Հայերեն   English   Русский  

​Փող աշխատելը երկրորդական է, կարևորը գործը սիրելն է


  
դիտումներ: 3349

Հայկական ամենահաջողակ ավտոակումբի ու ավտոդպրոցի հիմնադիրն այսպես է հասել հաջողության

«Իքս դրայվ» (Xdrive) ավտոդպրոցի տնօրեն և «Հայկական 4X4 օֆֆռոուդ ակումբի» հիմնադիր նախագահ Արտաշես Ստեփանյանը մեքենաներով տարված է եղել դեռ մանկուց: Նա «Անկախին» պատմեց, որ դեռ 8-րդ դասարանում էր, երբ իր մտավորական ծնողներին հայտարարեց, որ չի ցանկանում շարունակել ուսումը դպրոցում և պատրաստվում է ավտոմրցարշավորդ դառնալ: Իհարկե, ծնողները դեմ էին, և Հայաստանում էլ այդ ժամանակ՝ 1995-96 թթ., ավտոմրցարշավորդ դառնալն անհնար էր: Եվ մրցարշավորդի «կարիերան», դեռ չսկսված` ավարտվեց: Հետո որոշում է, որ դզող-փչող կդառնա: Այդ որոշումն էլ չիրականացավ. ավարտեց դպրոցը, ընդունվեց բուհ, հետո մեկնեց ծառայության, հետո՝ շարունակեց ուսումը մագիստրատուրայում: Բայց խոստովանում է, որ իր գիտելիքները պետք չեկան, բարձրագույն կրթությունից իրեն մնացին միայն ուսանողական ընկերները: Իսկ այդ ամբողջ ընթացքում ավտոմեքենաների սերն ու հետաքրքրությունն այդպես էլ չանցան:

«Երբեք անտարբեր չեմ եղել հատկապես ամերիկյան մեքենաների նկատմամբ, միշտ ուսումնասիրում էի, և նրանց մեջ ինձ ամենից շատ գրավում էր ամերիկյան «Ջիփ Վրանգլերը»: Մեկ-երկու մեքենա փոխելուց հետո հանկարծ ավտոշուկայում տեսա իմ այդքան սպասած «Վրանգլերը»: Սեփական բիզնես ունեի շինարարության ոլորտում, բավականին հաջողված էներգետիկ ոլորտի շինարար եմ եղել, կարող էի ձեռք բերել այդ մեքենան: Այդ օրվանից էլ սկսվեց: Երևանում մի տեղ կար, որտեղ ամերիկյան մեքենաներ, հատկապես՝ ՋԻՓ մակնիշի մեքենաներ էին սպասարկում: Այնտեղ էլ սկսեցի ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր նմանատիպ մեքենաներ ունեին: Հերթական անգամ, երբ իմ մեքենան ավտոտեխսպասարկման կետում էի թողել ու տանը նստած՝ հեռուստացույցով «Օֆֆռոուդ» էի դիտում, միտք ծագեց, թե ինչու չփորձել Հայաստանում էլ այս ճյուղը զարգացնել: Անմիջապես գնացի արհեստավորների մոտ, հարցրի, թե ում են ճանաչում, վերցրի հեռախոսահամարները, զանգեցի բոլորին, ասացի՝ ուզում եմ հանդիպել, անգամ մեքենաների վաճառքի կայքերից տեսել էի, որ «Վրանգլեր» վաճառող կար, միանգամից զանգահարեցի ու ասացի՝ գիտե՞ք, Հայաստանում «4X4» ակումբ կա (չնայած այդ ակումբը դեռ գոյություն չուներ), մեր անդրանիկ նիստն այսինչ օրն է լինելու, հրավիրում ենք: Ու այդ օրվանից, այսպես ասած, սկսվեց մեր ակումբի կազմավորումը»,- վերհիշեց Արտաշես Ստեփանյանը:

Այդպես 2009 թ. հիմնադրվեց հայկական «4X4» օֆֆռոուդ ակումբը: Ակումբի անդամները, որոնք անփորձ էին, սկսեցին շփվել իրար հետ, միմյանց խորհուրդներ տալ, մինչև որ ժամանակի ընթացքում բավականին լուրջ լուծումներ գտան: Ակումբը Հայաստանում զարգացնում էր ջիփինգն ու օֆֆռուուդ ճյուղը: Կամաց-կամաց սկսեցին ավելի պրոֆեսիոնաալ մակարդակով զբաղվել սիրելի հոբբիով: Հենց նույն տարին Վրաստանից հրավեր ստացան, գնացին մրցման ու հաղթեցին: Այնուհետև ավելի մեծ թիմով մեկնեցին Իրան, այնտեղ սպրինտ մրցումներում առաջին երկու հորիզոնականները հենց հայկական թիմի անդամները զբաղեցրին, ու այդպես ակումբն աստիճանաբար զարգացավ: Մասնակցեցին մրցումների տարբեր երկրներում՝ Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, իսկ Հայաստանում նրանց կազմակերպած ջիփինգ միջոցառումներն ավտոսպորտի բնագավառում ամենամեծն են:

Ակումբի անդամները մինչ օրս միասին են, բայց հայացքներով բաժանվեցին: Մարդիկ կան, որ սպորտային ուղղությունը բռնեցին ու սկսեցին ավտոսպորտով զբաղվել՝ գրանցելով լուրջ հաջողություններ: Մյուսները արտաճանապարհային զբոսանքների, հետո նաև տուրիզմի մեջ խորացան՝ սիրողական, ճամփորդական ջիփինգի ուղին ընտրեցին: Այսօր Հայաստանում կան մի քանի կազմակերպություններ, որոնք պրոֆեսիոնալ ջիփ տուրերի ծառայություններ են մատուցում: Եվ այդ ամենի հիմքերը դրվեցին հենց ակումբի գործունեության շնորհիվ: Ակումբի անդամներից շատերն իրենց հոբբին կամաց-կամաց դարձրին բիզնես, ոմանք էլ սկսեցին օֆֆռոուդի աքսեսուարներ, թանկարժեք իրեր վաճառել, մեծ բիզնես ստեղծեցին, եղան անդամներ, որոնք սկսեցին տուրիստական հանդերձանք ու պարագաներ վաճառել, մարդիկ էլ կան, որ սկսեցին մեքենաները, այսպես ասած, «թյունինգ» անել օֆֆռոուդի համար: Բայց իրականում դա բավական լուրջ ինժեներիա է:

Իսկ Արտաշես Ստեփանյանն ընտրեց ուսուցման ճյուղը. ակումբի անդամ-ընկերներից մեկը, որ ավտոդպրոց ուներ, մոտ 4 տարի առաջ Ստեփանյանին հրավիրեց ղեկավարելու իր ավտոդպրոցը: Մեկ տարի այդ դպրոցում տնօրեն աշխատելուց հետո մեր զրուցակիցը որոշում է հիմնել սեփական ավտոդպրոցը՝ սեփական պատկերացումներով, սեփական մոտեցումներով ու մոդելով:

Իքս դրայվ

«Ինձ դուր եկավ այդ ոլորտը, քանի որ ինձ համար իրականում ամենակարևորն ու հաճելին օգտակար լինելն է, իսկ գումար աշխատելն ինձ համար երկրորդ տեղում է: 2015 թ. վերջերին արդեն հիմնեցի «Իքս դրայվ» (Xdrive) ավտոդպրոցը: Ստեղծեցի ավտոդպրոց, որը ոչ միայն մատուցում է մեքենայի վարման ստանդարտ ուսուցում, այլև կազմակերպում է միջազգային կազմակերպությունների՝ վարորդական հմտությունների բարձրացման դասընթացներ, հանքարդյունաբերող ընկերությունների վարորդների վերապատրաստման դասընթացներ, ջիփինգի ուսուցում, մոտոդասընթացներ, սպորտային վարման դասընթացներ, անվտանգ երթևեկություն: Ունենք նաև «Իքս դրայվ» անվամբ սպորտային թիմ»,- պատմում է «Իքս դրայվի» տնօրենը:

Ավելացնենք, որ «Իքս դրայվն» իր նորարարական մոտեցումների շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դարձել է Հայաստանի լավագույն ավտոդպրոցներից մեկը: Վերջերս էլ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում նոր մասնաճյուղ է բացել: Ընդհանուր 12 մարդ է աշխատում դպրոցում:

Ինչպես նշում է հիմնադիրը, իրականում ավտոդպրոցը մեծ ներդրումներ չի պահանջել: Ասում է՝ իհարկե կարող են լինել մարդիկ, որ իրենց կատարած ներդրումների հնգապատիկն էլ անեն, բայց չկարողանան այնպիսի հաջողությունների հասնել, ինչպես «Իքս դրայվը»: Որովհետև Արտաշես Ստեփանյանը դեռ փոքրուց է հետաքրքրվում ավտոմեքենաներով, ամեն ինչից տեղյակ է, այս ոլորտում աշխատել է, այսպես ասած, բանվորից մինչև տնօրեն:

Ու Արտաշես Ստեփանյանի՝ ոլորտի իսկական գիտակ լինելն էր նախադրյալը, որ Ուլյանովսկի հանրահայտ «ՈՒԱԶ» ավտոգործարանից Հայաստանում «ՈւԱԶ Պատրիոտ» մեքենաները ԱՊՀ բոլոր ավտոժուռնալիստների համար ներկայացնելու կենտրոն հիմնելու գրավիչ առաջարկ ստանար:

«40-50 լրագրողներ եկան Հայաստան, 10 օր շրջեցին, անցնում էին ամբողջ երթուղին, թեստ էին անում, կարծիքներ հայտնում: Բնականաբար, այդ ամենից հետո գործարանը ստացավ շատ բարձր գնահատականներ, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ ռուսական «ՈւԱԶ»-ը թերություններ ունի, բայց ամեն ինչ այնքան լավ էր կազմակերպված, որ բոլոր լրագրողների տպավորությունները դրական էին: Եվ առաջարկեցին Հայաստանում ստեղծել մի կազմակերպություն՝ «Պատրիոտի ուղին»՝ «Patriot Path», որով նախատեսվում էր Հայաստանում գործարանի 10 մեքենա թողնել ժամանակավոր օգտագործման համար: Ստեղծելու էինք տուրիստական թեստ-դրայվներ դեպի հյուսիս՝ Կովկաս և դեպի հարավ՝ Իրան: Հիմա որոշ կազմակերպչական խնդիրներ կան, բայց մեր երկիրը և մեր առաջարկը նրանց գրավել է, սպասում ենք հետագա զարգացումների ու լուրջ համագործակցության»,- պատմեց Արտաշես Ստեփանյանը:

Նրա հետ մեր զրույցը սահուն անցավ բիզնեսով զբաղվելու թեմային, և մեր զրուցակիցը շեշտեց, որ բիզնեսում պետք է աշխատասիրություն ունենաս, զօրուգիշեր աշխատես ու չարչարվես: «Մեծ բիզնես չեմ ունեցել, չեմ կարող ասել, բայց ինձ թվում է, որ փոքր բիզնեսը աշխատասիրությամբ ու ճիշտ անձնակազմով հաստատ հաջողության հասնում է: Ես շատ օրինակներ գիտեմ, թե ինչպես փոքր բանից սկսել են ու մեծ արդյունքների հասել: Այսինքն՝ անպայման չէ օլիգարխ լինել, ինչ-որ սարսափելի ներդրումներ անել: Իհարկե, ներդրումն ավելի լավ է, գործդ ավելի հեշտացնում է, միանգամից մի քանի տարի գործերը կարող է առաջ գցել, բայց եթե չկա այդ ներդրումը, ճիշտը ո՞րն է, նստել սպասել մինչև լինի՞, թե՞ սկսել աշխատել: Ես կողմ եմ աշխատելուն»,- նշում է նա ու իր անձնական փորձից նշում, որ իրականում մեզանում լավ աշխատողի լուրջ խնդիր կա:

Բնավորության ո՞ր գծերն են, որ օգնում են և ընդհակառակը՝ խանգարում են բիզնեսում հաջողությունների հասնելու ճանապարհին: Արտաշես Ստեփանյանը ժպտալով խոստովանում է, որ իր բնավորությունը բիզնեսի համար այնքան էլ շահեկան չէ: Երբ ինչ-որ գործում հաջողություն է ունենում, հետաքրքրությունը կորչում է: Բայց բարեբախտաբար կարողանում է ճիշտ աշխատակազմ ընտրել, որն էլ արդեն իր բաց թողածը լրացնում է:

«Ես ստեղծել եմ դպրոցը, դրել եմ որոշակի ռելսերի վրա, ու արդեն աշխատողների շնորհիվ դպրոցը հանգիստ իր աշխատանքը կատարում է: Իմ առաջ պետք է դրված լինեն մեծ խնդիրներ, ու ես ամեն ինչ կանեմ, որ կարողանամ հաղթահարել: Առնետը քանի՞ մետր է կարողանում թռչել, գիտե՞ք, ինքն էլ չգիտի, բայց երբ գցում են մի անկյուն, որտեղից նա փախչելու տեղ չունի, ահավոր բարձր է թռչում: Պարզապես երբ նեղն ես ընկնում` ճարդ կտրած հաղթահարում ես խնդիրները, մեր մեջ նոր հատկանիշներ, նոր որակներ, նոր ուժեր են հայտնաբերվում: Երբ Աստված բոլոր դռները փակում է` մի այլ դուռ բացում է: Երբ պրոբլեմը գալիս է` իր հետ բերում է նաև շրջանցելու, հաղթահարելու տարբերակները»:

Իսկ մեր դիտարկմանը, թե քիչ չեն նաև մարդիկ, որոնք բնավ չեն մտածում հաղթահարելու մասին, այլ նահանջում են, Արտաշես Ստեփանյանը պատասխանում է, որ իրեն միշտ օգնել են համառությունն ու աշխատասիրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: