Հայերեն   English   Русский  

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին


  
դիտումներ: 628

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը: Արայիկ Հարությունյանը բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է Երևանում կառուցվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը, որի բացումը նախատեսվում է արդեն այս ուսումնական տարվա մեկնարկին:

Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա գործնական համագործակցությունը կընդլայնվի: Անդրադառնալով Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացմանը՝ դեսպանը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել չինարեն լեզվի դասավանդման հարցում և այս ուսումնական տարի դպրոց կգործուղի համապատասխան ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Հայաստանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: