Հայերեն   English   Русский  

Պատմական իրողություն. կհանդիպեն ԱՄՆ և Հյուսիսային կորեայի առաջնորդները


  
դիտումներ: 2274

Հունիսի 12-ին տեղի կունենա պատմական հանդիպում. Սինգապուրի Սենտոսա կղզում առաջին անգամ կհանդիպեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Սա այդ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է լինելու: Մինչ այս Թրամփն ու Չեն Ինը բազմիցս հրաժարվել են հանդիպումից, սակայն հետո մտափոխվել: Ի վերջո, տեղի կունենա՞ արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպումը, թե ոչ: Որևէ մեկը հստակ ասել չի կարող: Անգամ վերջին վայրկյանին ամեն ինչ կարող է չեղարկվել:

Արդեն հայտնի է, որ հանդիպման օրակարգում չի լինելու Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցը. ամերիկյան զինուժն այդ երկրի իշխանությունների ցանկությամբ է տեղակայված Կորեական թերակղզում: Թրամփն ու Կիմ Չեն Ինը քննարկելու են Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման տարբերակները, մասնավորապես՝ միջուկային զենքից հրաժարվելու հնարավորությունը:

Միջազգային ԶԼՄ-ներին որոշ մանրամասներ են հայտնի դարձել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից: Նշվում է, որ հարյուրավոր դիվանագետներ այս օրերին փորձում են համաձայնեցնել անգամ ամենաանշան թվացող մանրուքները; Օրինակ՝ քանի քայլ պետք է անեն նախագահներից յուրաքանչյուրը բանակցությունների սեղան հասնելու համար, անգամ եթե սեղանը կլոր է, որը որ կողմում պետք է նստի, արդյոք լուսանկարներում երկու երկրների դրոշները պետք է երևան, թե ոչ: ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ամերիկյան կողմը մտավախություն ունի, որ պաշտոնական լուսանկարներում Հյուսիսային Կորեայի դրոշի առկայությունը կնշանակի այդ երկրի ճանաչում:

Խնդրահարույց հարցերից է, թե ով պետք է վճարի Հյուսիսային Կորեայի առաջնորդի պատվիրակության ծախսերը Սինգապուրում: Սինգապուրի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են մասնակիորեն հոգալ կորեական պատվիրակության ծախսերը՝ չհստակեցնելով, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Քննարկման թեմաներից է նաև, թե ինչպես են երկու երկրների առաջնորդները հասնելու հանդիպման վայր: Եթե ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի տեխնիկական հագեցվածությամբ ամեն տեսակի փոխադրամիջոցներ, ապա Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեպքում այդ հանգամանքն այնքան էլ հստակ չէ. 2011-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր Սինգապուրում հանդիպումը լինելու է նրա կատարած ամենահեռու պաշտոնական այցը: Հիմնվելով այս հանգամանքի վրա՝ վերլուծաբանները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իրեն հյուրի կարգավիճակում կզգա՝ լինելով հոգեբանորեն ճնշված, մինչդեռ Թրամփը սովոր է չկանխատեսված իրավիճակներում գործելուն:

Կիմ չեն Ինչը՝ պահանջված առաջնորդ

Թրամփից հետ չմնալով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին Ռուսաստան այցելելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հրավեր է փոխանցել օրերս այդ երկիր այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 2009-ից ի վեր սա Լավրովի առաջին այցն էր այդ երկիր:

Չնայած պաշտոնական պատասխան ռուսական կողմին դեռևս չի տրվել, սակայն Հյուսիսկորեական պետական հեռուստատեսությամբ հայտարարվել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները կարող են հանդիպել այս տարվա ընթացքում: Հանդիպման ենթադրյալ վայրը լինելու է Վլադիվոստոկը, որտեղ սեպտեմբերին տեղի կունենա Արևելյան տնտեսական ֆորումը: Հանդիպման օրակարգային հարցերից է լինելու Հյուսիսային Կորեայի հրաժարումը միջուկային զենքից:

Վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի նման քայլը պայմանավորված է այդ երկրի վրա ունեցած ազդեցությունը չկորցնելու ձգտմամբ, ինչպես նաև Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում դերակատարում ունենալու նկրտումը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջիկայում կարող է հանդիպել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Կորեական լրատվամիջոցները հայտարարել են, որ Ասադը կայցելի Փհենյան՝ հիշեցնելով, որ Սիրիան պաշտպանում է Հյուսիսային Կորեայի վարած քաղաքականությունը: Այս հանդիպումը կարող է դառնալ նախկին բարեկամական հարաբերությունները վերականգնելու փորձ. նախկինում երկու երկրները սերտ հարաբերություններ են ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: