Հայերեն   English   Русский  

​Մազահեռացման միջոցներ


  
դիտումներ: 1347

Ոչ այնքան վաղ անցյալում ավելորդ մազածածկույթն ու անցանկալի մազերն իսկական ողբերգություն էին կանանց համար: Սափրելը, ունելիով քաշելը կամ էլ բիոէպիլյացիան (շաքարի թանձրահյութով, խեժով կամ էլ մոմով) այն մեթոդներն էին, որոնցով կարելի էր որոշ ժամանակով ազատվել անցանկալի մազածածկույթից, իսկ իրականում մազապարկերը մնում էին ու ավելի կոշտանում, հաստանում, ու թե մինչ այդ միայն դու գիտեիր դրա մասին, ապա այժմ արդեն այն օտար աչքից թաքցնելը դառնում էր անհնար:

Հիմա նայում ես կանանց դեմքին և ուրախանում, թե ինչպես է, որ բոլորը հարթ ու մաքուր, առանց ավելորդ մազերի մաշկ ունեն նախկին գերօքսիդով անբնականորեն գունափոխածի փոխարեն: Լավ է, որ կանանց այդ մի հոգսն այսօր կարելի է հեշտությամբ ու անհետևանք լուծել: Դրա համար պարզապես պետք է իմանալ, թե ինչ մեթոդներ, միջոցներ կան ու ընտրել դրանցից ամենահարմարն ու մատչելին: Հարթ մաշկը կնոջը գրավիչ է դարձնում ու ինքնավստահություն հաղորդում: Որո՞նք են դրանք:

Ամենապարզ ու հասանելի միջոցներից է ածելին, սակայն հաջորդ օրն իսկ սափրած մազը կրկին սկսում է ծլել:

Ամենատարածվածը կենսաէպիլյացիան է` մոմովը: Տնային պայմաններում խեժ ու մոմ պատրաստելն արգելվում է: Դեղատներում վաճառվում են հատուկ կպչուն շերտեր, որոնցից օգտվելու եղանակը կարող եք կարդալ հենց տուփի վրա: Այս մեթոդի վատն էլ այն է, որ կտրուկ քաշելու հետևանքով մաշկը գրգռվում է ու հետագա օրերին կրկնելը չի խրախուսվում: Այն կարելի է օգտագործել ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի մազերի հեռացման նպատակով: Տնային միջոցներից է ունելին: Ունելիով արմատախիլ արված նուրբ, բարակ մազերը, ի վերջո, վերածվում են կոշտ ու կոպիտ, զսպանակաձև ու ամուր բուսածածկույթի, որի դեմ պայքարելը շատ է դժվարանում:

Մազահեռացնող քսուքներ. դրանք կարող են ալերգիաների ու մաշկի գրգռման պատճառ դառնալ: Ճիշտ է, այս մեթոդները համարվում են շատ արդյունավետ, սակայն` ոչ երկարաժամկետ:

Վիբրաէպիլյատոր. սա բավականին տանջալի գործողություն է ու բավականացնում է ընդամենը 2 շաբաթ:

Շուգարինգ. մեղրով կամ շաքարով պատրաստվող միջոցներն են ու դրանով կարելի է հեռացնել միայն ձեռքերի ու ոտքերի մազերը:

Էլեկտրաէպիլյացիա. թույլ հոսանքով քայքայում է մազարմատը: Սա արդյունավետ միջոց է, նույնիսկ ճերմակ ու բաց գույնի մազերի, սակայն ոչ բիկինիի, կրծքի (հատկապես եթե մաստոպաթիա ունեք) և թևատակերի մազահեռացման համար: Ու եթե մասնագետն այնքան էլ արհեստավարժ չէ, հնարավոր է, որ դրանից հետո մաշկի վրա հետքեր մնան:

Ֆոտոէպիլյացիան կատարվում է բարձր էներգետիկ իմպուլսային լամպի միջոցով:

Լազերային էպիլյացիայի մեթոդն արդյունավետ է դեմքի. պարանոցի, թևատակի, բիկինիի, ձեռքերի, ոտքերի ու պտուկների մազահեռացման նպատակով:

Սակայն խնդիրներ ունեն ոչ միայն կանայք: Այսօր լազերային էպիլյացիայից օգտվում են նաև տղամարդիկ: Նրանք այս միջոցով հեռացնում են դեմքի, պարանոցի, մեջքի, ականջների ու կրծքի մազերը: Նրանք, ովքեր կարծում են, թե կոշտ ու մուգ գույնի մազեր ունեն ու մարմի խնդրահարույց մազածածկ հատվածներ, աշխատում են օգտվել լազերային էպիլյացիայից: Այն անցանկալի մազերի հեռացման արդյունավետ ու արագ միջոց է: Գործողությունից մոտավորապես 3-10 օր հետո թվում է, թե մազերը կրկին աճում են, սակայն դրանց մեծ մասը թափվում է ընդմիշտ: Հաջորդ փուլը 14-25 օր հետո է կատարվում, մազերն աստիճանաբար թափվում են: Այսպես շարունակվում է 6 շաբաթ, որից հետո մազերի 85-95%-ն այլևս չի աճի: Իսկ մնացածն էլ` կդառնա աննկատ:

Ներկայումս գոյություն ունի լազերային նորագույն համակարգ, որում միահյուսվում են լազերային ու ֆոտոէպիլյացիայի լավագույն հատկությունները: Լազերն ազդում է միայն մազարմատի ու մազի վրա՝ չդիպչելով մաշկին:

Այս բոլոր միջոցներն էլ մազոտության հետևանքը վերացնելու համար են ստեղծված, իսկ պատճառները կարող են ինչպես ժառանգական լինել, այնպես էլ ներզատիչ (հորմոնալ) համակարգի, վահանաձև գեղձի, ձվարանների, հիպոֆիզի, մակերիկամների հիվանդությունների հետևանք լինել Ուստի խնդիրը պետք է ոչ միայն կոսմետիկ միջոցներով, այլև ներզատաբանի ու գինեկոլոգի հետ համատեղ լուծել:

Որպեսզի մազերը չաճեն, անհրաժեշտ է արևից ու սոլյարիից հեռու մնալ: Սնուցող քսուքներ հնարավորինս քիչ օգտագործել, հատկապես` A և E վիտամիններ պարունակող: Հորմոն պարունակող դեղորայք, քսուք, հակաբեղմնավորիչ դեղահաբ օգտագործելուց առաջ էլ խորհրդակցել բժշկի հետ:

Ինչո՞ւ չենք կարողանում դրանք իսպառ վերացնել…

Բանն այն է, որ մազի աճը 3 փուլով է ընթանում: Ու չկա մի պահ, որ բոլոր մազերը լինեն աճման նույն փուլում, ու դա լավ է, քանի որ, եթե թափվելու լինեն, ապա մարդը միանգամից կճաղատանա, իսկ մազահեռացման համար գոնե 3 անգամյա գործողություն պետք է կրկնել, որպեսզի ազատվենք անցանկալի մազերից:

Էպիլյացիա և դեպիլյացիա

Որն է այս մեթոդների տարբերությունը:

Դեպիլյացիայի դեպքում նպատակը մաշկի մակերեսից մազի հեռացումն է. այս միջոցով վերացվում է այն մազապարկը, որից աճում է մազը: Իհարկե, մոմով ու շաքարով միջոցները ևս օգնում են մազածածկույթն ավելի նոսր դարձնելուն, եթե ճիշտ կիրառվեն, այսինքն` պետք է պատրաստի զանգվածը քսել մազերի աճման հակառակ ուղղությամբ և հեռացնել աճի ուղղությամբ:

Իսկ էպիլյացիայի մեթոդը երաշխավորում է, որ հետագայում մազահեռացման ընթացքում մշակված մազապարկից այլևս ոչինչ չի աճի: Ասվածի վերաբերյալ կասկածներ հաստատ կլինեն, սակայն չմոռանանք՝ հնարավոր է, որ մազահեռացված պարկի հարևան քնած արմատներից որոշ ժամանակ անց նոր մազեր ծլեն: Հենց դրա համար էլ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո տևական ժամանակ հանգիստ տալ մաշկին, որ քնած մազապարկերից ծլած անցանկալի մազերի դեմ հնարավոր լինի պայքարել:

Ամեն դեպքում հիշենք, որ բնությունն ինչ էլ որ ստեղծել է, ստեղծել է որոշ նպատակով: Էվոլյուցիայի արդյունքում մարդու մարմնի գերակշիռ մասը զրկվել է «մորթուց», սակայն անութափոսերում ու աճուկային շրջանում դեռևս պահպանվում է բնական ծածկը: Գիտականորեն ապացուցված է, որ նշված հատվածներում մազածածկույթի առկայությունը ֆերոմոններով է պայմանավորված, այսինքն` այդ հատվածներում հատուկ քրտնագեղձեր կան, որոնք ֆերոմոններ են արտադրում, իսկ մազերը տարածում են դրանց մոլեկուլները: (Ֆերոմոնները մոլեկուլներ են, որոնց դերը հակառակ սեռին գրավելն է: Հայտնի է նաև, որ քթի հատվածում այդ մոլեկուլները որսացող օրգան կա, ու ֆերոմոնների ակտիվությամբ են տղամարդիկ ու կանայք գնահատում միմյանց սեքսուալ գրավչությունը:)

Հետաքրքիր փաստեր

Մազեր աճում են յուրաքանչյուր մարդու մարմնի վրա, նույնիսկ մոր արգանդում փոքրիկը պատված է աղվամազով, որը մինչև լույս աշխարհ գալն արդեն թափվում է: Ամենաքիչ մազեր ունեն կարմրահերները (80 հազար), սակայն դրանք կոշտ են ու հաստ: Շիկահերների մազերն ամենից շատն են (140 հազար), սակայն բարակ են, իսկ սևահերների ու խարտյաշ մազեր ունեցողների մոտ 110 հազար մազ է հաշվվում:

Գլխի մազերի ընդհանուր թիվը 90-100 000 է:

Մազի տրամագիծը 0,1 մմ է:

Մազերն արագ են աճում տաք պայմաններում (տարվա տաք եղանակին):

Տարեցների մազերը ոչ միայն դանդաղ են աճում, այլև բարակում են:

Մազապարկերի թիվը տարբեր է կանանց ու տղամարդկանց մոտ, իսկ դեմքին թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց դեպքում միանման է:

Կանանց մեծամասնության մոտ դաշտանադադարից հետո մարմնի վրա մազերը արագ են աճում ու մեծ տարածքների վրա, սակայն այդ երևույթը կարճ է տևում: Պատճառը հորմոնալ ֆոնի փոփոխությունն է:

Մազերի աճի արագությունը կապ չունի սանրվածքի հետ:

Ընդհանրապես մազերն արագ են աճում` օրական 0,5 մմ:

Մասնագետները վստահեցնում են, որ մազերի ճերմակելուց խուսափելու համար կարելի է ծլած ցորեն ներառել օրաբաժնում, որը հարուստ է Е վիտամինով:

Մազերը հրաշալի կլանում են հոտերը, ուստի մազերից հոտ քաշելով՝ կարելի է իմանալ` ծխել է դրանց տերը, թե ոչ, նույնիսկ հնարավոր է հասկանալ, թե ինչ է կերել, ասենք, նախաճաշին: Ընդամենը մի քանի մազի օգնությամբ մասնագետը կարող է որոշել, թե դրանց տերն ինչ վնասակար սովորություններ ունի, ինչով է սնվում, ինչ հիվանդություններ ունի, անգամ՝ ազգությունն ու սեռը:

Մարմնի մազերն ապրում են 3 ամսից մինչև 7 տարի, իսկ գլխի մազերը` մինչև 10 տարի:

Ամեն օր կորցնում ենք 60-100 մազ:

Միջին հաշվով մարդը ուտելու վրա է ծախսում իր կյանքից 5 տարի:

Նյարդի միջով ազդանշանը հաղորդվում է 90 մ/վրկ արագությամբ:

Պատին գլխով հարվածելու պարագայում հնարավոր է 1 ժամում 150 կկալ կորցնել:

Մեկ տարում սիրտը կծկվում է 37 մլն անգամ:

Ուտելու ընթացքում ջուր խմելը կրճատում է բերանի խոռոչի թթվայնությունը 61%-ով:

Հասուն մարդու մարմնում շուրջ 75 կմ նյարդեր կան:

Մարդու յուրաքանչյուր մատը կյանքի ընթացքում ծալվում է մոտ 25 մլն անգամ:

Փռշտոցի ժամանակ օդը բերանից դուրս է թռչում 160 կմ/ժամ արագությամբ:

Ժպիտի ժամանակ 17 մկան է աշխատում:

Մարդն օրական շնչում ու արտաշնչում է շուրջ 23 հազար անգամ:

Սուտ ասելիս մարդը սովորաբար նայում է վերև ու ձախ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: