Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանական նոր դիրքերն ավելի շատ հոգեբանորեն են ազդում մարդկանց վրա


  
դիտումներ: 1000

Վերջին օրերին հասարակության շրջանում լայն արձագանք գտավ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում՝ Արենի գյուղի մատույցներում, հակառակորդի նոր դիրքերի երևան գալու իրողությունը:

Համացանցում հայտնվող հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանի վերատեղակայումները մտահոգություններ են առաջացնում հարևան սահմանամերձ գյուղերում, մասնավորապես՝ Արենիում, որտեղից հեռադիտակով կարելի է տեսնել մոտ 2-3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կըզըլկայա սարի վրա գտնվող ադրբեջանական նոր դիրքը:

Մայիսին արդեն հայկական կողմից պաշտոնական արձագանք եղավ, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից կատարվում են որոշակի աշխատանքներ:

Ադրբեջանը մայիսի 20-ին հայտնեց Նախիջևանում սպանված զինծառայողի մասին: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում` իրենց դիրքերը բարելավելու և առաջ տանելու համար»: Պաշտպանության նախարարությունը հայտարարեց նաև, որ նման քայլերը «չեն կարող մնալ անպատիժ»:

Մայիսի 22-ին էլ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նախիջևանի հատվածում հակառակորդի ինժեներական գործողություններին, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար: Նա նաև ադրբեջանցի զինծառայողի զոհվելու փաստին արձագանքեց՝ պնդելով, որ այդ զոհը Ադրբեջանը փորձում է բարդել հայկական կողմի վրա: Նույն օրը՝ մայիսի 22-ին, հայտնի դարձավ, որ Նախիջևանի հատվածի հայկական դիրքերից մեկում հրազենային կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Մայիսի 31-ին «Ռազմինֆոն» արբանյակային լուսանկարներ հրապարակեց, որտեղ երևում է, թե որքան են տեղաշարժվել մայիսի ընթացքում ադրբեջանական դիրքերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում: Այս հրապարակման մեջ նշվում էր նաև, որ ադրբեջանական դիրքերն առաջ տանելու բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններում են և խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ իրենց ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «Անկախի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից զբաղեցրած նոր դիրքերին, նշեց, որ դա Ադրբեջանի տարածքում իրենց սեփական դիրքերի փոփոխությունն է, ինչին մեր զինված ուժերը ամենայն ուշադրությամբ հետևել են և շարունակում են հետևել:

«Այդ դիրքերը որևէ կերպ մեզ համար չեն ստեղծում իրավիճակ, որ մեր վերահսկողությունը թուլանա, մեր զգոնությունը թուլանա, և մենք մեր խնդիրը շատ լավ կատարել ու շարունակում ենք կատարել,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Այնուհետև պատասխանելով այն հարցին, թե քանի որ Արենի գյուղն ու հարակից տարածքները դիտարկվում են հակառակորդի կողմից, արդյոք դա խնդիր չի ստեղծում հայկական կողմի համար, ասաց. «Արդեն իսկ եղած խնդիրներից ավելի մեծ խնդիր չի ստեղծվում: Իհարկե, մեր ամբողջ սահմանը՝ Ադրբեջանի հետ ամբողջ երկարությամբ, միշտ էլ խնդիրներ ունի, քանի որ մենք ունենք որոշ բնակավայրեր, որոնք հակառակորդի կրակի գոտում են: Բայց պետք է նշել, որ նրանք էլ ունեն բնակավայրեր, ընդ որում՝ ավելի շատ թվով, որոնք մեր կրակի գոտում են: Ընդհանուր առմամբ այս ամենից իրավիճակ չի փոխվում»:

«Ռազմինֆոյի» հրապարակած արբանյակային լուսանկարներում էլ երևում է, որ տվյալ հատվածում հայկական զինուժի զբաղեցրած ամբողջ պաշտպանական բնագիծը գտնվում է, այսպես ասած, Նախիջևանի տիրույթում: Այսինքն՝ մենք վաղուց ենք մտել իրենց տարածք, ու ամբողջ «կռիվը» ծավալվում է իրենց տարածքում: Վաղուց գաղտնիք չէ, որ Նախիջևանի հատվածի տարբեր տեղամասերում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական ուժերը միշտ էլ փորձել են և շարունակում են բարելավել իրենց դիրքերը, զբաղեցնել ավելի նպաստավոր, իշխող դիրքեր: Գաղտնիք չէ նաև, որ հայկական կողմն էլ դիրքերն առաջ տալու օպերացիաներ բազմիցս իրականացրել է: Հիշենք թեկուզ ամենահատկանշական դեպքերից մեկը, երբ 2014-ի հունիսին Հայկական բանակը լուրջ հաջողություն գրանցեց Հայաստան-Նախիջևան սահմանի հատվածներում, որոնք ուղղակի ափի մեջ են դնում Նախիջևան քաղաքը և Արաքսի վրա կառուցված ջրամբարը։ Հայկական բանակը զբաղեցրեց դիրքեր, որոնք իշխում են ադրբեջանական դիրքերի ու բնակավայրերի վրա։

Անդրադառնալով այս մի դրվագին՝ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Անկախին» ասաց. «Այդ տարածքները թղթի վրա նրանց տարածքներն էին, բայց իրականում նրանք վերահսկողություն չունեին այդ տարածքների վրա, իրականում մշտական ներկայություն էլ այդ բարձունքներում չունեին, որովհետև դա բավականին բարդ տեղանք էր, դժվար էր այդ տեղանքում դիրքեր պահել, կոմունիկացիաների խնդիրներ կային և այլն: Այդ պատճառով էլ չէին պահվում այդ դիրքերը: Հիմա նրանք ինչ-որ առաջխաղացում ունեցել են որոշ դիրքերում, որը կարելի է տակտիկական փոփոխություն համարել այդ տեղի համար: Մի տեղ բարձունքից ուղիղ տեսանելիությամբ երևում է հայկական Արենի գյուղը, ու ընդհանրապես այդ հատվածում մի քանի դիրքեր են զբաղեցրել, որոնց շնորհիվ իրենց դիրքը բարելավվում է: Միջպետական ճանապարհը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի դիտարկվում այդ դիրքերից, մնացած առումներով կարելի է ասել, որ տակտիկական ինչ-որ ձեռքբերումներ են ունեցել»:

Կա փորձագիտական կարծիք, որ անգամ այն դիրքը, որից դիտարկվում է Արենի գյուղը, բացի հոգեբանական ճնշում գործադրելուց, այլ լուրջ վտանգ չի ներկայացնում և ամբողջությամբ վերահսկվում է հայկական այդ տեղամասի դիրքերի կողմից:

Բայց և այնպես մարդիկ անհանգստանում են, քանի որ Արենիի բնակիչները նախկինում իրենց գյուղից դիրք չէին տեսել, իսկ հիմա տեսնում են:

«Ճիշտն ասած, ես խուճապ, որպես այդպիսին, չեմ տեսել: Եթե ավելի ճիշտ բնութագրելու լինենք, դա անհանգստություն ու տվյալ գյուղերի բնակիչների ջղայնության դրսևորում է, բայց դա խուճապ չէի համարի: Մտահոգություններն էլ, պարզ է` մարդիկ մտահոգվել են»,- նշում է Կարեն Վրթանեսյանը:

Ընդգծենք, որ այդ գյուղերը նախկինում էլ հակառակորդի, եթե ոչ հրազենի, ապա գոնե ավելի հեռահար զինատեսակների, օրինակ՝ հրետանու կրակի տիրույթում էին, ուղղակի նախկինում մարդկանց աչքին չէին զարնում ադրբեջանական զինուժի նոր դիրքերը, ուստի ինչ-որ ապահովության զգացում կար.

Իհարկե, այնպես չէ, որ ներկայումս այդ դիրքից կարող են հրազենային զենքերից նշանառու կրակ բացել Արենիի ուղղությամբ: Թեև հիմնական հրազենային զենքերի մահաբեր հեռահարությունը հասնում է նաև 5 կիլոմետրի, գործնականում այդ հեռավորության վրա եզակի «ռեկորդային» դեպքեր են եղել, երբ հնարավոր է եղել թիրախ խոցել: Բայց հոգեբանորեն միանգամայն այլ վիճակ է, երբ գիտակցում ես, որ կարող են քեզ խոցել, բայց թշնամուդ չես տեսնում, և լրիվ այլ վիճակ է, երբ արդեն աչքդ տեսնում է թշնամուն, իսկ երբ աչքդ տեսնում է` սկսում ես մտածել, որ նա ցանկացած պահի կարող է քեզ վրա կրակ բացել: Իրոք, եթե ադրբեջանական զինուժը չի կարող նշանառու հրազենային կրակ բացել Արենիի վրա, ապա տեսականորեն գոնե անկանոն կրակահերթեր կարող է արձակել:

Արժե նաև հիշել, որ Նախիջևանի ուղղությունը, ի տարբերություն Տավուշի ուղղության, համեմատաբար հանգիստ է: Այստեղ տարիներով չեն լինում հրադադարի խախտումներ, և կարծես լուռ համաձայնությամբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միշտ փորձել են խուսափել Նախիջևանի հատվածում լարվածության աճից: Բայց եթե որոշակի լարվածություն էլ լինի, ռազմական փորձագետների պնդմամբ, Նախիջևանի ուղղությամբ գերիշխող դիրքերն ու բարձունքները գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, և անհրաժեշտության դեպքում մեր կողմը կարող է դիմել համապատասխան գործողությունների ու չեզոքացնել ադրբեջանական կողմից «նոր դիրքերի» սպառնալիքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: