Հայերեն   English   Русский  

Պարտադիր կուտակայինը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից. հարցը՝ Կառավարության նիստի օրակարգում


  
դիտումներ: 528

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Դրանում, մասնավորապես, նշված է. « Հոդված 1.«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 81֊րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 և 8.2 մասերով.

«8.1. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սույն օրենքի 6֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 2֊րդ կետերով նախատեսվածսոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը։

8.2. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը, սույն հոդվածի 8․1 մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային վճարի և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 և տարեկան 450 000 դրամը։»։

Հոդված 2․ Սույն օրենքի անցումային դրույթները և սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1․ Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետոառաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

2․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաև հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարևոր է ընդգծել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։

2018թ․ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը։ Համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով հետևյալ փաստերը՝

1.Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

2.Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

3.Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին: Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ և ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում (որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor’s-ի կողմից տրված։

4.Այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև այն դրական արդյունքը, որը կարող ենք ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ:

Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու և համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն և ներառական դարձնելու ուղղությամբ։

Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ, և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:

Համակարգի ներդրման հետ կապված հասարակության հիմնական մտահոգությունը դրանով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռն է։ Դրա մեղման համար պետությունը իր վրա է վերցնում կուտակային համակարգին միացած և այդ դրան միացող անձանց համար դրա ամբողջական ներդրման փուլում առաջացող բեռի զգալի մասը՝ համակարգի սահուն ներդրումը ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, կառավարությունը հանձնառություն է ստանձնում իրականացնելու եկամտային հարկի բարեփոխումներ, որն ուղղված կլինի քաղաքացիների՝ սոցիալական վճարների բեռի զգալի նվազեցմանը։ Ընդ որում, անձանց կողմից որոշակի չափով սոցիալական վճար կատարելը դրական կանդրադառնա համակարգի արդյունավետության վրա, քանի որ քաղաքացիները հետաքրքրված և պահանջատեր կլինեն համակարգի գործունեության նկատմամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է դրվում կենսաթոշակային համակարգին անդամակցող և նոր միացող անձանց կողմից կատարվող վճարների կեսը, որի արդյունքում ապահովվում է համակարգի սահուն և ամբողջական ներդրումը։ Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: