Հայերեն   English   Русский  

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին


  
դիտումներ: 259

Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին,

Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեցին հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։

Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Քննարկվեցին եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: