Հայերեն   English   Русский  

​Հակակոռուպցիոն փորձագետների դիտարկումները կառավարության ծրագրի վերաբերյալ


  
դիտումներ: 2341

Կառավարության ծրագրի «Պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ» բաժնի վերաբերյալ «Ինվիկտուս» hետազոտությունների և

ռազմավարական լուծումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ներկայացրել էր ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկությունները: «Ինվիկտուսը» զբաղվում է հանրային քաղաքականության և կոռուպցիայի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ: «Ինվիկտուսը», մասնավորապես, դիտարկումներ էր ներկայացրել ծրագրի «Բազմաֆունկցիոնալ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում», «Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն», «Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն» և «Հանրային պարսավանք» դրույթների վերաբերյալ, ինչպես նաև որոշակի ուշագրավ առաջարկություններ էր ներկայացրել: «Անկախը» զրուցեց ՀԿ-ի ղեկավար Նաիրա Գյուլնազարյանի հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու համար կազմակերպության մտահոգություններն ու առաջարկությունները:

- Տիկի՛ն Գյուլնազարյան, ի՞նչն էր նման հայտարարության առիթը, որո՞նք են կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի նկատմամբ ձեր հիմնական մտահոգությունները:

- Մենք կենտրոնացանք կառավարության ծրագրի հատկապես կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի բաժիններին, քանի որ սա շատ կարևոր առաջնահերթություն է թե՛ մեր կառավարության համար, թե՛ մեր կազմակերպության համար: Մեր կազմակերպության մանդատը կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում գործելն է: Մենք մտածեցինք, որ կառավարության ծրագրում կան դրույթներ, որոնց մենք այնքան էլ համաձայն չենք: Վստահ ենք, որ շտկումների կարիք կա, և կարծում ենք, որ Հայաստանում հակակոռուպցիոն շատ փորձագետներ չկան, և մեր դիտարկումները, որպես այլընտրանքային կարծիք, լրացուցիչ օգնություն կլինեն ներկա կառավարությանը: Այդ շարժառիթներից դրդված էլ որոշեցինք շատ արագ մեր կարծիքը հրապարակել:

- Խոսենք ավելի մանրամասն ձեր մտահոգություններից:

- Մինչ կետերին ավելի մանրամասն անդրադառնալը նշենք, որ ծրագիրը կոնկրետ չէր և լուրջ հետազոտական հիմք չուներ: Եվ մեր առաջին հիմնական նկատառումը, կապված բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու դրույթի հետ, հենց դրանով էր պայմանավորված, որ ցանկացած նման ծրագիր առաջարկելուց առաջ անհրաժեշտ է կատարել բավականին խոր և լուրջ ուսումնասիրություն, որի վրա նոր միայն կարելի է հիմնել նոր մեխանիզմների, նոր կառույցների ստեղծումը:

Բազմաֆունկցիոնալ մարմին ստեղծելու կետի հետ կապված՝ ոչ մի անդրադարձ չի կատարվում որևէ հետազոտության կամ նպատակահարմարության, որը կապացուցի, որ այդ մարմինը իրոք արդյունավետ կաշխատի Հայաստանում:

- Իսկ միգուցե հենց այդ մարմի՞նը պետք է կատարի այդ հետազոտությունը, որովհետև կառավարությունը, ըստ էության, ժամանակ էլ չուներ որևէ հետազոտության:

- Մեր կարծիքով՝ որևէ նոր մարմին ստեղծելու նպատակահարմարություն չկա: Ընդհակառակը, մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ստեղծել, որպեսզի այս պահը չկորցնենք. որովհետև մինչ այս հակակոռուպցիոն բազմաթիվ մարմիններ են ստեղծվել՝ հանձնաժողովներ, վարչություններ, տեսչություններ, տարբեր պետական ստրուկտուրաներ, քննչական մարմիններ և այլն, որոնցից ամեն մեկին առանձին-առանձին վերապահված էր կոռուպցիայի դեմ պայքարելու իրավասություն, ու հիմա մենք ստեղծում ենք մի նոր կառույց, որը չգիտենք՝ կաշխատի՞, թե՞ ոչ: Հետևաբար մենք կարող ենք ժամանակ կորցնել ու արդյունքի չհասնել: Այսինքն՝ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրվի դաշտը, տեսնենք, թե ներկա մեխանիզմներն ու կառույցներն ինչպե՞ս են աշխատել, դրանց գործունեության ու արդյունավետության մոնիթորինգը դեռ չի կատարվել: Գուցե Հայաստանի ներկա պայմաններում որոշ կառույցներ աշխատում են ու նոր մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա, կամ ստեղծվող մարմինը գուցե կատարի կանխարգելիչ և ուսուցողական-կրթական ֆունկցիաներ, իսկ քննչական ֆունկցիաները տարածվեն այլ մարմինների վրա: Առաջին դիտարկումը դա է, որին մենք ուզում էինք անդրադառնալ և ուզում էինք շեշտել, որ ծրագրի այդ դրույթը հիմնված չէ որևէ լուրջ հետազոտության վրա:

Մյուս մտահոգությունը կապված էր հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրման հետ: Ծրագրով նախատեսվում է, որ ցանկացած պաշտոնյա կամ պաշտոնի հավակնող անձ պետք է լիազորագիր տա պետական լիազոր մարմնին, որը կկարողանա ցանկացած բանկում, հաշվում կամ գոտում տեղեկություն ստանալ տվյալ անձի հաշիվների, եկամուտների, միջոցների շարժի մասին: Մենք կարծում ենք, որ Հայաստանում, սահմանափակվելով միայն կոնկրետ այս կամ այն անձի տվյալներով, դժվար թե կարողանանք լուծել կոռուպցիայի կանխարգելման հարցեր, քանի որ գիտենք, թե որքան փոխկապակցված անձինք կան, որոնք կարող են այդ մեխանիզմը գործի դնել: Ուստի կարծում ենք, որ նման լիազորությունները պետք է տարածվեն նաև հանրային ծառայողների կամ հավակնորդների հետ կապակցված անձանց վրա ևս:

- Ձեր պատկերացումներով՝ այդ փոխկապակցված անձանց շրջանակն ինչքա՞ն լայն պետք է լինի:

- Մենք կարծում ենք, որ ի վերջո, պետք է հանգենք նրան, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց ունեցվածքն ու եկամուտները, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի պայքարել այդ երևույթի դեմ: Ներկայումս շատ դժվար է անգամ ասել, թե այս կամ այն տոհմում տոհմածառի որ մասին ենք հասնում կամ ազգականների ինչ շրջանակ կարող է ներգրավվել նման մեխանիզմներում: Ուստի համարում ենք, որ պետք է շարժվենք այն երկրների մոդելով, որտեղ բոլոր քաղաքացիները հայտարարագրեր են լրացնում: Անգամ այդ դեպքում էլի ռիսկ է մնում, որ կլինեն մարդիկ, որոնք փոխկապակցված են ՀՀ քաղաքացիների հետ, բայց հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ: Սա խնդիր է, որը կարելի է միջազգային մակարդակով բարձրացնել:

- Ձեր առաջարկը երկար ժամանակ է պահանջում, լուրջ աշխատանք, միջոցներ, տրամադրվածություն, քաղաքական կամք և այլն, իսկ հենց այս իրավիճակում էլ ո՞ւմ եք տեսնում, բացի պաշտոնատար անձանցից և հավակնորդներից, որպես փոխկապակցված անձ, որ պետք է հայտարարագրի եկամուտներն ու ունեցվածքը:

- Մոտ ազգականները՝ առաջին հերթին, ընտանիքի անդամները, ինչպես նաև կարծում ենք, որ կարող են այդ շարքում հայտնվել նաև ոչ ուղղակի արյունակցական կապ ունեցող անձինք: Օրինակ՝ մարդը կարող է ոչ թե իր անմիջական ազգականի միջոցով ձևավորել ու իրականացնել կոռուպցիոն սխեմա, այլ օրինակ՝ քավոր-սանիկական կապերի, վարորդի, ընկերոջ և այլն: Դա, իհարկե, շատ բարդ է իրականացման առումով, նաև հնարավոր է, որ անգամ այսպես խնդիրը հնարավոր չլինի լուծել: Հետևաբար ճիշտ համակարգը, որը փոքրիշատե ավելի լավ կարող է լուծել խնդիրը, անխտիր բոլորի կողմից հայտարարագրեր լրացնելն է: Սա նորմալ պրակտիկա է: Օրինակ՝ ԱՄՆ-ում բոլոր քաղաքացիները տարեկան մեկ անգամ հայտարարագրում են իրենց բոլոր եկամուտները, և ոչ ոք խնդիր չի ունեցել: Մարդու ցանկացած եկամուտ պետք է օրինական լինի: Ու այս դեպքում, եթե լինում է համապատասխան մարմին, որը կկարողանա ուսումնասիրել ու գտնել հնարավոր բոլոր ոչ օրինական կապերն ու բացահայտել կոռուպցիոն մեխանիզմները, ապա խնդիրները կլուծվեն: Այստեղ պետք է լինի համալիր մոտեցում, պետք է գտնվեն համալիր լուծումներ, որովհետև առանց համապատասխան ենթակառուցվածքների, առանց համապատասխան ինստիտուտների, չի ստացվի:

- Ուրիշ ի՞նչ դիտարկումներ ունեք կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների կապակցությամբ:

- Կարծում ենք, որ այժմ կարևոր է պետական կառույցներում անցկացնել ռիսկերի գնահատում՝ հիմնված միջազգային ստանդարտների վրա , որի հիման վրա նոր միայն կառուցել ծրագրերը, ռազմավարությունը: Կարևորում ենք նաև, որ այս անցումային ժամանակաշրջանում ապահովվի ընտրական գործընթացների թափանցիկությունը և կոռուպցիայից զերծ գործընթացների իրականացումը: Նաև պետք է գտնենք մեխանիզմներ կուսակցությունների և քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ուղղությամբ, որպեսզի քաղաքական պրոցեսները կարողանանք կոռուպցիայից հնարավորինս զերծ պահել: Մենք կոնկրետ հիմա հենց այդ ուղղության վրա ենք շեշտը դնում, որ մինչև արտահերթ ընտրությունները կառավարությունը պարզապես պետք է կուսակցությունների ու քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկության հարցը լուծի, որպեսզի ձևավորվի բարենպաստ, կոռուպցիայից զերծ միջավայր, որպեսզի բոլորը կարողանան վստահ մասնակցել առաջիկա ընտրություններին:

- Ինչպե՞ս եք պատկերացնում կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ապահովումը, ի՞նչ եք առաջարկում:

- Կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված երեք հիմնական խնդիր կա: Առաջին՝ մասնավոր նվիրատվությունները, որ կարողանաս խրախուսել որպես պետություն, որ մարդ չվախենա քաղաքական որևէ հետապնդումից իր նախընտրած քաղաքական ուժին որևէ մասնավոր նվիրատվություն անելիս: Երկրորդ՝ որպես պետություն խնդիր ունենք ստեղծելու այն պետական մարմինը, որը կզբաղվի կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված վերահսկողության, մոնիթորինգի հարցերով, ու դա կունենա հանրային վստահություն, գոնե կուսակցությունների շրջանում վստահություն: Եվ երրորդ հիմնական խնդիրը՝ խոշոր բիզնեսը չպետք է կարողանա «կուլ տալ» ու «սեփականաշնորհել» կուսակցությունները: Ներկայիս ինստիտուտները տարիների ընթացքում կորցրել են իրենց վտստահությունը հանրության շրջանում:

- Բայց չկա՞ վտանգ, որ նույն խոշոր բիզնեսը տարբեր մանր նվիրատուների միջոցով չի կարողանա «գնել» կամ, ինչպես Դուք նշեցիք, «սեփականաշնորհել» որևէ կուսակցություն:

- Կան կուսակցությունների ֆինանսավորման ու նվիրատվությունների չափեր, թե որքան կարելի է նվիրատվություն կատարել, ու եթե խոշոր բիզնեսին կամ մեծահարուստին խանգարում ես միանգամից մեծ նվիրատվություն կատարել, իսկապես խնդիր կարող է առաջանալ, որ տվյալ մարդն իր աշխատակիցների, մերձավորների միջոցով կկատարի իր նվիրատվությունները: Դա ուղղակիորեն արդեն կապվում է մեր նախորդ առաջարկության՝ համընդհանուր հայտարարագրման հետ: Եթե քաղաքացիների շրջանում համընդհանուր հայտարարագրում է լինում, արդեն շատ հեշտ է բացահայտել, թե իրականում այդ մարդը, որ նվիրատվություն է անում ինչ-որ կուսակցության, ի վիճակի՞ է նման նվիրատվություն անել, թե՞ ոչ: Ամեն դեպքում վերջնական լուծումն այն կլինի, որ բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտներն ու ունեցվածքը, քանի որ դա անմիջական կապ է ունենալու քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հետ: Այդպես, իհարկե, բոլոր ռիսկերը չեն վերանում, բայց գոնե հասցվում են նվազագույնի:

- Մեկ այլ դիտարկում էլ ունեիք՝ կապված հանրային պարսավանքի հետ:

- Դա, ինձ թվում է, սահմանադրական իրավունքի խախտում է, ու այդ առումով մենք այդտեղ լուրջ խնդիր ենք տեսնում: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե գործադիր իշխանության ծրագրի հետ գործ ունենք, որն իր բնույթով իրավական, տնտեսական և քաղաքական փաստաթուղթ է, այդ դրույթի մասով ուղիղ հակասության մեջ է Սահմանադրության հետ: Որովհետև Սահմանադրությունը հստակ է ասում, որ որևէ մեկը չպետք է ենթարկվի պարսավանքի ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Այս մասով մեզ համար խնդիրը հստակ է, որ նման դրույթ առնվազն չպետք է գոյություն ունենար կառավարության ծրագրում, որովհետև մենք նաև նշում ենք, որ այս կերպ հնարավոր է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի հետ խնդիրներ ունենալ: Ավելի պարզ՝ որևէ մեկը չպետք է ենթարկվի որևէ խոշտանգման, որովհետև հանրային պարսավանքը կարող է ինչ-որ աստիճանից հետո վերածվել խոշտանգման՝ հոգեբանական խոշտանգման: Հիմա եթե մենք Սահմանադրությունն ընդունում ենք որպես առանցք, ապա որքան էլ որ վատ բան է կոռուպցիան, որքան էլ որ մենք բոլորս մերժում ենք կոռուպցիան, կոռուպցիոները նաև մարդ ու քաղաքացի է, նրա արժանապատվությունը արժանի է հարգանքի, քանի որ Սահմանդրությունը նաև նրան համարել է գերագույն արժեք:

Լուսանկարն՝ Iravaban.net կայքի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: