Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (Մաս 2)


  
դիտումներ: 3193

Նախորդ հոդվածով սկսեցինք քրեական դատավարությանն առնչվող հարցերի հոդվածաշարը։ Առաջին հոդվածը նվիրված էր քրեական դատավարության որոշ սկզբունքներին, որոնց շարունակությանը կանդրադառնանք այս հոդվածում։

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը

Այս սկզբունքը դրսևորվում է մի շարք իրավունքներում, որոնցից կանդրադառնանք մի քանիսին։ Այսպես, յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան տվյալ օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

Բնակարանի անձեռնմխելիությունը

Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Իսկ բնակարանի զննումը և այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը, այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ, քրեական դատավարության ընթացքում՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ։

Գույքի անձեռնմխելիությունը

Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:

Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: