Հայերեն   English   Русский  

​Երբ բուհի դիմորդը ոսկու գին ունի


  
դիտումներ: 3859

Հայաստանյան բուհերն այս տարի, նախորդ տարիների համեմատ, շուրջ երեք անգամ քիչ դիմորդներ ունեն. բուհ դիմողների թիվն ընդամենը 4600 է: Պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգի: 2006-ին առաջին դասարան հաճախող սերունդը երկու խմբի բաժանվեց. գերակշիռ մասը ձևավորեց 11-ամյա ուսուցմամբ դասարանները, իսկ համեմատաբար փոքրաթիվ խմբերով ձևավորվեցին 12-ամյա կրթությամբ դասարանները:

Փաստորեն ընթացիկ տարում ԵՊՀ առաջին փուլով դիմել է 1519 դիմորդ` նախորդ տարվա 2632-ի փոխարեն, ԵՊԼՀ դիմորդների թիվը նախորդ տարվանից պակաս է 70-ով` 290 դիմորդ, ՀՊՄՀ դիմորդների թիվը 616 է, նախորդ տարվանից շուրջ 400-ով պակաս, իսկ ՀՊՏՀ դիմորդների թիվը կրկնակի է նվազել` 462 դիմորդ` նախորդ տարվա 966-ի փոխարեն: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի ևս դիմորդների թիվը սովորականից սակավ է եղել, ապա պարզ է դառնում, թե որքան անկումային են ցուցանիշները:

Դիմորդների թվի նվազմամբ առաջացող խնդիրները, սակայն, միայն այս տարով չեն սահմանափակվի: Բուհերն առաջիկա վեց տարիներին ստիպված են լինելու առնչվել ուսանողների, հետևաբար նաև դասաժամերի ու վարձավճարների սակավության խնդրին:

Թեպետ դեռևս 12 տարի առաջ թե՛ բուհերը, թե՛ ԿԳՆ-ն ու կառավարությունը տեղյակ էին, որ մի օր նման խնդրի առաջ են կանգնելու, կարծես այս տարիների ընթացքում առանձնապես քայլեր չեն ձեռնարկվել խնդիրը չեզոքացնելու կամ մեղմելու ուղղությամբ: Բուհական համակարգն էլ խնդրի մասին սկսել է ահազանգել ու նախապատրաստական որոշ քայլեր ձեռնարկել միայն վերջին մի քանի տարիներին: ԵՊՀ-ում, օրինակ, կարողացել են շուրջ 5 մլրդ դրամի պահուստային ֆոնդ ձևավորել, որը որոշ չափով կմեղմի սպասվող ֆինանսական դժվարությունները:

Արտուշ Ղուկասյան

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը շեշտում է, որ խնդիրն առավել սուր է մարզային բուհերում, որոնք առանց այդ էլ սակավաթիվ ուսանողներ ունեն: Ասում է, որ ժամաքանակի և ֆինանսական միջոցների կրճատման հետևանքով առաջնային կդառնա հիմնական դասախոսական կազմի պահպանումը, իսկ հրավիրվող դասախոսներ համեմատաբար ավելի քիչ կլինեն:

«Քանի որ բուհերը Հայաստանում հիմնականում վճարովի համակարգում սովորող ուսանողների վճարների հաշվին են գոյատևում, ուսանողների թվի նվազումը նաև առաջացնելու է ֆինանսական դժվարություններ բուհերի ենթակառուցվածքների պահպանման, ինչպես նաև նորմալ գործունեության առումով: Եթե կան կառուցվածքային փոփոխություններ, որոնք կբերեն ֆինանսների տնտեսում` այդ քայլերը պետք է կատարել,- ասում է Ղուկասյանը` որպես լուծում մատնանշելով ավելորդ ծախսերից հրաժարվելու անհրաժեշտությունը և հավելելով, որ մինչ այս ԳՊՀ-ում արդեն իսկ օպտիմալացրել են ֆակուլտետների թիվը` 5-ից հասցնելով 3-ի:- Բայց հնարավոր է, որ կառուցվածքային փոփոխությունները շարունակվեն՝ ելնելով կարիքներից: Վեց տարի կուրսերի պակասի և ժամաքանակի խնդիրն ունենալու ենք: Հնարավոր է, որ որոշ մասնագիտություններով ընդհանրապես կուրսեր չձևավորվեն»:

Հարցին, թե ստեղծված իրավիճակն ինչպես կանդրադառնա կրթության որակի վրա, Ղուկասյանը նշում է. «Կրթության որակի վրա ազդող բաղադրիչները շատ են, ոչ միայն ֆինանսական վիճակը: Ուստի պետք է աշխատել կոմպենսացնել մյուս բաղադրիչների զարգացմամբ»:

Սամվել Կարաբեկյան

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ կրթության որակը և դիմորդների թիվը փոխկապակցված են, բայց ոչ այնպիսի անմիջական կապով, ինչպես դա կարող է թվալ: «Կրթության որակը հայաստանյան բուհերում շատ այլ լուրջ գործոններից է կախված, որոնց ընդամենը մի մասն է կազմում այս խնդիրը»,- ասում է Կարաբեկյանը:

Կրթության փորձագետը շեշտում է, որ նախորդ տարիներին լուրջ համակարգային աշխատանք չի իրականացվել ռիսկերը մեղմելու համար: «Անցած տարիների ընթացքում ո՛չ բուհերն են նման քայլեր ձեռնարկվել, ո՛չ էլ պետությունն է մշակել որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք կմեղմեին ռիսկերը: Ստեղծված իրավիճակը և՛ բուհերի, և՛ ԿԳ նախարարության նախորդ տարիների բացթողումն է»,- ասում է Կարաբեկյանը: Նա շեշտում է, որ եթե չլուծվի բուհերի` ուսանողների վարձավճարներից կախվածության խնդիրը, մշտապես նման խնդիրներ կլինեն:

«Բուհերին, ըստ էության, անհրաժեշտ է ունենալ քաղաքականություն, որով կդիվերսիֆիկացնեն ֆինանսական հոսքերը: Բազմաթիվ այլ մեխանիզմներ կան, բացի ուսանողների վարձավճարներից»,- ասում է նա` հավելելով, որ ստեղծված իրավիճակում ինչ քայլեր էլ բուհերը ձեռնարկեն` լինելու են իրավիճակային, ոչ թե արմատական լուծումներ:

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ ասում է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով բուհերն իրենց ունեցած ողջ ֆինանսական միջոցները, այդ թվում և զարգացման համար նախատեսված գումարները, ուղղելու են աշխատավարձին: Նրա կանխատեսմամբ՝ որոշ մասնագիտությունների դիմորդներ չեն լինի, որոշ դեպքերում էլ այնքան քիչ ընդունվողներ կլինեն, որ ստիպված կլինեն միավորել մի քանի հարակից մասնագիտություններ: Կրթության փորձագետը շեշտում է, որ փոքրաթիվ խմբերը կրթական գործընթացի արդյունավետության տեսանկյունից բարենպաստ չեն. կրիտիկական թիվ չի ապահովվում սովորելու միջավայր ձևավորելու համար:

«Երբ խմբում 5-6 հոգի է, շատ դժվար է արդյունավետ կրթություն կազմակերպել: Անհրաժեշտ է ուսանողների որոշակի թվաքանակ, որպեսզի սովորելու միջավայր ձևավորվի. պետք է հաշվի առնել, որ ուսանողները նաև միմյանցից են սովորում»,- ասում է Խաչատրյանը:

Նա նշում է, որ այս տարվա դիմորդների թվի սակավությունից տուժելու են նաև թե՛ ներկայում սովորող, թե՛ առաջիկա 6 տարիներին ընդունվող ուսանողները: «Դասախոսի ժամերն ու աշխատավարձը կրճատվելու են, դասախոսը նեգատիվ էմոցիաներով մտնելու է լսարան՝ դրանք փոխանցելով ուսանողին: Կարող եմ ասել, որ այս իրավիճակում բուհերին լուրջ ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվեր, բայց այստեղ էլ գումարի խնդիր կա: Չեմ կարծում, որ կրթական ռեֆորմը նախաձեռնելիս հետևանքները հաշվի են առնվել կամ դրանք չեզոքացնելու ուղղությամբ բավարար քայլեր են ձեռնարկվել»,- ասում է Խաչատրյանը:

Նշենք, որ սա վերջին տարիներին երկրորդ ցնցումն է կրթական համակարգում: 2011-ին էլ 11-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով դպրոցները շրջանավարտ չունեցան: Բուհերն այն ժամանակ բավարարվեցին նախորդ տարիներին որևէ ուսումնական հաստատություն չընդունված դիմորդներով: Այդ ցնցման 6-ամյա շրջափուլը հազիվ ավարտած` բուհերը ստիպված են երկրորդ խոշոր ցնցմանը դիմակայել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: