Հայերեն   English   Русский  

​Ի՞նչն է հուշում քաղցկեղի մասին


  
դիտումներ: 2451

Ամերիկյան ուռուցքաբանության ընկերությունը միայն ԱՄՆ-ում և միայն 2015 թ. քաղցկեղի 1,5 մլն դեպք է արձանագրել: Փորձագետները միաբերան պնդում են, որ վաղ շրջանում հիվանդության հայտնաբերումը որոշիչ նշանակություն ունի հիվանդության դեմ արդյունավետ պայքարում:

Քաղցկեղը մի քանի փուլով է զարգանում, որոնք չի կարելի անտեսել: Ուշադրություն դարձրեք օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխություններին, քանի որ դրանք կարող են ոչ միայն այդ հիվանդության առաջացման մասին հուշել: Սակայն չտագնապենք յուրաքանչյուր փոփոխության հետ. դրանք սոսկ նշանակում են` ժամանակն է մասնագետի դիմել:

Փորափքանք

Անհասկանալի ու քրոնիկ գազառաջացումը կարող է նույնիսկ ձվարանների քաղցկեղի հուշում լինել:

Մասնագետը բացատրում է. «Ձվարանների քաղցկեղը լուռ մարդասպան է: Սովորաբար ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ ուտելուց հետո արագ ու կանոնավոր կերպով փորափքանք է ունենում»:

Եթե զգում եք, որ ստամոքսի լեցուն լինելու զգացումն առաջանում է շատ արագ, հետն էլ գոտկատեղում կանոնավոր ցավ է առաջանում, ապա բժշկի այցելեք: Մանավանդ եթե նման զգացում ունենում եք օրեր շարունակ:

Անկանոն արյունահոսություն կանանց մոտ

Ցանկացած անկանոն արյունահոսություն, որը կապ չունի, ասենք, դաշտանադադարի հետ, այլ խնդրի հուշում կարող է լինել, օրինակ` էնդոմետրիայի կամ արգանդավզիկի քաղցկեղի:

Մասնագետն ասում է. «Ցանկացած արյունահոսություն, նույնիսկ ոչ շատ, որ հայտնվել է սպիտակեղենի վրա, նորմալ չէ, էլ չխոսենք թանձրուկների մասին«: Եթե նման բան եք նկատում, ապա փորձեք առանց հետաձգելու պարզել, թե ինչն է պատճառը:

Կանանց մոտ ցավը որովայնի խոռոչում կամ փոքր կոնքում

Այս տեսակի ցավը կարող է ձվարանների հետ կապված լուրջ խնդրի մասին հուշել: Եթե այն ուղեկցվում է նաև փորափքանքով, ախորժակի կամ միզարձակման հետ կապված խնդրով, ուրեմն անմիջապես բժշկի այցելեք:

Ամերիկյան ուռուցքաբանության ընկերությունը գրում է. «Նման ախտանշաններ նկատվում են նաև այլ խնդիրների դեպքում: Իսկ եթե դրանք քաղցկեղով են պայմանավորված, ապա կայուն ու կանոնավոր են լինում»:

Մեջքի կայուն ցավը տղամարդկանց մոտ

Այս խնդիրը շատ պատճառներ կարող է ունենալ, բարեբախտաբար դրանց մեծ մասի պատճառըք քաղցկեղը չէ: Այդուհանդերձ հաստ աղիքի, շագանակագեղձի քաղցկեղը հիմնականում ուղեկցվում են մեջքի սուր ցավով: Այնպես որ, եթե նման խնդիր ունեք, հետազոտվեք:

Healthline-ը գրում է` հաշմանդամության հասցնող պատճառների թվում հաճախ է հիշատակվում մեջքի ցավը: Սակայն եթե այդ վիճակը կանոնավոր կրկնվում է, ապա հնարավոր է՝ խնդիրն ավելի լուրջ է:

Ամորձիների փոփոխություն

Քաղցկեղից պաշտպանվելու լավագույն մեթոդը զննումն է. դրանց չափսի, ձևի փոփոխության հայտնաբերումը կօգնի ժամանակին ազատվելու լուրջ խնդիրներից:

Մասնագետը խորհուրդ է տալիս. «Եթե նկատեք ավելորդ մի բան, ծանր նորագոյացություն, երբեք հետազոտությունը մի հետաձգեք: Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի, որը դանդաղ է զարգանում, ամորձիների քաղցկեղը կարող է մեկ գիշերում գոյանալ:

Մի խոսքով, ինքներդ ձեզ հետևեք ու զննեք:

Ազդրերի ու ամորձիների ցավը

Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միայն թիկունք, այլև ազդրեր, նստատեղ ու ամորձիներ ճառագող ցավով կարող է արտահայտվել:

Եվ հիշեք՝ ցանկացած քրոնիկ ցավ ու այտուց հստակ ինչ-որ լուրջ բանի ախտանշան է:

Մշտական հազը

Ընդհանրապես հազը մրսածության հետևանք է համարվում: Բայց եթե այն չի անցնում ու տանջում է ամիսներ, տարիներ շարունակ, ապա դա կարող է վահանագեղձի, կոկորդի կամ թոքերի քաղցկեղի մասին հուշել:

Մասնագետն ասում է. «Մենք գիտենք, որ հազն ու մրսածությունը փոխկապված են: Բայց եթե հազը չի անցնում ամիսներ շարունակ, ապա, առանց վախի, գնացեք ստուգման»:

Ծխելը նույնպես քրոնիկ հազի պատճառ է. «Դա թիվ մեկ քաղցկեղային մարդասպանն է կանանց շրջանում»:

Միզարձակման խնդիրներ

Եթե պարբերաբար խնդիրներ են առաջանում՝ կապված միզարձակման ու կղանքի հետ, ապա դա լուրջ խնդիր կարող է նշանակել:

Healthline-ը գրում է. «Միզարձակման խնդիրներ այսպես թե այնպես բոլորին պատահում են, սակայն լուրջ փոփոխությունները, քրոնիկ ցավը, փքվածության զգացումը կարող են ուղիղ աղիքի քաղցկեղի մասին հուշել»: Եթե կղանքի հետ արյուն է նկատվում, ապա բժշկի դիմելու ժամանակն է:

Քաշի հանկարծակի կորուստ

Քաշի հանկարծակի ու անբացատրելի կորուստը կարող է մի քանի պատճառ ունենալ, սակայն բոլորն էլ` լուրջ: Նման կերպ կարող են արտահայտվել նաև քաղցկեղի մի քանի տեսակներ:

Քաղցկեղի ամերիկյան ընկերությունը գրում է. «Քաշի անբացատրելի, անգամ 5 կգ կորուստը կարող է քաղցկեղ նշանակել: Սովորաբար նման կերպ է արտահայտվում ենթաստամոքսագեղձի, ստամոքսի , կերակրափողի ու թոքերի քաղցկեղը»:

Սթրեսը նույնպես քաշի կորստի պատճառ կարող է դառնալ, ուստի արյան անալիզով կարելի է համոզվել, որ ամեն ինչ կարգին է:

Կրծքի շրջանում փոփոխությունները

Շատերը հավատացած են, որ կրծքագեղձի քաղցկեղը միայն կանանց է սպառնում, սակայն իրականում այն նաև տղամարդկանց չի շրջանցում ու դրա առաջին ախտանշանը կրծքի շրջանում անհասկանալի գնդերի առաջացումն է:

Մասնագետն ասում է. «Տղամարդիկ անտեսում են այդ ռիսկը, սակայն նման դեպքեր պատահում են: Ցավոք, այդ պատճառով մասնագետի օգնության դիմում են շատ ուշացած»: Մինչդեռ կանթագեղձի քաղցկեղը առանց խնդիրների լուծվում է, միայն պետք է ժամանակին դիմել:

Ավշահանգույցների մեծացումը

Խոսքը ոչ մեծ գեղձերի մասին է, որոնք տեղակայված են ամբողջ մարմնում, իսկ դրանցից կարևորագույնները պարանոցի վրա են ու անութներում: Սովորաբար դրանք մեծանում են մրսացնելու կամ կոկորդացավի պարագայում:

Մասնագետը զգուշացնում է՝ եթե մեծացած ավշահանգույցները չեն անհետանում ավելի քան 3 շաբաթ, ապա անպայման դիմեք բժշկի:

Մաշկի փոփոխություն

Ուշադիր պետք է լինել մաշկի վրա ցանկացած փոփոխության դեպքում, քանի որ այդ քաղցկեղը հեշտ է հայտնաբերվում:

Ուշադրություն դարձրեք բոլոր նորահայտ խալերին ու եթե դրանց գույնը, չափսը, ձևը դուր չի գալիս, ապա անպայման դիմեք մասնագետի:

Փոփոխություններ բերանի խոռոչում

Առաջին հերթին ուշադիր եղեք բերանի խոռոչում հայտնված սպիտակ կամ կարմիր բծերին, հատկապես եթե ծխող եք:

Ամերիկյան ընկերությունը գրում է. «Ցանկացած սպիտակ բիծ նախաքաղցկեղային վիճակ է հուշում, ցանկացած փոփոխություն, որ արագ չի անցնում, պետք է բժշկի հետազոտության ենթարկվի»:

Քրոնիկ խիստ հոգնածություն

Հոգնածությունը կարևորագույն ախտանշան է, եթե այն ժամանակի հետ ավելի է սրվում: Նման կերպ են արտահայտվում լեյկեմիան և քաղցկեղի այլ տեսակներ:

Հասկանալի է, որ դա ևս մասնագետի մոտ այցելության առիթ է: Ժամանակին դիմեք մասնագիտական օգնության, որ հետո իզուր կորցրած ժամանակի համար զղջալու պատճառ չունենաք:

***

Մասնագետները վստահեցնում են, որ իրենք ահաբեկելու ցանկություն ամենևին չունեն, պարզապես ցանկանում են բացատրել, որ քաղցկեղը բուժվում է: Եթե այն վաղ փուլում հայտնաբերվի, ապա ոչ մի սարսափելի բան չի կատարվի: Օգտագործելով բժշկագիտության վերջին նվաճումներն առավելագույն կերպով` հնարավոր է ապրել այնպես, ինչպես ապրել եք մինչև հիվանդության հայտնաբերումը: Պարզապես պետք է դիմել ժամանակին և ճիշտ մասնագետի:

Աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է մի քանի մլն մարդ: 2015-ին 8 մլն մարդ է մահացել քաղցկեղի տարբեր տեսակների պատճառով:

Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի գիտնականները պարզել են, որ քաղցկեղ կարող է առաջանալ ատամի մածուկից, ծամոնից, շոկոլադից ու անգամ թխվածքաբլիթից: Բանն այն է, որ դրանց սննդային գույն` տիտանի երկօքսիդ է ավելացվում:

Ճապոնացի գիտնականների նորագույն մշակումները կոչված են օգնելու այդ հիվանդության դեմ պայքարին: Նրանք ստեղծել են սենսորային հաղորդիչով հեռախոս, որը հեռախոսատիրոջ շնչառությամբ կարող է քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլերում:

Որոշ մասնագիտություններ էլ կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման. բեռնակիրները, ֆերմերները, վարորդներն ու վաճառողները ռիսկային խմբում են:

Վտանգավոր մասնագիտությունների ցանկը կազմելու համար գիտնականների ու բժիշկների խումբն ուսումնասիրել է մարդկանց կենսակերպը, ինչպես նաև արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: