Հայերեն   English   Русский  

​ՋԱՎԱԽՔ


  
դիտումներ: 4364

Հայը կորուսյալ հայրենիք ունի: Հայը երազանք ունի՝ պատմական արդարության վերականգնումը և հայրենիքի առանձին հատվածների վերադարձը հայության բնօրրան՝ հայոց պետականության շուրջ, հայոց բզկտված հայրենիքի մասերի համախմբումը:

Եվ տարօրինակ է, որ այսօր հայության երազանքն ընդգրկում է պատմական հայրենիքի միայն մեկ հատվածը՝ Արևմտյան Հայաստանը: Իսկ Ջավախքը կարծես մի անտեսանելի ձեռքով դուրս է մղվել հայոց պատմության ծիրից ու հայի հոգեկերտվածքից: Ինչո՞ւ: Չէ՞ որ անարդար է դա: Ջավախքն էլ մեր պատմական հայրենիքի կորուսյալ հատվածն է, ինչպես Նախիջևանը, Պարսկահայքը, Արևմտյան Հայաստանը…

Ջավախքն ի սկզբանե եղել է հայոց հնամենի քաղաքակրթության բնօրրանի մի հատվածը: Այն Գուգարաց աշխարհի գավառներից մեկն է: Ջավախքի մասին մատենագրության մեջ առաջին անգամ խոսում է քերթողահայր Մովսես Խորենացին: Նա հաղորդում է, որ հայոց Վաղարշակ Ա արքան Ջավախքի կեսը որպես ժառանգություն տվել է Շարայի ցեղից Գուշարին և նրան այդ շրջանի բդեշխ է կարգել: Ի դեպ, այս Գուշարի անունից է ծագում Գուգարք աշխարհի անվանումը:

Հայոց այս հյուսիսային գավառը հնագույն շրջանում կոչվել է Զավախա և մաս է կազմել Հայասա-Ազզի պետության: Հետագայում՝ մ.թ.ա. IX դարում, այն մաս է կազմել Արարատյան թագավորության: Մ.թ.ա. VII դարից Ջավախքը մտավ Երվանդունիների հայոց թագավորության կազմի մեջ: Երվանդունիների պետության կործանումից հետո Ջավախքը գրավեցին վրացիները: Վրաց Փառնավազյան թագավորությունը հայոց թշնամի սելևկյանների օժանդակությամբ կարողացավ գրավել Ջավախքն ու երկրամասն անջատել Մեծ Հայքի թագավորությունից: Սակայն շատ չանցած՝ հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160) ազատագրեց Ջավախքն ու միացրեց Արտաշեսյան թագավորությանը: Արտաշեսի օրոք Ջավախքի կենտրոնը Ծունդա կամ Քաջանց ամրոցն էր:

Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանից սկսած՝ այս երկրամասին տիրում էր հայոց Վարձավունի նախարարական տոհմը, որի նստավայրը Վարձունիքն էր՝ ներկայիս Վարձիան:

Դեռևս Արտաշեսյանների օրոք Ջավախքը մտնում էր Գուգարաց բդեշխության կազմի մեջ:

428 թ. կործանվեց Արշակունիների թագավորությունը: Իսկ Գուգարաց բդեշխությունն անմիջականորեն ենթարկվեց պարսկական թագավորությանը, չմտավ հայոց մարզպանության կազմի մեջ և Հայքից ու Վիրքից զատ, պարսից աշխարհակալության կազմում հանդես էր գալիս որպես առանձին միավոր:

VII դարում պարսկական տերությունը կործանվեց արաբների հարվածներից: Արաբները գրավեցին Հայաստանը և Ջավախքը:

Սակայն VIII դարի վերջից արաբների տիրակալությունն ավելի շատ անվանական դարձավ: Հայաստանում ուժեղացավ Բագրատունիների տոհմը և տիրացավ Ջավախքին:

888 թ. հայոց արքա Աշոտ Ա (867-890) գրավեց Ջավախքը, սպանեց ապստամբ Գուրամ Բագրատունուն և երկրամասը միացրեց հայոց թագավորությանը:

1045 թ., Բագրատունիների թագավորության կործանումից հետո, Ջավախքն անցավ վրաց Բագրատունիների պետությանը, վիրա-աբխազական արքա Բագարատ Դ արքան գրավեց այն:

Սելջուկյան արշավանքները վերջ տվեցին վրացական տիրակալությանը Ջավախքում: XII դարի վերջին Վրաստանում բարձրացավ հայոց Զաքարյանների տոհմը: Քսանամյա պատերազմների ընթացքում Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրներն ազատագրեցին Հայաստանի մեծագույն մասը և հիմք դրեցին հզոր պետության: Ջավախքը նույնպես դարձավ Զաքարյան Հայաստանի մաս:

Թմուկ բերդը դարձավ Զաքարյանների Ջավախքի ճյուղի նստավայրը, նրանցից ձևավորվեց Թմոգվեցիների իշխանական տունը: Իշխանության հիմնադիրը Սարգիս Երկայնաբազուկ Զաքարյան-Թմոգվեցին էր:

Սակայն մոնղոլական արշավանքները կասեցրին Զաքարյան պետության ընթացքը:

1266 թ. Սարգիս Ջաղեցի իշխանը, օգտվելով վրաց պետության թուլացումից, հիմնադրեց Սամցխեի անկախ իշխանությունը, որի սահմանները տարածվում էին մինչև Բարձր Հայք: Այս իշխանությունը գոյատևեց մինչև XVI դարը:

XVI դարում Ջավախքը գրավեցին օսմանյան թուրքերը, և երկրամասը մտավ Չլդրի վիլայեթի կազմի մեջ:

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը: Պատերազմից հետո Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին կազմակերպեց Էրզրումի հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան՝ Ջավախք:

Ի դեպ, մինչ այս գաղթն էլ հայությունը Ջավախքում բացարձակ մեծամասնություն էր կազմում: Բացի հայերից, այստեղ բնակվում էին վրացիներ, թուրքեր, XIX դարից՝ նաև ռուսներ: XIX դարի վերջին Ջավախքի բնակչության 73 տոկոսը, համաձայն ցարական արխիվների աղբյուրների, կազմում էին հայերը: Վրացիների թվաքանակը նվազ էր թե՛ թուրքերից, թե՛ ռուսներից:

1918 թ. Ջավախքը գրավեցին թուրքական զորքերը: Տասնյակհազարավոր հայեր զոհվեցին, շատերը գաղթեցին: Մուդրուսի զինադադարից՝ 1918 թ. հոկտեմբերի 30-ից հետո թուրքական զորքերը լքեցին երկրամասը: Սակայն Ջավախքն ու Լոռին անմիջապես գրավեցին վրացական զորքերը:

Լոռիին տիրելու համար ծագած հայ-վրացական պատերազմում վրացիները պարտվեցին և ստիպված դատարկեցին Լոռին: Իսկ Ջավախքը Հայաստանի իշխանությունների անկարողության պատճառով մնաց վրացիների ձեռքին՝:

1921 թ. ՀԽՍՀ ղեկավարությունը բարձրացրեց Ջավախքի հարցը, այն քննարկեց Բոլշևիկյան կուսակցության Անդրերկկոմը: Ադրբեջանցի կոմունիստները քվեարկեցին Վրաստանի օգտին: 1921 թ. նոյեմբերին ՀԽՍՀ և ՎԽՍՀ միջև պայմանագիր կնքվեց, որով էլ գծվեցին հանրապետությունների սահմանները ներկայիս տեսքով:

Այժմ Ջավախքի բնակչությունը կազմում է շուրջ 210 հազար մարդ, որոնցից հայեր են 120 հազարը: Նրանց շուրջ 50 հազարը կաթոլիկ են:

2014 թ. Վրաստանում անցկացվեց հերթական մարդահամարը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ջավախահայության թիվը վերջին 13 տարիներին (նախորդ մարդահամարը Վրաստանում տեղի է ունեցել 2002 թ.) նվազել է շուրջ 30 տոկոսով: Ախալքալաքի շրջանի հայության թիվը նվազել է՝ հասնելով մինչև 45000 մարդու (նախկին 63 000-ի փոխարեն), Նինոծմինդայինը՝ 24500 մարդու (նախկին 34 000-ի փոխարեն)։ Նվազել է ջավախահայության տեսակարար կշիռը, և եթե նախկինում հայերը կազմում էին Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ընդհանուր ազգաբնակչության 65-70 տոկոսը, ապա նոր ցուցանիշներով այն չի հատում 50 տոկոսի սահմանագիծը։

Բավական վատ է կազմակերպված ջավախահայության ազգային կրթության գործը: 2005 թ. Վրաստանում ընդունված կրթության մասին նոր օրենքով որոշվեց Վրաստանի բոլոր ոչ վրացալեզու դպրոցներում ներդնել ուսուցման երկլեզու համակարգը, որով փուլ առ փուլ նախատեսվում է անցնել վրացալեզու ուսուցման:

Ջավախքում են ծնվել ազգային հայտնի շատ գործիչներ Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Աղասի Այվազյանը, աշուղ Ջիվանին, աշուղ Հավասին, աշխարհահռչակ նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Կոջոյանը, անվանի գիտնականներ Հակոբ Մանանդյանը, Ստեփանոս Մալխասյանցը, Արամ Ղանալանյանը, կաթոլիկ հոգևոր գործիչ, կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը, երգչուհի Լուսինե Զաքարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: