Հայերեն   English   Русский  

​Ալթունյանի օրոք լուծարված ուսանողական պոլիկլինիկայի կոլեկտիվը դիմել է նոր իշխանություններին


  
դիտումներ: 2027

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի թեթև ձեռքով լուծարված «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (ուսանողական պոլիկլինիկա) աշխատակիցները հույս ունեն, որ նոր իշխանության օրոք խնդիրը կվերանայվի և բուժհաստատությունը կվերականգնի գործունեությունը:

Պոլիկլինիկայի նախկին կոլեկտիվը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, կրթության և գիտության նախարար Արայիկ Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանին, անգամ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման որոշումը համարել անվավեր և պոլիկլինիկան վերաբացել:

Հաշվի առնելով պոլիկլինիկայի իրականացրած գործառույթների կարևորությունն ու բացառիկությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բուժհաստատության գույքն ու զբաղեցրած տարածքն առայսօր չեն իրացվել, կոլեկտիվը նոր իշխանության ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել իրենց հետ՝ պատրաստակամություն հայտնելով նաև ներկայացնել հարցի համակարգային լուծման իրատեսական հայեցակարգ:

Ուսանողական պոլիկլինիկայի լուծարման խնդրին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: 2017 թ. ՀՀ կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը որոշեց, որ ուսանողական պոլիկլինիկան արդյունավետ գործող հաստատություն չէ և պետք է լուծարվի: Ընդ որում, որոշումը կայացվեց առանց շահագրգիռ կողմերի հետ լուրջ քննարկումների և նրանց կարծիքը հաշվի առնելու: Նախարարության հիմնական պատճառաբանությունները հետևյալն էին. պոլիկլինիկայի գործունեությունն այլ բուժհաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների կրկնություն է, պոլիկլինիկայի լուծարմամբ պետությունը կատարում է խնայողություն, պոլիկլինիկան շահույթ չունի:

Ուսանողական պոլիկլինիկայի աշխատակազմն այս պատճառաբանությունները համարում է հիմնազուրկ և ներկայացնում է իր փաստարկները:

«Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է ՀՀ-ում, որը կենտրոնացված կերպով իրականացրել է ոչ միայն պետական, այլև մի շարք ոչ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի (Հայաստանի Ամերիկյան համալսարան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկովյան տնտեսագիտական համալսարան) ուսանողների բուժկանխարգելիչ, վերականգնողական սպասարկումը ուսման տարիների ընթացքում:

Պոլիկլինիկան սպասարկել է Երևան քաղաքում հաշվառված 25 104, ՀՀ մարզերում հաշվառված 23 875, օտարերկրյա 3034 ուսանողների, հանրապետական հավաքական թիմերի, մանկական և պատանեկան սպորտային դպրոցների 14890 մարզիկների:

Այս ամենին զուգահեռ, պոլիկլինիկան նաև անվճար բուժսպասարկում է իրականացրել Ջավախքի և ԼՂՀ քաղաքացի ուսանողների համար:

«Ընկերության լուծարմամբ պետությունը խնայողություն չի անում»,- հայտարարում են աշխատակիցները ու հավելում, որ տվյալ գործառույթները բաժանվելու են 3 բուժական հաստատությունների միջև, փոխանցվելու են հավելյալ վճարներ վերջիններիս մատուցած ծառայությունների դիմաց: Փաստորեն պետությունը կատարելու է նույն ծախսը, սակայն փոփոխվելու են օբյեկտները: Նման բաժանման հետևանքով վերացվելու է մատուցվող ծառայության որակն ու արդյունավետությունն ապահովող կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ կենտրոնացվածությունը: Մինչդեռ, ինչպես նշում է պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով նախկին տեղակալ Անահիտ Վանցյանը, յուրաքանչյուր առաջադեմ երկրում արդյունավետ գործում են կենտրոնացված ուսանողական պոլիկլինիկաներ:

Հատուկ պոլիկլինիկա

ՀՀ առողջապահության նախարարության նախկին ղեկավարության ներկայացրած մեկ այլ հիմնավորման համաձայն՝ ուսանողական պոլիկլինիկայի լուծարման համար «խնայված» գումարներն ուղղվելու էին հեմոդիալիզի զարգացմանը: «Փաստորեն, առողջապահության մեկ ոլորտի խթանումը պայմանավորվում է մեկ այլ ոլորտի իսպառ վերացմամբ՝ հետին պլան մղելով երիտասարդ սերնդի առողջությունը և անտեսելով ապագա զինվորների և մայրերի առողջության պահպանման խնդիրը»:

Ինչ վերաբերում է նախարարության պնդմանը, թե պոլիկլինիկան շահույթ չունի, ապա նախկին աշխատակիցները մեկ անգամ չէ, որ փաստերով ու թվերով ապացուցել են՝ պոլիկլինիկան շահույթ ունեցող բուժհաստատություն է, ընդ որում շահույթը տարեցտարի աճում էր:

Պոլիկլինիկայի կողմից բուհերի ֆիզիկական դաստիարակության ամբիոնների հետ համատեղ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ուսումնական տարվա սկզբում անցկացվում էր ուսանողների բազմակողմանի պարտադիր բուժպրոֆիլակտիկ քննություն, որի արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ ձևավորվում էին ֆիզիկական դաստիարակության խմբեր:

Վերոնշյալ պրոֆիլակտիկ քննության շնորհիվ հայտնաբերվում էին բազմաթիվ առաջնակի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի արատները, լյարդի հիվանդությունները, տեսողական հիվանդությունները, ոսկրամկանային համակարգի հիվանդությունները և այլն: Տուբերկուլյոզ և այլ վարակիչ հիվանդություններ հայտնաբերելու դեպքում պոլիկլինիկան կատարում էր կենտրոնացված միջոցառումներ ուսանողների և դասախոսների առողջության պահպանման համար:

Պոլիկլինիկայի տարածքում գործում էր բոլոր բուհերի համար միակ բուժական ֆիզկուլտուրայի բաժինը, որտեղ առողջական խնդիրներ ունեցող շուրջ 350 հիվանդ ոչ միայն լրացնում էր բուհական դասաժամը, այլև ստանում էր համապատասխան վերականգնողական բուժում:

Խնդիրներից մեկն էլ պոլիկլինիկայի լուծարման հետևանքով շուրջ 100 բուժաշխատողի անգործ թողնելն էր: Անցած տարի, երբ ակտիվացան «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին խոսակցությունները, աշխատակիցները ՀՀ նախագահականի միջոցով հասան նրան, որ Ալթունյանը գոնե մեկ անգամ հանդիպի իրենց հետ և լսի իրենց տեսակետներն ու հիմնավորումները: Այդ ժամանակ նախարարը խոստացել էր, որ պոլիկլինիկայի լուծարումից հետո ոչ ոք առանց աշխատանքի չի մնա, սակայն խոստումը չի կատարվել: 100 աշխատակցից միայն 15-ին են զանգահարել և հրավիրել նախարարություն՝ աշխատանք առաջարկելով Սևանում, Արթիկում, Ամասիայում, Ծաղկահովիտում և այլ մարզային բնակավայրերում, սակայն աշխատակիցները պարզել են, որ նշված տեղերում բուժաշխատողների թափուր տեղեր չկան:

Ուսանողական պոլիկլինիկայում շուրջ 45 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ Աիսա Հարությունյանն ասում է, որ բուհերից մի քանիսն ուսանողական պոլիկլինիկայի՝ իրենց բուժկետի թերապևտներին պահել են և վարձատրում են բուհի միջոցներով: Այնուամենայնիվ զրուցակիցս նշում է, որ բժշկական ծառայությունների ամբողջական ծավալի ապահովման համար միայն թերապևտը բավարար չէ: «Սեպտեմբերին բուհերն անխուսափելիորեն կբախվեն այս խնդրին, քանի որ առանց բուժզննման բուհն իրավունք չունի ուսանողին ֆիզկուլտուրայի դասընթացի մեջ ներառել»,- ասում է նա,- բացի այդ, մենք ամբողջ տարվա ընթացքում պրոբլեմատիկ ուսանողների հետ կապի մեջ էինք, կոնսուլտացիաներ էինք ապահովում, բժշկական օգնություն էինք մատուցում և այլն»:

Հատուկ պոլիկլինիկայի լուծարման հարցն անցյալ տարի քննարկվել է նաև Հանրային խորհրդում շահագրգիռ կողմերի ներկայությամբ: ՀԽ անդամները նույնպես կարևորել են բուժհաստատության պահպանումը:

Աշխատանքային կոլեկտիվի կարծիքով՝ ուսանողական պոլիկլինիկայի լուծարումն ուներ չբարձրաձայնված պատճառներ, դրա վառ ապացույցն այն է, որ պոլիկլինիկայի տարածքը՝ հագեցած գույքով և սարքավորումներով, առայսօր պահպանված է:

Ինչևէ, աշխատակիցները հույս ունեն, որ նոր իշխանությունները խոհեմ կգտնվեն և հարցը կվերանայեն հոգուտ պոլիկլինիկայի վերաբացման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: