հեղափոխությունը: Մինչ Փաշինյանի իշխանության գալն արձագանքներն այլ էին, հետո՝ այլ: Իրենք ակնկալում էին դիրքորոշման փափկացում՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը եղել է Լևոն-Տեր-Պետրոսյանի թիմից, բայց ամբողջությամբ հակառակ պատկերը ստացան: Փաշինյանն ունի ավելի կոշտ դիրքորոշում, քան նախորդ վարչակարգը: Ադրբեջանցի փորձագետները նաև թավշյա հեղափոխությունն ընկալում են որպես երկսայրի սուր, քանի որ ծանոթ չեն նոր վարչակարգին, չգիտեն, թե ինչ ակնկալեն, ինչպես նաև նոր վարչակարգը միջազգային ասպարեզում ունի լայն ընկալում, ինչը մտահոգություն է առաջացրել, որ իրենց դիրքերը կարող են թուլանալ»,- ասում է Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ Նախիջևանում ՀՀ սահմանի հարևանությամբ իրականացվող գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ Հայաստանին իր ռազմական պոտենցիալը: «Փորձում են ներկա վարչակարգին ազդակ ուղարկել, թե որևէ կերպ չմտածեք, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման ռազմական ճանապարհից»,- ասում է նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Ադրբեջանին շնորհավորելու և Հայաստանին չշնորհավորելու հանգամանին, նշում է, որ այստեղ խնդիրն ուռճացված է: Նա շեշտում է, որ Ադրբեջանում անկախության տոնը նշում են մայիսին, մինչդեռ Հայաստանում անկախության օրը նշում են սեպտեմբերի 21-ին, իսկ մայիսի 28-ը Հանրապետության օրն է:

«Երկիմաստությունը հանգեցրել է նրան, որ դրսից Հայաստանին շնորհավորում են մեկ անգամ՝ սովորաբար սեպտեմբերի 21-ին, իսկ մայիսի 28-ի առթիվ սովորաբար շնորհավորանքներ չեն լինում»,- ասում է նա: Բոզոյանի կարծիքով՝ Թրամփի նամակից նաև ենթադրելի չէ, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ է ուզում զարգացնել, իսկ Հայաստանի հետ՝ ոչ:

Երվանդ Բոզոյան

Բոզոյանը ևս Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու մասին Թրամփի ակնարկում որևէ տողատակ չի տեսնում: Ասում է, որ նման բովանդակությամբ ուղերձներ պարբերաբար են հղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից: «Անգամ, եթե տեքստը ցույց տաք, բայց չասեք, թե որ երկրում է գրվել, կդժվարանամ ասել՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Փարիզում է գրվել»,- ասում է նա: Քաղաքագետը խնդիրներ չի տեսնում նաև Ադրբեջանում Թրամփի բիզնես շահերի առումով: Փոխարենը նա մտահոգված է Թրամփի կադրային քաղաքականությամբ: Ասում է, որ նրա նշանակումները հիմնականում հայերի համար բարենպաստ չեն: Որպես թարմ օրինակ՝ մատնանշում է պետքարտուղարի նշանակումը, որը թուրքամետ գործչի համբավ ունի:

Անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցող զարգացումներին՝ Բոզոյանն ասում է, որ բնական է, որ ռազմական ուժի ցուցադրությունը պետք է անհանգստացնի թե՛ հասարակությանը, թե՛ իշխանություններին, իսկ վերջինը պետք է նաև փորձի լուծում գտնել՝ չեզոքացնելու վտանգը:

Հարցին, թե արդյոք պե՞տք է ակտիվացնել պաշտոնական Վաշինգտոնի հետ իրականացվող աշխատանքները, Բոզոյանը պատասխանում է՝ ոչ միայն: Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է սկսի արտաքին նախաձեռնողական քաղաքականություն վարել, ինչի պոտենցիալն ունի:

«Արտաքին քաղաքականությունում մենք գլոբալ ռեսթարթի խնդիր ունենք: 28 տարի է՝ մեր երկիրը թույլ, կրավորական դիրք է զբաղեցրել միջազգային ասպարեզում, անհետաքրքիր երկիր է դարձել, որը ոչ մի դիրքորոշում չունի, որին Լեռնային Ղարաբաղի հարցից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Մենք ունենք Սփյուռք, որի պոտենցիալը չի օգտագործվել երբևիցե,- ասում է նա: - Այսօր պահանջ կա, որ Հայաստանն ավելի լուրջ դիրք ունենա միջազգային հարաբերություններում: Այս հարցում Սփյուռքը կարող է լուրջ դերակատարում ունենալ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Սփյուռքի հետ աշխատելու և հայկական դիրքերի ուժեղացմանը միտված ծրագրեր պետք է մշակվեն: Կառավարությունը նման ծրագրեր ունի, թե ոչ, չեմ կարող ասել: Կառավարության ծրագրում սա արտացոլված չէ, բայց չի բացառվում, որ հետագայում կարող է լինել: Դրա անհրաժեշտությունը խիստ կա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: