Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն


  
դիտումներ: 675

Այս հոդվածով սկսում ենք քրեական դատավարությանն առնչվող հարցերի հոդվածաշարը։ Այս և հաջորդ համարում կանդրադառնանք քրեական դատավարության սկզբունքներին։

Քրեական դատավարության սկզբունքներն ամփոփում են ամբողջ քրեական դատավարության էությունը։ Հենց այս սկզբունք-նորմերից են բխում քրեական դատավարության օրենսգրքի մնացած նորմերը։

Օրինականություն

Օրինականության սկզբունքը կարգավորում է 2 խումբ հարաբերություններ:

ա) Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, քրեական դատավարության օրենսգիրքը և մյուս օրենքները։

բ) Ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաև իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով և կարգով։

Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև: Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված անձնական կամ սոցիալական բնույթի որևէ հանգամանքից, արգելվում է:

Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը

Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների և անձանց համար։

Դատարանը թույլատրում է անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում:

Նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով:

Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում: Անձին չի կարելի հարկադրել մասնակցելու իր արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները:

Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը

Յուրաքանչյուր ոք տվյալ օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալու իրավաբանական օգնություն:

Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև տվյալ օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: