Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Ամենակարևորը` ռիսկ, տաղանդ, աշխատասիրություն


  
դիտումներ: 5039

Ես շատ հանդիպումներ եմ ունեցել արձակագիր Լևոն Ջավախյանի հետ և ամեն անգամ վերհիշել եմ պատմվածքների նրա առաջին ժողովածուի խորագիրը՝ «Ամենաանկեղծ մարդը»:

Աչքերում ցոլցլուն կրակների բռնկումներ ունեցող այդ մարդն անմիջապես անկեղծանում է, գրավում հոգիդ, և ուզես-չուզես բարեկամանում ես: Է՛, բարեկամությունից էլ լավ բա՞ն: Առավել ևս բարեկամությունը մի մարդու հետ, որն ըստ արժանվույն է ներկայացնում իր ծննդավայրն ու նրա մարդկանց:

Սրտի խոսք էր անդրանիկ ժողովածուն, ինքնաներկայացման հաջողված փորձ: Ո՛չ հավելագրումներ կային այստեղ, ո՛չ էլ ավելորդ համեստություն: Արժեքավորեց ընթերցողը գրողի աշխատանքը և սիրով սպասում էր նոր թռիչքների: Հետո լույս աշխարհ եկան մյուս ժողովածուները` «Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը» (1999), «Հիսունհինգ» (2005), «Արծաթագիր» (2010) և «Վերնիսաժ» (2014):

Վերջերս «Լուսակն» հրատարակչությունը ընթերցողի դատին հանձնեց լոռեցուն բնորոշ «Ծնկան ծերին» խորագրով նոր ժողովածուն: Պատմվածքների մի ինքնատիպ ժողովածու, որի տիտղոսաթերթում կարդում ենք. «Իր ստեղծագործությունը իր կյանքն է: Հեղինակը կյանքի ծաղիկ չի քաղում: Նա մեղվի նման մեղվաջան թռչում է ծաղկից ծաղիկ և կյանքի նեկտար է բերում»:

Ժողովածուն եզրափակում է «Վերջաբանի փոխարեն» վերտառությամբ Լևոն Ջավախյանի և Վարդուհի Սիմոնյանի ընդարձակ հարցազրույցը: Այստեղ արձակագիրը բացում է իր կյանքի բազում բանաձևերից մեկը` ամենակարևորը արվեստի մեջ ռիսկն է՝ գործի 50 տոկոսը: Մյուս 50 տոկոսն էլ տաղանդն ու աշխատասիրությունն են: Իմ խորին համոզմամբ՝ հենց այդպիսին է Լևոն Ջավախյանը որպես գրող, որպես մարդ քաղաքացի: Նա իր պատմվածքներով օգնում է մեզ ճանաչելու Մարկեսին, Պուշկինին, Լերմոնտովին, Մաթևոսյան եղբայրներին, նաև մեծ ու փոքր մեր իշխանավորներին, ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, շնողցի վարժապետ Աստանին…

Առաջինը հենց «Աստան» պատմվածքն է, որ ինձ տարավ իմ մանկության օրրան Շնող գյուղի մեյդան, ու հիշեցրեց իմ շատ համագյուղացիների, որոնք արդեն հուշ են՝ հավերժին պահ տված իրենց բազմապրոֆիլ հետագծերով: Շնողի մասին է եղել Լևոն Ջավախյանի առաջին պատմվածքը, որ գրել է 30 տարեկանում: Շնողի ներկան է այս ժողովածուի «Ես այդ ես եմ» պատմվածքում, որտեղ Լևոն Ջավախյանը կոչ է անում ամենքիս տեր դառնալ մեր թագավորությանը:

Մամուլից վաղուց արդեն ծանոթ էին «Մոր նամակը իր անարժան որդուն` Լևոն Ջավախյանին» և «Ի պատասխան մորս նամակին» պատումները: Բայց մայրական սիրո դրսևորման ու կարոտի զգացողության այս անզուգական տողերը կարդացի ոչ մեկ անգամ ոչ այն պատճառով, որ չէի ըմբռնել, պարզապես հիշեցի լուսահոգի մորս ու փորձեցի Լևոն Ջավախյանի օգնությամբ «փարվել» նրան ու բոլորիս համար բարձրաձայնել արձակագրի «Ցավը տարավ իմ մորը… թող աստված պահի ձեր մորը» տողերը: «Երկու պատմվածքի» մեկնարկում էլ Վահան Իշխանյան-Լևոն Ջավախյան երկխոսությունից տեղեկանում ենք, որ Վահանի հայրը` ճանաչված լեզվաբան, հայագետ Ռաֆայել Իշխանյանը, պատերազմի ժամանակ գերի է եղել ու այդ գերության մասին բացառիկ պատմություններ ու ուշագրավ նկարագրություններ ունի:

Ժողովածուի համար որպես առաջաբան ընտրված է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի՝ «Գրական թերթում» ժամանակին հրատարակված ընդարձակ խոսքը Լևոն Ջավախյանի ստեղծագործությունների արժևորման մասին: Հենց դրա արձագանքը եղավ արձակագիր Սամվել Բեգլարյանի հակազդումը և երկար շարունակված բանավեճը: Չեմ ուզում խառնվել գրական այրերի գործին կամ կրկին բոցավառել կրակը, բայց ուզում եմ բարձրաձայնել Լևոն Ջավախյանի «Հարգարժան Սամվել Բեգլարյան, մենք ապրում ենք ադրբեջանցիների և թուրքերի հարևանությամբ, վաղ թե ուշ հաշտության ձեռք ենք մեկնելու: Աստված տա, արյունոտված չլինի այդ ձեռքը» տողերը:

Լևոն Ջավախյանը պարգևներ չի սպասում: Նրա ամենամեծ պարգևը ընթերցողի ջերմ խոսքերն են, ծանոթ-անծանոթի՝ երևանյան վերնիսաժում և այլուր հնչող մաղթանքները: «Անդին» ամսագրի «Լավագույն պատմվածք» անվանակարգում 2015 թ. մրցանակը նրա համար շատ պարտավորեցնող է և ներշնչանքի լավագույն աղբյուր: Իսկ 2017 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Մովսես Խորենացի մեդալով պարգևատրվելուց հետո գրել է. «Ծանր է Խորենացու մեդալը» պատմվածքը, որում «Լևոն, ո՞նց ես յոլա գնում…» ՀՀ նախագահի հարցադրմանը հետևել է «Ես ապրելու ձևը գտել եմ» ամեն ինչ ասող պատասխանը: Շարունակությունը եղել է անաչառ ծիծաղ, որ հետո պիտի հայցեր շատերի անհարկի ու գաղափարազուրկ դժգոհությունը:

Գաղափարները շատ են Լևոն Ջավախյանի գրքերում, այնքան շատ, որ մեզ մտովի հասցնում են 2021 թվական, Ստոկհոլմ: «Խոսք՝ Նոբելյան մրցանակ ստանալու առթիվ» պատմվածքում («Հիսունհինգ») հեղինակը եզրահանգում է. «Մարդը մարդու բարեկամն է, իրականում՝ թշնամին»:

Մարդիկ, ես Ձեզ չեմ սիրում, բացի Նոբելից, …, Վանո պապից…, Հիսուս Քրիստոսից, - գրում է հեղինակը՝ միանգամից փարատելով կարծիքը, թե ինքն այս մի տեղում գոնե վատատես է, պարզապես ատում է չարիքն ու թշնամությունը: Դե ուրեմն, հարգարժան ընթերցող, «ոչ միայն նայենք Լևոն Ջավախյանի դեմքին, այլև կարդանք նրա մտքերը…»:

Ծնկան ծերին էլ Լևոն Ջավախյանը լուրջ մտքեր է դաջել:

Արժե նաև ավելացնել, որ ժողովածուի շապիկին գրողի եղբոր` ՀՀ նկարիչների միության անդամ, Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի «Լոռվա բնապատկեր» գեղանկարն է: Ժողովածուի խմբագիրը և սրբագրողը արձակագրի բազմաշնորհ դուստրն է` Աննա Ջավախյանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: