Հայերեն   English   Русский  

​Որ սահմանին մենակ չզգան


  
դիտումներ: 1888

- Պարո՛ն Սահակյան, կարող ա՞ Ձեր գրասենյակում գունավոր կավիճներ լինեն,- Բաղանիսի համայնքի վարչական ներկայացուցիչ Նարեկ Սահակյանին հարցնում է դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը:

- Գունավոր կավիճն իմ սենյակում ինչի՞ պիտի լինի, Գևորգ ջան, չէ, չկա,- ժպտալով պատասխանում է Սահակյանը:

- Մեր տանը կա, է՜: Ձեր մեքենան կտա՞ք՝ գնանք բերենք,- պատասխանում է Գևորգը Նարեկ Սահակյանին, որին, ի դեպ, մինչ օրս համագյուղացիները դեռ դիմում են «գյուղապետ ջան»-ով, չնայած նա վաղուց արդեն գյուղապետ չի, գյուղապետի ինստիտուտն էլ չկա, Բաղանիսն էլ է խոշորացման տակ ընկել:

Սահակյանն էլ հետաքրքրվում է՝ ո՞վ է վարելու մեքենան, ու լսելով վստահելի անուն՝ ասում է՝ բանալին մեքենայի վրա է: Գյուղում նա երբեք մեքենայի դռները չի փակում ու բանալին մեքենայի վրայից չի հանում: Մի քանի վայրկյանից երիտասարդներն արդեն նրա մեքենայով Գևորգենց տան ճանապարհին են: Իսկ մենք զրուցում ենք Նարեկ Սահակյանի հետ՝ իրենց գյուղի, առօրյա հոգսերի ու խնդիրների, իրականացված ու իրականացվելիք ծրագրերի շուրջ: Համայնքային ներկայացուցիչը երբեմն անթաքույց հպարտությամբ, երբեմն էլ համեստորեն ժպտալով՝ մեզ ներկայացնում է իրենց ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բացատրում խնդիրները:

- Դե գաղտնիք չի` մենք ունենք գլխավոր խնդիր. հակառակորդն անընդհատ կրակում է գյուղի վրա, իսկ մնացածը, դրա համեմատությամբ, խնդիր էլ չի թվում: Որ չկրակեն ու իրավիճակը խաղաղ լինի, բաղանիսցին էնքան աշխատասեր ու ստեղծող է, որ մի քանի տարի հետո մտնեք գյուղ՝ անճանաչելի փոխված կլինի,- ասում է Նարեկ Սահակյանը:

Հետո նրա ուղեկցությամբ փոքրիկ շրջայց ենք կատարում Բաղանիսում:

- Մի օր ինտերնետով մի հոգի կապ հաստատեց ինձ հետ ու ասաց՝ ի՞նչ անենք գյուղի համար: Ես էլ ասացի՝ ավելի լավ է դպրոցի ու մանկապարտեզի դիմաց, որ գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի եզրին, նախազգուշացնող լուսացույց դնենք, որ երեխաներն ավելի անվտանգ փողոցն անցնեն: Էդպես լուսացույց ունեցանք,- պատմում է Սահակյանը՝ ցուցամատը լուսացույցի ուղղությամբ պարզելով:

Հետո շարունակում է, որ վերջին մի քանի տարիներին կարողացել են լուծել գյուղի խմելու և ոռոգման ջրի խնդիրները: Հիմա բոլորը ջուր ունեն: Հիմնանորոգել են դպրոցը: Նոր մանկապարտեզ էին ուզում կառուցել, բայց պարզվել է, որ դրա համար նախատեսված տեղը սողանքային գոտում է, ու հիմա ավելի հարմար տեղ են փնտրում: Փորձում են գյուղում սոցիալական ձեռներեցությունը զարգացնել, հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան փոքրիկ բիզնես ստեղծեն, աշխատատեղեր ստեղծեն: Հետո մի քանի րոպեով Նարեկ Սահակյանը հեռանում է համայնքային գործերով. այդ ընթացքում մեզ մոտեցած երիտասարդների հետ ենք շարունակում զրույցը:

Համայնքների խոշորացումից դժգոհ են: Բաղանիսում վստահ են, որ խոշորացումը բացասական է հատկապես այն գյուղերի համար, որոնք լավ համայնքապետ ունեին: Իսկ Բաղանիսի համայնքային ներկայացուցիչ Նարեկ Սահակյանը մինչ համայնքների խոշորացումը Բաղանիսի գյուղապետն էր ու համարվում էր հանրապետության ամենագործունյա, ամենաստեղծագործ ու աշխատող համայնքապետներից մեկը: Նա հայտնի է բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերով, տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով: Անգամ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ չէր առաջադրել իր թեկնածությունը, բայց շատերը քվեաթերթիկի վրա հենց նրա անունն էին գրել գրիչով ու հետո «ընտրել» նրան:

- Երբ նայում ենք, թե պաշտոնավորներն ինչ ծառայողական մեքենաներ են քշում, ինչ միջոցառումների վրա ինչ փողեր են ծախսում, զարմանում ենք: Եթե էդպիսի բաների համար փող կա` ինչի՞ չեն բերում մի փոքր գումար էլ ծախսեն էս սահմանապահ գյուղերի վրա: Հիմա պատկերացրեք, որ մի թանկանոց ծառայողական ջիփի փողով կարելի է մի կոմբայն գնել, ու մեր ամբողջ գյուղը, էլ չեմ ասում՝ հարևան գյուղերն էլ հետը, կկարողանան իրենց աշխատանքները հանգիստ անել: Իսկ հիմա հողդ մշակես՝ չգիտես, բերքդ տուն կբերե՞ս, թե՞ չէ: Մենք էլ չենք ուզում մեր գյուղից գնանք, ուրիշ տեղում ապրենք. դե որ գնացող լինեինք` էն ա շուտ գնացած կլինեինք, էլի: Պատկերացրեք, որ եթե մեր գյուղում մի 20-30 նոր աշխատատեղ բացվեր, ինչքան լավ կլիներ: Հաշվի՝ 20-30 ընտանիք կսկսեր նորմալ ապրել, իսկ դա մեզ պես գյուղերի համար շատ կարևոր է: Եթե մեր գյուղացիներն առօրյա խնդիրները կարողանան լուծել, նորմալ աշխատանք ու աշխատավարձ ունենան, ոչ ոք էլ չի մտածի գյուղից դուրս գալու մասին, ոչ մի թշնամու բանակ էլ ի վիճակի չի լինի մեզ մեր գյուղից հանել: Հավատացե՛ք, կրակոցների պատճառով չի, որ արտագաղթում են, այլ սոցիալական վիճակի,- նշում է երիտասարդ զրուցակիցս:

Բաղանիս

Այդ ընթացքում վերադառնում է Նաիրի Սահակյանը, և շարունակում ենք շրջել գյուղում: Մոտենում ենք մի տան, Սահակյանն առաջարկում է ներս մտնել. իր հեռավոր ազգականներն են, նաև հարևանները: Տանտերը՝ Արկադի Սահակյանը, հյուրասեր ժպիտով հրավիրում է ներս: Բակում արդեն Նարեկ Սահակյանը ցույց է տալիս ծառի կոճղերից պատրաստված սեղաններն ու պատի տակ դրված գեղեցիկ նստարանը՝ պատրաստված ճյուղերից: Այդ ամենը տանտերը՝ Արկադին է պատրաստել: Հետո պատմում է, որ բնական փայտից այդ յուրաոճ կահույքը պատվիրել ու տարել են նաև Երևանում գործող «Էլ գարդեն»: Ընդհանրապես Երևանից շատ պատվերներ է ստանում Արկադին:

- Բայց դե էս գործերով զբաղվում եմ հիմնականում ձմռանը, երբ գործը քիչ է լինում: Իսկ վաղ գարունքից մինչև ուշ աշուն մեր տնտեսությունով ենք զբաղված,- նշում է Արկադին:- Որ մենք չաշխատենք ու չստեղծենք բերք ու բարիք, ո՞վ պիտի գա ու մեր երեխեքին պահի: Իհարկե ոչ ոք: Ինչպես կարողանում, ապրում ենք: Հողագործությամբ չենք կարող զբաղվել, մեր լավ՝ մշակովի հողերի մեծ մասը թուրքի ռեխն են՝ ամենավտանգավոր տեղերում, ու չենք էլ մշակում: Համեմատաբար անվտանգ հատվածներն էլ քիչ են: Բայց դե էլի վտանգավոր են: Դրա համար մտածում ենք, թե ով ինչ անի, ինչպես ապրենք: Մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ թշնամու դիրքերից կրակեցին, համագյուղացիներից մեկի կովին դիպավ, սատկեց: Հիմա էդ մարդը երկրորդ անգամ մեծ դժվարությամբ պիտի կով առնի, բայց չի էլ որոշի կով առնել, որովհետև անընդհատ պիտի վախենա, որ էլի կկրակեն ու իր չարչարանքը ջուրը կընկնի: Մեկ է, որոշել ենք, որ ոչ մի տեղ էլ չենք գնալու մեր գյուղից:

Բաղանիսի տների գերակշիռ մասը՝ համարյա ամբողջությամբ, գտնվում է թշնամու կրակի գոտում: Այստեղ, իհարկե, անվտանգության մասին մտածել անգամ չի կարելի, ամեն վայրկյան կարող են կրակել, ամեն վայրկյան անհանգստացնել: Ու բաղանիսցիներն ասում են՝ հակառակորդը հիմնականում փորձում է այնպես անել, որ տնտեսությունները շատ տուժեն: Օրինակ՝ երբեմն կրակում են նաև ճանապարհով անցնող ֆուռերի ուղղությամբ, որպեսզի նրանք վախենան ու էլ չերթևեկեն այս կողմերով: Այդպես, բնականաբար, կտուժեն ոչ միայն Բաղանիսն ու հարևան մյուս սահմանամերձ գյուղերը, այլև մեր երկրի տնտեսությունը: Բայց հակառակորդի գերնպատակներից մեկն էլ հենց դա է՝ ստեղծել անվտանգության սպառնալիքներ ու ստիպել, որ մարդիկ լարված ապրեն, որ տնտեսությունը չզարգանա, որ արտագաղթեն, դատարկեն սահմանը:

Գյուղացիները մեզ հետ զրույցում շեշտում էին՝ եթե անվտանգության մասին մտածեին, ուրեմն բոլորն էլ պիտի հենց այս վայրկյանին իրերը հավաքեին ու հեռանային գյուղից, բայց տեղնուտեղն իրենք իրենց ասածին արձագանքում են՝ բայց էդպես ո՞նց կլինի:

Նրանք կմնան, միայն ցանկանում են, որ այդ սահմանին իրենց մենակ չզգան...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: