Հայերեն   English   Русский  

​Ես հպարտ եմ, որ միայն ՀՀ քաղաքացի եմ


  
դիտումներ: 3400

«Ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շարքի մեր հերթական հանդիպումը ՀՀ «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի փորձագետ, Ռուսաստանյան համահայրենակիցների միջազգային համակարգող խորհրդի անդամ, «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոյի հետ է: Նրա ծնողները աշխատանքի բերումով ծանոթացել են Հայաստանում, ամուսնացել և մնացել այստեղ: Զրուցակիցս հաճույքով նշում է, որ ծնվել է Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ Կոնդում:

Ռուսներն Արևելյան Հայաստանի տարածքում մեծ թիվ են կազմել 1825-27 թթ. հետո, երբ եկել են առաջին ներգաղթյալները՝ ի դեմս մոլոկանների:

- Ժամանակին եղել են 27 ռուսական բնակավայրեր: Օրինակ՝ Սևանը նախկին Ելենովկան է, որ մոլոկանների քաղաք էր, կամ Ճամբարակը, որ դարձյալ ռուսական բնակավայր է եղել, ինչպես Շորժան և մյուսները: Այսօր մոլոկանները համախմբված ապրում են Ֆիոլետովո, Լերմոնտովո գյուղերում, Տաշիրում, Դիլիջանում, Երևանում և այլուր: Ռուս-պարսկական պատերազմից հետո եկան նաև ռուս սպաներ, քաղաքացիական դեմքեր,- պատմում է Յուրի Յակովենկոն:

Ռուսները, որ թվով երկրորդն են ՀՀ-ում որպես ազգային փոքրամասնություն (11.911), Խորհրդային Միության փլուզումից հետո արտագաղթեցին հատկապես 1993-ին ընդունված «Լեզվի մասին» նոր օրենքից հետո, երբ փակվեցին ռուսաց լեզվով դասավանդվող դպրոցները, ինչպես նաև բուհերի ռուսերենով ուսուցանվող բաժինները:

- Այդ տարիներից սկսած՝ արտագաղթը դարձավ հայկական իրականությանը խիստ բնորոշ երևույթ: Իհարկե, հազվադեպ, բայց ունենում ենք նաև այնպիսի դեպքեր, երբ կարճաժամկետ պայմանագրերով աշխատելու են գալիս ռուսական ընտանիքներ և մնում այստեղ: Բացի դրանից, երբ բացվեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, շատ երկրներից եկան ոչ միայն հայեր, այլև ռուսներ: Ահա որոշ ռուս աղջիկներ ամուսնանում են հայերի հետ և մնում Հայաստանում: Այսօր ռուսական համայքն ունի 14 հասարակական կազմակերպություն, որոնք գտել են համերաշխ լինելու ընդհանուր բանալի: Նախ՝ ամեն մեկն իրավունք ունի ղեկավարելու համայնքի ներսում չորս ամիս: Դրանից բացի, յուրաքանչյուր կազմակերպություն առանձին գործունեություն է ծավալում` մշակութային, իրավական, կրթական և այլն: Այդ համաձայնեցված գործունեության արդյունքում էլ ամենաուժեղներից ենք որպես ազգային փոքրամասնություն,- ասում է զրուցակիցս:

Այսօր ռուսական համայնքը ծերացող է, բայց յուրահատկություն ունի. համայնքային կյանքի աշխուժությունն ավելի շատ ապահովում են ոչ թե ազգությամբ ռուսները, այլ Հայաստանում ապրող հայ և այլ ազգերի ռուսախոս ներկայացուցիչները: Մեծ մարդկային ռեսուրս է գոյանում նաև խառնամուսնություններից ծնված երեխաների ու թոռների հաշվին: Յակովենկոն հայտնում է, որ հիմնականում բոլոր ռուսներն էլ ընդգրկված են համայնքում, որովհետև, եթե անգամ կան դեպքեր, երբ մարդը որևէ հասարակական կազմակերպության անդամ չէ, ապա վաղ թե ուշ ծագում են կենցաղային, իրավաբանական կամ բժշկական խնդիրներ, ինչն էլ նրանց համայնք է բերում: Նաև համայնքի ներսում նույն մասնագիտությունն ունեցող մարդիկ փոխանակվում են իրենց փորձով: Փաստորեն, եթե անգամ չեն դառնում կազմակերպության անդամ, ապա շարունակում են մասնակցել միջոցառումներին:

Մեզ հետ զրույցում Յակովենկոն մանրամասնեց, որ «Ռոսիան» 17 մասնաճյուղ ունի ամբողջ հանրապետությունում.

- Կազմակերպությունը ստեղծվել է 1993-ին և հենց այդ ժամանակվանից էլ ՀՀ կառավարությունից իրավունք է ձեռք բերել կոչվելու ՀՀ «Ռոսիա» հասարակական կազմակերպություն, քանի որ աշխատում ենք ոչ միայն երևանաբնակների, այլև մարզերում ապրողների հետ: Այսօր ՀՀ քաղաքացիների հիմնական խնդիրները սոցիալական են, և կազմակերպությունն ամեն ինչ անում է իր անդամներին օգնելու համար: Զբաղվում ենք նաև մանկատանն ու ծերանոցում հայտնված մարդկանց հոգսերով: Ունենք 5000 գրանցված անդամ, բայց աշխատում ենք ավելի մեծ թվով մարդկանց հետ: Օրինակ՝ երիտասարդական ծրագրերի շրջանակներում կազմակերպության անդամների երեխաներն ու թոռները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ ստանալու անվճար բարձրագույն կրթություն: Օլիմպիադիաների, տարբեր մրցույթների մասնակից և հաղթող երեխաներին ուղարկում ենք ճամփորդության «Բարև Ռուսաստան» խորագրով: Միաժամանակ Հայաստանի ռուս բնակչության համար յոթ անգամ սեփական ուժերով անցկացրել ենք հայերենի ուսուցման դասընթացներ: Այնպիսի մոնոէթնիկ երկրում, ինչպիսին Հայաստանն է, ամեն ինչի հիմքում պետք է լինի հայոց լեզուն, և բոլորը պետք է տիրապետեն հայերենին: Մեր աշխատանքում երկու հիմնական ուղղություն կա՝ ուսումնասիրել Ռուսաստանը և հասկանալ Հայաստանը:

Հարցին, թե որ ազգային փոքրամասնության հետ է ավելի հեշտ շփվել, զրուցակիցս պատասխանում է, որ ամեն դեպքում հարազատ են սլավոնական ժողովուրդները, ինչը չի նշանակում, որ չեն շփվում մյուսների հետ:

- Մենք մասնակցում ենք միմյանց կազմակերպած միջոցառումներին և ընկերություն ենք անում՝ անկախ ամեն ինչից: Կարևոր չէ՝ Վրաստանն ու Ռուսաստանը կամ Ռուսաստանը և Ուկրաինան ինչ հարաբերություններ ունեն, որովհետև այստեղ բոլորս միմյանց մոտենում ենք փոխըմբռնումով: Հանդուրժողականության այդ սկզբունքը Հայաստանում հաջողվել է ավելի, քան որևէ այլ տեղ, ինչում համոզվում եմ արտասահման կատարած հաճախակի այցերիս ընթացքում: Ազգային փոքրամասնությունների հանդեպ միշտ խելացի քաղաքականություն է վարվել. մեզ վրա ճնշում չեն գործադրել և որոշումներ կայացնելիս ինքնուրույնություն են տվել,- նկատում է Յակովենկոն:

Նրա համոզմամբ՝ թե՛ այդ արտոնությունները, թե՛ այս հողի հանդեպ ունեցած սերը, չնայած ոչ բարենպաստ պայմաններին և պատերազմի վտանգին, ռուսական համայնքի ներկայացուցիչներին պահել են Հայաստանում:

- Չէ՞ որ այստեղ ենք կրթություն ստացել, գտել հետաքրքիր աշխատանք, ինչ-որ մեկը հանդիպել է իր առաջին սիրուն, այստեղ են ստեղծվել մեր ընտանիքները, ծնվել են մեր երեխաները, թոռները և այստեղ են մեր ծնողների գերեզմանները: Բացի դրանից, մենք շատ համատեղելի ժողովուրդ ենք հայերի հետ, և այստեղ պահպանվել են ինձ համար շատ կարևոր բարոյաէթիկական նորմեր: Մեծ ուշադրություն է դարձվում ընտանիքի ինստիտուտին, ինչքան էլ որ այն փորձում են խեղաթյուրել: Հայկական ընտանիքը մի արտասովոր վայր է, որտեղ բոլորը միմյանց հասկանում են և օգնության հասնում: Ուրախ եմ, որ ռուսները վերցրել են հայի ունեցած ամենալավը: Ես հանգիստ եմ Հայաստանում ապրող ռուս երեխաների ստացած դաստիարակության համար՝ համեմված համամարդկային արժեքներով, որոնք Ռուսաստանում աստիճանաբար հետընթաց են ապրում: Ուստի տարբեր ազգանպաստ միջոցառումների ու ծրագրերի միջոցով պիտի այնպես անել, որ պատանիներն ու երիտասարդները թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում անընդհատ զբաղված լինեն և հեռու մնան Արևմուտքից եկող գենդերային խնդիրների քայքայիչ ազդեցությունից,-անհանգստանում է զրուցակիցս:

Մեր այն հարցին, թե ռուսներն ինչ գույն են ավելացրել հայկական իրականությանը, Յակովենկոն պատասխանում է, որ նախ ռուսն այն մարդն է, որ ազնիվ է, նուրբ և գիտի անմնացորդ ուրախանալ, ինչն էլ փոխանցել են հայերին.

- Պետք է հիշել անցյալը, բայց ապրել ներկայով ու ապագայով: Յուրաքանչյուր հայի աչքերում դարերի կարոտ կտեսնես, որ ժպիտով պիտի փոխարինվի: Ռուսներս միշտ ասում ենք՝ պետք է հիշել կատարվածը, բայց շարժվել առաջ:

Անդրադարձանք նաև «Սլավյանսկայա» դպրոցին և համայնքում առկա կրթական խնդիրներին:

- Այսօր Հայաստանում չկան ռուսական դպրոցներ: Ուղղակի որոշ հայկական դպրոցներ ունեն ռուսական դասարաններ: Բայց նմանատիպ դասարանների համար հատուկ դասագրքեր ու ծրագրեր չկան, բացի այդ, ուսուցիչների վերապատրաստում չի կատարվում: Ռուսաստանն էլ, եթե անցկացնում է դասընթացներ, ապա միայն ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար: Այս հարցը տարիներ անց ավելի սուր կլինի, երբ ընդհանրապես չեն լինի տարբեր առարկաներ ռուսերենով դասավանդող մասնագետներ, ինչը հատկապես կարևոր է հայերեն ընդհանրապես չհասկացող երեխաների համար: Իսկ «Սլավյանսկայան» ո՛չ պետական է, ո՛չ էլ մասնավոր, այլ ռուսական համայնքի դպրոցն է, որն աշխատում է ՀՀ կրթության նախարարության ծրագրերով և ՌԴ-ի դասագրքերով: Մեզ մոտ հայերենով անցնում են միայն հայոց լեզուն և գրականությունը: Մնացած առարկաները դասավանդվում են երկու լեզուներով, որովհետև քննությունները հայերենով են: Դպրոցը վճարովի է: Ներկայումս 1-12-րդ դասարաններում ունենք 40 աշակերտ: Այս տարի կդառնանք 20 տարեկան: Եվ չնայած առկա բոլոր ֆինանսական դժվարություններին՝ անում ենք ամեն բան, որ մեր պատանիները լավագույնս տիրապետեն ռուսաց լեզվին և դպրոցը միշտ հիշեն ջերմորեն,- վստահեցնում է Յակովենկոն:

Երբ խոսեցինք հավատքից, զրուցակիցս ասաց.

- Քրիստոնեական հավատքն առաջինն է, որ միավորում է հայերին ու ռուսներին, չնայած մենք ուղղափառ ենք: Ես հաճախ եմ հայկական եկեղեցիներում տեսնում ռուսների և հակառակը: Չհաշված, իհարկե, մոլոկաններին, որոնք աղանդ են և իրենց առանձին հավաքներն ունեն: Մենք ունենք հրաշալի ուղղափառ եկեղեցիներ Երևանում և մարզերում:

Զրուցեցինք նաև ընտանիք կազմելու առանձնահատկություններից: Ըստ Յակովենկոյի՝ սիրո դեպքում ազգությունը դառնում է երկրորդական:

- Եթե տեսնեք՝ որքան յուրահատուկ, խելացի ու գեղեցիկ են խառնամուսնություններից ծնված երեխաները: Միայն եզդիներն ու քրդերն են փակ այս առումով: Ունենք նաև, իհարկե, մաքուր ռուսական ընտանիքներ:

Ավարտին Յակովենկոն տեղեկացրեց, որ հաճախ է մասնակցում կոնֆերանսների, շփվում աշխարհի տարբեր ռուսական համայնքների հետ: Եվ հասկացել է, որ ամենուր նույն խնդիրներն են, գոնե նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում: Նա նշեց նաև, որ ընկերություն են անում Ռուսաստանի հայկական համայնքների հետ: Նրա խոսքով՝ հայերը Ռուսաստանում լավ են ապրում, բայց կարոտում են իրենց հայրենիքը.

- Եթե այստեղ խնդիրներ չլինեին, նրանք վաղուց վերադարձած կլինեին: Բայց մյուս կողմից էլ այս վիճակը մի ելք ունի՝ հայերի վերադարձը Հայաստան: Հայը պիտի ապրի իր հայրենիքում, դաստիարակվի հայկական ավանդույթներով, իսկ հայ գործարարները պիտի մտածեն՝ ինչպես անել, որ Հայաստանը դառնա ծաղկող երկիր, որ անհատ բարերարների տված գումարներն օգտագործվեն ի նպաստ երկրի ու բնակչության, այդ թվում և ազգային փոքրամասնությունների, որ այս պայծառ ծիածանի մի մասն են: Կուզենայի, որ արևը մշտապես փայլեր այս օրհնյալ, իրապես աստվածաշնչյան հողի վրա, որտեղ մարդն իրեն ավելի մոտ է զգում Աստծուն: Ես շատ եմ սիրում Հայաստանը: Երբ անգամ գործնական ուղևորության եմ գնում Ռուսաստան, երրորդ օրն արդեն կարոտում եմ և ո՞ւր եմ ուզում վերադառնալ, տուն... Ես հպարտ եմ, որ միայն ՀՀ քաղաքացի եմ: Եթե որոշել եմ հավերժ մնալ այս երկրում, ի՞նչ եմ անում ուրիշ երկրների քաղաքացիությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: