Հայերեն   English   Русский  

​Երբ մարդն իր գումարը թողնում է քեզ մոտ ու գոհ հեռանում, հասկանում ես` արժեք ես ստեղծել


Շարժական սրճարանի հիմնադիրը բացում է իր հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 3390

Այս տարվա սկզբից Երևանի Հանրապետության հրապարակով անցնողները հանդիպում են այս «անիվների վրա սրճարանին»՝ «Քոֆի ռեֆրեշ» (Coffee Refresh) սուրճի շարժական վաճառակետին: Սուրճի իսկական սիրահարներն այստեղ կարող են բարձր որակի սուրճ գտնել: Իհարկե, շրջապատում բազմաթիվ սրճարաններ կան, որտեղ կարելի է հանգիստ նստել ու վայելել սուրճը, բայց «Քոֆի ռեֆրեշը» նրանց համար է, ովքեր նախընտրում են զբոսնել և միաժամանակ վայելել իրենց սիրած սուրճը:

Նման սուրճի վաճառակետ «Քոֆի ռեֆրեշի» հիմնադիր Ռազմիկ Թումասյանը տարիներ առաջ տեսել է Ռուսաստանում, որտեղ ապրում ու զբաղվում էր քաղցրավենիքի արտադրությամբ ու վաճառքով: Տեսնելու պահից էլ այս գաղափարը «նստել» է նրա մտքում: Հետո՝ 3 տարի առաջ, վերադարձավ Հայաստան, ընդունվեց Ամերիկյան համալսարան, ու աշխատանքի անցավ խոշոր սուպերմարկետների ցանցերից մեկում:

«Աշխատանքի անցա «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում ու կարճ ժամանակում կարիերայի աճ ունեցա: Իսկ այն միտքը, որ առաջացել էր Ռուսաստանում, այդ ընթացքում մի կողմ մնաց: Անցյալ տարի այդ միտքը նորից «զարթնեց», ու որոշեցի, որ անպայման պետք է այն կյանքի կոչեմ, չնայած աշխատանքում խիստ զբաղված էի, ժամանակի սղություն կար: Դիմեցի համալսարանական ընկերներիցս Նորայր Թորոյանին, որ մի քանի խոշոր ռեստորանների ֆինանսիստն է: Միասին ծրագիր գրեցինք, բիզնես պլան կազմեցինք, հստակ գործողությունների պլան մշակեցինք ու սկսեցինք առաջ շարժվել»,- «Անկախին» պատմեց Ռազմիկ Թումասյանը:

Ձեռք են բերում ավտոմեքենա, որը հարմար էր նման վաճառակետի վերածելու համար, անհրաժեշտ սարքավորումներ ու հումք, պատրաստում են մեքենան, ընդունում աշխատողներին ու սկսում:

«Սա նման է այն հայտնի օրինակին, երբ երկու կոշիկ արտադրող ընկերություններ իրենց ներկայացուցիչներին ուղարկում են Աֆրիկա: Մի քանի ամսից մեկը վերադառնում է ու տնօրենին ասում՝ Աֆրիկայում ոչ ոք կոշիկ չի հագնում, այնտեղ կոշիկի պահանջարկ չկա: Իսկ մյուսն իր տնօրենին ասում է՝ Աֆրիկայում ոչ ոք կոշիկ չի հագնում, դա լուրջ հնարավորություն է, մեծ շուկա կարող ենք ունենալ... Հիմա քանի որ մեզ մոտ այս մշակույթը զարգացած չէր, ես երկրորդ տարբերակի պես որոշեցի, որ կարելի է այդ մշակույթը մտցնել»,- ծիծաղելով նշում է Ռազմիկ Թումասյանը:

Հիմա «Քոֆի ռեֆրեշ» վաճառակետից այցելուները լավ սուրճ գնելու և վայելելու հնարավորություն ունեն: Անիվների վրա վաճառակետը հարմար է նրանով, որ ուզած պահին կարելի է այն տեղափոխել ցանկացած այլ վայր: Նման լուծումն այլ առավելություն էլ ունի` Կենտրոնում տարածք վարձակալելը բավականին թանկ հաճույք է: Իսկ նման եղանակով հիմնադիրները ունեցան և՛ իրենց ցանկացած սուրճի վաճառակետը Կենտրոնում, և՛ խուսափեցին սկզբնական ծանր ծախսերից: Նման եղանակը նաև կարևոր էր նրանով, որ մեզ համար անսովոր այս տարբերակը միանգամից գրավում է անցորդների ուշադրությունը և ինքն իրեն գովազդում: Երբ սկսեցին աշխատել` անցորդները պարզապես նայում էին, հետաքրքիր էր. «Եթե երկու հոգի քայլում էին` մեկը նայում էր, մյուսը դիմում էր նրան ու ասում՝ ինչո՞ւ ես երկար նայում, գնացինք: Հետո զգացի, որ հետաքրքրություն է առաջանում, մարդիկ կամաց-կամաց մոտենում են մեր մեքենային: Եթե անգամ մարդու մոտ հետաքրքրություն է առաջանում` պարզապես մոտենում նայում է, ես վստահ եմ, որ հաջորդ անգամ այդ կողմով անցնելիս նա մոտենալու է և սուրճ է գնելու: Փորձը ցույց տվեց, որ պահանջարկը գնալով ավելանում է: Մարդիկ թե՛ տեղին են սովորում, թե՛ որակյալ սուրճ ենք մատուցում»:

Քոֆի ռեֆրեշ

«Քոֆի ռեֆրեշն» ունի նաև հիմնական հաճախորդներ: Նույնիսկ լինում են զբոսաշրջիկներ, որոնք Հայաստանում լինելու ամբողջ ընթացքում ամեն օր գալիս և սուրճ են վերցնում «Քոֆի ռեֆրեշից»: Մինչդեռ Ռազմիկ Թումասյանը սկսելուց առաջ մտածում էր, որ այս նախաձեռնությունը դեռ երկար ժամանակ պետք է եկամուտ չբերի, դեռ երկար ժամանակ իրեն չի արդարացնի, մինչև մարդիկ սովորեն այս տարբերակով սուրճ գնելուն:

«Ինձ ոչինչ չի կարող հիասթափեցնել: Անգամ այդ հեռանկարն ինձ չէր կարող հիասթափեցնել: Այդ մտավախությունը, փառք Աստծո, չարդարացավ: Ոչ միայն այս պարագայում, այլև ընդհանրապես. եթե որոշում եմ ինչ-որ բան անել` արդեն ոչ ոք չի կարող ինձ հետ պահել այդ մտքից: Եթե հավատում ես արածիդ, ուրեմն հաստատ կհասնես արդյունքի, պարզապես դրա համար համառություն է պետք: Եթե չլիներ այդ համառությունը` չէինք ունենա այս մեքենան: Նաև ինքդ քո նկատմամբ պետք է համառ լինես, քանի որ եթե մի բան ուզում ես ու վերջնական արդյունքը պատկերացնում ես` այդտեղ համառություն է պետք, որ քեզ մոտիվացնի ու գնաս առաջ դժվարությունների ու խոչընդոտների միջով, վստահաբար: Իսկ եթե համառությունը չլինի` կհիասթափվես, միգուցե նաև նահանջես, ու այդ դեպքում չես հասնի բաղձալի արդյունքի: Տարբեր կարծիքներ են եղել, որ չի աշխատի, փողոցից ո՞վ պետք է սուրճ գնի և այլն: Եթե ես այս նախագիծը սկսելիս լսեի կարծիքները` նույնիսկ չէի մտածի նման բան սկսելու մասին»,- ասում է մեր զրուցակիցը:

Չկա ինչ-որ յուրահատուկ քայլ, գաղտնիք, որ գործադրել են ու հաջողել: Իրենց հաջողության «գաղտնիքն» այն էր, ըստ մեր զրուցակցի, որ նորություն մտցրեցին շուկա, որը մարդկանց հետաքրքրեց, հաճախորդը պատրաստ էր գնել «Քոֆի ռեֆրեշի» սուրճը:

«Իսկ երբ հաճախորդը պատրաստ է վճարել քեզ քո ապրանքի կամ ծառայության դիմաց ու գոհ հեռանալ քեզանից` դա, իմ կարծիքով, հաջողության միակ բանաձևն է: Այսինքն՝ բիզնեսդ հաջողակ է, եթե կարողանում ես հաճախորդին տալ այն, ինչը նրան հենց այդ պահին պետք է, կամ ինչ-որ հարց է լուծում հաճախորդի համար: Օրինակ՝ ես սուրճի սիրահար եմ ու գնահատում եմ բարձրորակ սուրճը, ու ստեղծել եմ պրոդուկտ, որն ինձ պես մարդկանց համար է: Եթե ես մարդկանց առաջարկում եմ, օրինակ, 450 դրամանոց սուրճ, բայց նա 500 դրամ դնում ու գնում է՝ իր ձեռքի սուրճի բուրմունքը վայելելով, գոհ ու երջանիկ է, դու հասկանում ես, որ արժեք ես ստեղծել, կարող ես մարդկանց գոհացնել, մարդիկ պատրաստ են վճարել դրա համար: Առաջին օրերին, երբ մեքենան կայանեցինք Ամերիկյան համալսարանի մոտ և ուսանողները գալիս խմում էին մեր սուրճը, նրանց արձագանքին հետևելով՝ հասկացա ու զգացի, որ արժեք ենք ստեղծել: Զգացի արժեք ստեղծելու հաճույքը»,- ասաց Ռազմիկ Թումասյանը՝ հավելելով, որ արժեք ստեղծելու համար մարդ պետք է ունենա լավ գաղափար, այն անպայման կյանքի կոչի ու ամենակարևորը՝ պետք է պոզիտիվ լինի: Եթե կյանքի հանդեպ, գործի նկատմամբ դրական տրամադրված չես, չես կարող արժեք ստեղծել:

Քոֆի ռեֆրեշ

«Պետք է ընտրել ճիշտ քայլերի ճիշտ հաջորդականություն ու շարժվել առաջ՝ հավատալով ապագային, հավատալով քո գաղափարին, մտքում ունենալով տեսլական ու նպատակ: Հայրս ինձ միշտ խորհուրդ է տալիս, որ եթե տնից գիշերով դուրս ես գալիս ու Երևան ես գնում, օրինակ՝ մեքենայիդ լապտերներն ինչքա՞ն են դիմացդ լուսավորում, 50-100 մետր, ու դու այդ ես տեսնում, չգիտես, թե 200-300 մետր հեռավորության վրա ինչ կա, բայց գիտես, թե ուր ես գնում, Երևան ես գնում, վերջնական նպատակակետդ պատկերացնում ես, իսկ այնտեղ հասնելու համար առջևի 100 մետրը բավարար է: Դա էր հորս խորհուրդը: Կյանքը ինձ սովորեցրեց, որ այո՛, եթե անգամ պետք է անցնես 1000 կիլոմետր, այդ 1000 կիլոմետրը սկսվում է առաջին քայլից: Դու սկսում ես, շարժվում ես առաջ, ընթացքում սխալներ ես գործում, ու այդ սխալներից չպետք է ընկճվել ու նահանջել, քանի որ դրանցով մեծ փորձ ես ձեռք բերում, որոնք հետո չես անի: Իսկ սխալները քիչ անելու համար պետք է կարդաս, հատկապես՝ հաջողության հասած մարդկանց ու ընկերությունների գրքերը, թե ինչպես են նրանք հասել հաջողությունների, ինչ սխալներ են թույլ տվել, ինչպես են հաղթահարել դժվարությունները: Գրողներից մեկն ասում է՝ յուրաքանչյուր կարդացած գիրք քեզ համար խնայում է 5 տարի ժամանակ, քանի որ այլոց փորձն ուսումնասիրելով՝ էլ չես անի այն սխալները, որ նրանք են արել, կօգտագործես նրանց փորձը»,- վերջում խորհուրդ է տալիս Ռազմիկ Թումասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: