Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզը հայտնվել է կարկուտի հաստ շերտի տակ, լուսանկարներ, տեսանյութ


  
դիտումներ: 418

Շիրակի մարզում հունիսի 12-ի ուժեղ և խոշորահատիկ կարկուտը մեծ վնաս է հասցրել:

https://www.youtube.com/watch?v=YL_wu72xDSc&feature=youtu.be

Մարմաշեն խոշորաված համայնքի մի քանի բնակավայրեր կես ժամից ավելի կարկուտի տեղատարափի տակ են եղել: Հովունիում դաշտերն ու տնամերձերը հայտնվել են կարկտի հաստ շերտի տակ:

՛՛Հացահատիկային բույսերը վնասվել են մոտ 80%-ով, անասնակերը՝ կորնգանն ու առվույտը, մեծ վնաս են կրել: Մի մասը ջարդվել է, մյուսները հավասարվել են հողին, նույնիսկ տեխնիկայով քաղել հնարավոր չէ: Մրգատու ծառերը 100%-ով վնասվեցին, բանջարեղենը նույնպես՛, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Հովունիի վարչական ներկայացուցիչ Լևիկ Խաչատրյանը: Ըստ նրա, գյուղացուն պատճառված վնասը որոշ չափով կարելի է վերականգնել միայն կարտոֆիլի ցանքսերում, այն էլ կրկնակի մշակման եղանակով:

Գյուղացիները եղանակային անակնկալից ուշքի չեն գալիս՝ վարկով ցանած հողը դատարկվել է. բոլոր տեսակի տնկիները կարկուտը սրբել տարել է, հողը դատարկ է, կարտոֆիլի ցողունները այդպես էլ չհասցրեցին ծաղկել, կտոր-կտոր են եղել, հացահատիկը նույնպես մեծ վնաս է կրել, իսկ մրգատու ծառերից միայն հաստ ճյուղերն են մնացել:
Մարմաշենի գյուղերում մի քանի օրում արդեն 2-րդ խոշոր կարկտահարության դեպքն է գրանցվում, համայնքի ղեկավարը նշում է 16 հակակարկտային կայան է տեղադրված, բայց կան գյուղեր, օրինակ Կարմրաքար, Լեռնուտ, Սարիար, որտեղ կայաններ երբևէ չեն էլ եղել: Տեղադրված կայանների միջև էլ հեռավորությունը շատ մեծ է, բավական տարածք հսկողությունից դուրս է մնում, որտեղից էլ կարկտաբեր ամպերը ներխուժում են տարածաշրջան:
՛՛Մեր ֆինանսները չեն ներում, որ նոր հակակարկտային կայաններ տեղադրենք, որպեսզի բաց տարածքներից ներխուժող ամերի դեմն առնենք: Տարածք մտած ամպը չորս կողմից կրակոցների է ենթարկվում, և չի կարողանում տարածքից դուրս գալ, ուստի ճակատային մասից բացի պետք է, որ ներսում էլ ունենանք նման ցանց, որը կլինի պաշտպանիչ երկրորդ շերտ՛՛, - ասում է Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:
Թվերով հստակ նշել գյուղերի կրած վնասները, դեռ հնարավոր չէ, տեղում ուսումնասիրություններ պետք է կատարի մասնագիտական հանձնաժողովը, որից հետո կհրապարակվի վնասի չափը, և եթե նպատակահարմար գտան՝ կներկայացնեն կառավարությանը, որոշակի փոխհատուցման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: