Հայերեն   English   Русский  

​Կուտակային կենսաթոշակային համակարգը նորից կրքեր է բորբոքում


  
դիտումներ: 1276

Կուտակային կենսաթոշակային համակարգը՝ նախարար-վարչապետ վեճի և մեկ այլ նախարարի հրաժարականի պատճառ դարձավ:

Կառավարության որոշմամբ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարների համամասնությունը կլինի 2.5/7.5 տոկոս, այսինքն՝ 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, իսկ 7.5 տոկոսը կվճարվի պետբյուջեից: Հիշեցնենք, որ նախկինում գործում էր 5/5 համամասնությունը: Ենթադրվում է, որ կուտակային վճարների սահմանված համամասնությունը կպահպանվի, մինչև օրենսդրական փոփոխությունների միջոցով նվազեցվի եկամտային հարկը:

Նման որոշման անհրաժեշտություն ներկայումս առաջացել է, քանի որ հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մաս են կազմելու բոլոր աշխատող քաղաքացիները: Մինչ այս համակարգի մասն էին պետական համակարգի աշխատակիցները, ինչպես նաև այն աշխատող քաղաքացիները, որոնք կուտակայինից հրաժարվելու դիմում չէին ներկայացրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը մինչ պատգամավոր և նախարար դառնալը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ էր, առաջարկել էր պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով և այդ ընթացքում հանրային քննարկումների միջոցով համակարգում փոփոխություններ իրականացնել: Կառավարությունն այս առաջարկը մերժեց: Հաջորդեց Մանե Թանդիլյանի հրաժարականը:

«Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը՝ հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։ Այս գրառումով ես դադարեցնում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։ Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի»,- գրել է Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում:

Ու թեև ոմանք քննադատում են Թանդիլյանին՝ իր օգտին քվեարկած քաղաքացիների կարծիքը հաշվի չառնելու, դժվար պահին պաշտոնից հրաժարվելու համար, միևնույն է, Թանդիլյանը նոր քաղաքական մշակույթ է ձևավորում հայկական իրականությունում: Եթե արևմտյան զարգացած երկրներում բնականոն երևույթ է, որ քաղաքական գործիչը հանուն իր սկզբունքների կարող է հրաժարվել պաշտոնից, ապա մեզ մոտ կարծես սովորական երևույթ էր դարձել պաշտոնից կառչած մնալը՝ սկզբունքներից հրաժարումը տարբեր գործոններով հիմնավորելով: Առավել ազդեցիկ կլիներ, եթե Թանդիլյանը կառավարության նիստի ժամանակ դեմ քվեարկեր որոշմանը, նոր միայն հրաժարական տար:

Կառավարության որոշումը՝ լրացուցիչ բեռ բյուջեի համար

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին դեմ քաղաքացիները պնդում են, որ վճարները պետք է հավաքվեն կամավոր սկզբունքով: Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչպես վարվեն այն 207 հազար քաղաքացիները, որոնք ի սկզբանե համակարգի մաս են եղել ու կամավոր կամ պարտադիր սկզբունքով ստիպված են եղել վճարել: Բնականաբար, համակարգը չի կարող ոմանց համար լինել պարտադիր, ոմանց համար՝ կամավոր: Հետևաբար այս տեսանկյունից խնդրի լուծման «տրամաբանական» շարունակությունը կլինի կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը:

Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ որևէ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն 60-80 հազար քաղաքացիների շահերը, որոնք հուլիսի 1-ից են համակարգի մաս կազմելու, այլև այն 207 հազար քաղաքացիներինը, որոնք արդեն իսկ կուտակային համակարգի մաս են:

Տնտեսագետը նշում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը լուրջ ցնցում կլինի մեր երկրի ֆինանսական համակարգի համար, կտուժի Հայաստանի վարկանիշը, կստեղծվի ոչ վստահելի միջավայր ներդրումների համար. «Հետևաբար կարող ենք ասել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը ավելի մեծ վնասներ կառաջացնի, քան դրա կիրառումը»:

Նա, սակայն, նշում է, որ համակարգի պարտադիր բաղադրիչը կարող է քննարկման առարկա դառնալ: «Հնարավոր լուծում է պարտադիր բաղադրիչը կոմպենսացնելու տարբերակը, որի ուղղությամբ էլ կառավարությունն ընթանում է»,- ասում է նա՝ մատնանշելով կառավարության զիջումը և 2.5/7.5 համամասնության սահմանումը:

Տնտեսագետն ասում է, որ կառավարության վարած հակաստվերային քաղաքականության շնորհիվ բյուջեի հարկային մուտքերը կավելանան, ինչն էլ հնարավոր կդարձնի նաև եկամտահարկի նվազեցումը:

Մարգարյանը նշում է, որ կենսաթոշակային համակարգի անհրաժեշտությունն առաջացել է 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ աշխարհում սկսեցին մշակել արդյունավետ մոդելներ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ:

«Համակարգում ռիսկեր կան: Եվ դրանք պետք է գնահատել, կառավարել և քաղաքականությունը բխեցնել դրանից»,- ասում է նա՝ հավելելով, որ ներկայում այս հարցում որոշակիորեն խանգարող հանգամանք է նախընտրական վիճակը:

«Պետք էր որոշում կայացնել հուլիսի 1-ին ընդառաջ և կայացվեց: Սա, կարծում եմ, օպտիմալ լուծում էր այս իրավիճակում»,- ասում է նա:

Հարցին, թե արդյոք ՀՀ պետբյուջեն ի վիճակի է նման լրացուցիչ բեռ կրել, տնտեսագետը ասում է. «Նոր կառավարության հակաստվերային քաղաքականության շարունակության պայմաններում կարող է»: Ասում է, որ տարբեր գնահատականներով կառավարության այս որոշումը պետբյուջեի բեռը տարվա կտրվածքով կավելացնի 10-15 մլրդ դրամով: Նա նաև նշում է, որ հակաստվերային քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ այս տարի բյուջեի հարկային մուտքերը կավելանան շուրջ 100 մլրդ դրամով:

«Դրա մի մասը կարելի է ուղղել այս խնդրի լուծմանը,- ասում է նա:- Դա լիովին ռեալ է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: