Հայերեն   English   Русский  

Նիկոլը ոչ այդքան վարչապետ է, որքան հեղափոխության խարիզմատիկ առաջնորդ, և շարունակում է հանդես գալ այդ ամպլուայում.Ավետիք Չալաբյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1851

Ընկերներ ջան

Ենթադրում եմ, որ երեկ շատերդ հետևում էիք կառավարության ծրագրի հաստատմանը (բառը պատահական չեմ ընտրել) Ազգային ժողովում, ու երեկոյան գարեջրատներում, գինետներում, և պարզապես տներում արդեն մանրամասն վերլուծել եք ամեն ելույթի ամեն դրվագ։

Ես բավական հեռու էի գտնվում երեկ (սովորականից ավել), և իրադարձություններին հետևում էի հատվածներով, հետո արդեն գիշերը նայեցի ելույթների մեծ մասի տեսագրությունը։ Կուզենայի կանգնել հիմնականում Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտված տարբեր մոտեցումների վրա, որովհետև այսօր Հայաստանում քաղաքականության բացարձակ առաջատարը ինքն է, երեկվա մնացած բոլոր ելույթները, նույնիսկ ամենահաջող, ընդամենը շտրիխներ էին իր դիմանակարի ֆոնին (խնդրում եմ իմ ելույթ ունեցող տարբեր ընկերներս չնեղանան)։

Նիկոլ Փաշինյանը մի քանի ուժեղ քաղաքական քայլեր արեց երեկվա ընթացքում՝

ա) բացատրելով ընտրությունների մեկ տարում անցկացնելու անհրաժեշտությունը, այն հիմնավորեց քաղաքական դաշտի կայունացման հրամայականով։ Թեև այստեղ այլ ենթատեքստեր էլ կան, սա իսկապես ժողովրդավարական զարգացման տեսակետից կարևոր քայլ է, և հույս է տալիս, որ մենք հաջորդ Ազգային ժողովում կունենանք շատ ավելի կայուն և ներկայացուցչական քաղաքական կոնֆիգուրացիա, քան ունենք այսօր, և կամ կարող էինք ունենալ, եթե ընտրությունները անցնեին այսօր։

բ) բացատրելով Արցախի հարցում ՀՀ բանակցային դիրքորոշման փոփոխությունը, հիմնավորեց այն ժողովրդավարական զարգացումներով և նրանով, որ Արցախի ժողովուրդը իրեն չի ընտրել, և իր անունից խոսելու մանդատ չի տվել։ Թեև Ադրբեջանը դեռ հազար ու մի հակափաստարկ է բերելու, ներառյալ նաև կոշտ ուժային, այս մոտեցումը շատ շահեկան է, և վաղ թե ուշ Ադրբեջանին ստիպելու է հաշվի նստել նրա հետ, որ ինքը ի դեմս Արցախի, գործ ունի նոր պետական սուբյեկտի հետ, և ոչ թե "ժամանակավորապես օկուպացված" իր նախկին տարածքի։

գ) բացատրելով Կառավարության ծրագրի հիմնական իմաստը, հիմնավորեց այն նախորդ քսան տարիներում ստեղծված անթափանց ու նաև ամենաթափանց կորուպցիոն համակարգը արագ կազմաքանդելու անհրաժեշտությամբ, նորը սարքելու խնդիրը արդարացիորեն թողնելով հաջորդ կառավարություններին։ Սա սեփական առաքելության և ուժերի ճիշտ գնահատում է, իրապես այլ ռազմավարական խնդիր կարճ ժամանակում պետք չի լուծել։

դ) հստակ հրաժարվեց դատական համակարգի վրա ճնշում գործադրելու իր նախորդի պրակտիկայից՝ իրականում պետք է հասկանալ, որ նախկինում քաղաքական մենաշնորհի հիմքը հենց դա էր, ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը, եթե Նիկոլը այստեղ իր խոստման մեջ հետևողական գնտվի, սա ժողովրդավարական զարգացման և իշխանության թևերի հավասարակշռման կարևորագույն խնդիր կարող է լուծել։

Ընդհանուր դրականով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի երեկվա հաղորդակցությունների մեջ կային նաև ինձ համար վիճելի և խնդրահարույց պահեր, դրանցից մի քանիսին ևս անդրադառնամ

ա) մի քանի անգամ շեշտադրվեց, որ այս կառավարության ծրագիրը քաղաքական ուժերի ծրագիրը չի, այլ անձամբ Նիկոլի և հեղափոխական ժողովրդի, և որ այն իրականացվում է հեղափոխական ժողովրդի ուղիղ մանդատով։ Սա ռիսկային խաղ է, և վաղ թե ուշ բերելու է քաղաքական ուժերի հակազդեցությանը և հեղափոխական կոալիցիայից դուրս գալուն, արդեն հիմա դրա առաջին նշանները երևում են։

բ) պնդումը, որ իշխանության բարձրագույն էշելոնում կոռուպցիան վերացված է, քաղաքական միամտություն է։ Անձամբ Նիկոլը թերևս անկաշառ է, բայց կոռուպցիան միայն առաջնորդի անկաշառությամբ չի պայմանավորված․ այլ համակարգային բարդ խնդիր է, առայժմ այդ խնդրի համարժեք լուծման մոտեցումներ չեն նշմարվում։ Ժամանակին անկաշառ Ռոբյեսպերը դրա համար ի վերջո հատուցեց գլխով, իսկ իրեն հաջորդած արտաքուստ հեղափոխական իշխանությունը աչքի ընկավ կոռուպցիայի ծայրահեղ դրսևորումներով, Նիկոլը ևս պետք է հիշի, որ կոռուպցիան կամ նրա հաղթահարումը միայն առաջնորդի անձով չի պայմանավորված, և եթե նպատակ է դրել արմատախիլ անել կոռուպցիան, պետք է հանդես գա դրա խորքային պատճառները հասցեագրող, համակարգային ծրագրով։

գ) այն պնդումը, որ մեզ բավարար է հաղթահարել քաղաքական կոռուպցիան, և մենք կունենանք թռիչքաձև տնտեսական աճ, ևս քաղաքական առասպելաբանության ժանրից է։ Կոռուպցիան մեր երկրում տնտեսական զարգացմանը խոչընդոտող կարևորագույն գործոնն է, բայց բնավ միակը չէ, իսկ մյուս գործոնները շատ հաճախ ավելի խճճված են, ու պարզ լուծումներ չունեն (օրինակ, գյուղատնտեսության մեջ ստվերայնության վերացման խնդիրը, կամ կուտակային կենսաթոշակների խնդիրը, և այլն)։ Ստեղծելով տնտեսական աճի, աղքատության արագ հաղթահարման, հայրենադարձության ուռճացված ակնկալիքներ, Նիկոլը առաջին հերթին սեփական իշխանության տակ է դանդաղ գործողության ական դնում, շատ ավելի ճիշտ կլիներ մարդկանց բացատրել իրականությունը, և պատրաստել նրանց ավելի համբերատար և երկարաժամկետ աշխատանքի։

Նաև ցանկանում եմ նշել, որ երեկվա քննարկումը ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի, և իր կողմից ձևավորված կառավարության միջև հսկայական տարբերությունը։ Նիկոլը ոչ այդքան վարչապետ է, որքան հեղափոխության խարիզմատիկ առաջնորդ, և շարունակում է հանդես գալ այդ ամպլուայում։ Սակայն պատասխանատվություն ստանձնելով ակնհայտորեն տարասեռ և սեփական ժամանակավորությունը գիտակցող կառավարության համար, նա իր վրա է վերցնում պատասխանատվությունը այդ կառավարության հնարավոր մանր ու մեծ ձախողումների համար, այդ պրոցեսը արդեն սկսվել է։ Այս իմաստով, Նիկոլին պետք է արագացնել անցումային շրջանը, սակայն որքանով դա կհաջողվի, ցույց կտա հետագա զարգացումները և առաջացող քաղաքական կոնֆիգուրացիաները, ակնհայտ է, որ մնացած բոլոր ուժերը շահագռգռված են ուղիղ հակառակում, և փորձելու են այն ձգձգել՝ այն հաշվարկով, որ Նիկոլի հեղափոխական ռեսուրսը հնարավորինս մաշվի։

Այսքանով ավարտեմ, ընդամենը ավելացնեմ, որ մեր առաջ բացվում է հետաքրքրիր շրջան, երբ հեղափոխության առաջին հզոր ալիքը աստիճանաբար անցնում է, և հետագա զարգացումները դառնալու են շատ ավելի բարդ ու բազմաշերտ։ Օրը ուրբաթ է, հանգստյան օրերին շատ քիչ ժամանակ է մնացել, ու ընդհանրապես արդեն ամառ է,
բոլորիդ ցանկանում եմ, որ կյանքից ավելի շատ հաճույք ստանաք՝ վերջին հաշվով, այս ամենը արվում է յուրաքանչյուրիդ երջանկության համար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: