Հայերեն   English   Русский  

«Մանե Թանդիլյանը կուսակցության սովորական անդամ չէ. Մեզ համար դա ցավոտ որոշում էր». Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 245

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականը եղել է Մանե Թանդիլյանի անձնական որոշումը:

Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք, բնականաբար, չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը հրաժարական տար կամ դուրս գար կուսակցությունից: Բայց որևէ մեկի որոշման վրա չի կարելի բռնանալ, դրա համար եմ ասում՝ մենք մեծ հարգանքով ենք վերաբերում նրա որոշմանը:

Մանե Թանդիլյանը կմնա մեր գործընկերը, մեր ընկերը, մեր քաղաքական թիմակիցը, և եթե վարչապետն ընդունի հրաժարականի դիմումը, ստիպված կլինենք այլ թեկնածու ներկայացնել: Եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, բնականաբար ուրախ կլինենք: Մենք կուսակցությունում մարդկային լավ ռեսուրս ունենք և ցանկացած նախարարի պաշտոնում կարող ենք մարդ առաջարկել»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի՝ կուսակցությունից հեռանալուն, Մարուքյանն ասաց, որ նման դիմում դեռ չեն ստացել տիկին Թանդիլյանից:

«Նա սովորական անդամ չէ. կուսակցության փոխնախագահ է, բնականաբար, մեզ համար դա ցավոտ որոշում էր: Թանդիլյանը կարող է դուրս գալ կառավարությունից, բայց մնալ կուսակցության կազմում ու շարունակել իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես կա», - ասաց Մարուքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: