Հայերեն   English   Русский  

​ՍԵԼԵՎԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


  
դիտումներ: 4233

Սելևկյան թագավորությունը Հին աշխարհի հզորագույն տերություններից էր: Լինելով հայոց հարավային հարևանները՝ սելևկյանները հաճախ էին սպառնում հայոց պետության անվտանգությանը: Ի վերջո, երբեմնի հզոր այս թագավորությունը կործանվեց հենց հայոց բազկի հարվածից:

Ալեքսանդր Մակեդոնացու մահից՝ մ.թ.ա. 323 թ. հետո նրա տերությունը մասնատվեց երեք մասի: Բալկաններում՝ Մակեդոնիայի թագավորությունը, Եգիպտոսում Ալեքսանդրի զորավարներից Պտղոմեոսը հիմք դրեց Պտղոմյանների թագավորությանը, իսկ Ալեքսանդրի մերձավոր զորավար Սելևկոս Նիկատորը (Հաղթող) մ.թ.ա. 312 թ. Ասորիքում հիմք դրեց Սելևկյան պետությանը: Սելևկյանները դարձան Ալեքսանդրի կայսրության հիմնական տարածքների ժառանգորդը: Նրանք նաև կարճ ժամանակում հավակնեցին վերականգնել երբեմնի կայսրությունը, և նրանց ճանապարհին, ի թիվս այլ երկրների, կանգնած էր նաև Հայաստանը:

Մ.թ.ա. IV դարում Հայաստանը մասնատված էր միմյանցից անկախ չորս թագավորությունների՝ երկու մասի բաժանված Մեծ Հայքի թագավորության, Փոքր Հայքի թագավորության, Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորության:

Սելևկյանների պետության հիմնադիրը՝ Սելևկոս Ա Նիկատորը, իր զինակիցներին համախմբելով երբեմնի կայսրության մայրաքաղաք Բաբելոնում, հռչակեց իր թագավորությունն ու ակտիվ արտաքին քաղաքականություն վարեց: Փորձելով վերականգնել Ալեքսանդրի կայսրությունից անջատված երկրամասերը՝ նա արշավանքներ ձեռնարկեց և մեկը մյուսի հետևից գրավեց Միջագետքը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանի տարածքը, Միջին Ասիայի հարավային հատվածը: Սելևկոսը չմտավ Հայաստան: Հավանաբար թարմ էր մ.թ.ա. 331 թ. Գավգամելայի ճակատամարտում մակեդոնական զորքերի դեմ հայոց բանակի մղած ահեղ կռվի հիշողությունը, երբ Ալեքսանդրի առաջին հարվածներից պարսկական զորքն ընկրկեց, իսկ հայոց բանակը մինչև երեկո կռիվ տալով՝ արժանապատիվ կերպով նահանջեց:

Սելևկյան արքաների առաջին հաջողություններին Արևելքում հաջորդեցին լուրջ պարտությունները: Սելևկյանները բախվեցին Մաուրյա կայսրության առաջնորդ Չանդրագուտպա Մաուրյայի հետ: Պատերազմի հետևանքով սելևկյանները կորցրին իրենց արևելյան տիրույթների հիմնական մասը՝ մինչև Պակիստան և Միջին Ասիա:

Ապա Սելևկյանների դեմ մի նոր ախոյան վեր խոյացավ՝ Պարթևական թագավորությունը: Միհրդատ Ա Արշակունին կարողացավ ջախջախել սելևկյանների զորությունները Իրանի տարածքում և նրանց տիրույթներն ամփոփել Ասորիքով, Միջագետքով և Փոքր Ասիայով:

Սելևկյաններն ու Պտղոմյանները Արևելքում առաջնության համար անհաշտ պայքար սկսեցին: Սելևկյանները մի քանի տպավորիչ հաղթանակներ տարան: Սակայն Եգիպտոսի Պտղոմյանների թագավորությանը կործանումից փրկեցին հռոմեացիները:

Հռոմի հանրապետությունն էլ, տարածվելով դեպի Արևելք, ցանկանում էր իր տիրապետությունը հաստատել Փոքր Ասիայում, ուստի Հռոմի և Սելևկյանների բախումն անխուսափելի էր:

Ի դեպ, Սելևկյաններն առանձին փորձեր կատարեցին իրենց ենթարկելու նաև հայոց թագավորությունները: Բայց եթե որոշ հաջողություններ արձանագրեցին Փոքր Հայքի և Ծոփք-Կոմմագենեի թագավորությունների նկատմամբ, Մեծ Հայքի թագավորությունը չընկրկեց Սելևկյան պետության առջև:

Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնակի դեր ունի սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծը: Նրա օրոք Մեծ Հայքի արքա Երվանդ Դ-ի դեմ ապստամբեց իր ազգականը՝ Արտաշեսը, որ հաղթեց արքային, գրավեց հայոց մայրաքաղաք Բագարանը և սպանեց նրան: Անտիոքոս Գ Մեծն աջակցեց ապստամբներին: Արտաշեսի ապստամբ բանակի կազմում, ամենայն հավանականությամբ, կային նաև սելևկյան գնդեր: Ապստամբության հաղթանակից հետո՝ մ.թ.ա. 200 թ., Մեծ Հայքի թագավորությունը կորցրեց իր անկախությունը և մաս կազմեց սելևկյան աշխարհակալության: Թվում էր՝ սելևկյանները հեշտությամբ լուծեցին Հայաստանի միացման խնդիրը:

Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը (մ.թ.ա. 223-187) Եվրոպա թափանցելու և Բալկանյան թերակղզին հպատակեցնելու վճռական քայլ կատարեց: Սակայն նրա դեմ կանգնեց Հռոմեական հանրապետությունը: Մ.թ.ա. 190 թ. Հռոմի և սելևկյանների բանակները բախվեցին Մագնեսիայում: Դա վճռական ճակատամարտ էր Արևելքի և Արևմուտքի միջև: Մագնեսիայի ճակատամարտում վճռվում էր ժամանակի աշխարհի քաղաքական բախտը: Եվ այն վճռվեց Արևմուտքի օգտին: Անտիոքոս Գ-ն ջախջախիչ պարտություն կրեց: Հռոմը հայտարարեց, որ Արևելքի քաղաքական քարտեզն այլևս առանց իրեն չի գծվի: Իսկ սելևկյանների աստղը դանդաղորեն թեքվեց ցած:

Մագնեսիայի ճակատամարտից շատ չանցած՝ Սելևկյան պետության դեմ ապստամբեցին Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշես և Զարեհ Երվանդունիները: Նրանք ջախջախեցին սելևկյան բանակները Հայաստանում և Մեծ Հայքն ու Ծոփքը հռչակեցին անկախ պետություններ:

Մեծ Հայքում սկսվեց Արտաշեսյան դարաշրջանը: Նոր գահ բարձրացած Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) ոչ միայն ամբողջացրեց հայոց երկրի սահմանները, այլև հարձակվելով Սելևկյան պետության վրա՝ մ.թ.ա. 168 թվականին Անտիոքոս Դ Եպիփանեսից խլեց Տմորիք երկրամասը: Միայն չորս 4 տարի անց՝ մ.թ.ա. 164 թ., սելևկյանները փորձեցին վերականգնել իրերի նախկին վիճակը, սակայն Արտաշես արքան ջախջախեց նրանց զորքն ու Տմորիքը մնաց Մեծ Հայքի կազմում:

Օգտվելով առիթից, որ Սելևկյան պետությունը թուլացել էր գահակալական կռիվների հետևանքով և քայքայման եզրին էր, հայոց արքայից արքա Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55) հավակնություններ ցուցաբերեց սելևկյան գահի նկատմամբ: Սակայն գործը ռազմական ներխուժման չհասավ: Սելևկյան արքունիքում ձևավորվեց մի խմբավորում, որը ցանկացավ հայոց աշխարհակալին տեսնել սելևկյան գահին: Մ.թ.ա. 84 թ. սելևկյան ավագանին Տիգրան Մեծին հրավիրեց բազմելու պետության գահին: Որպեսզի ավարտին հասցնի սելևկյանների պետությունը վերջնականապես նվաճելու ծրագիրը, Տիգրան Մեծը հետապնդեց ու կալանեց գահի թեկնածու Սելենե թագուհուն և մահապատժի ենթարկեց: Հայոց բանակն առանց դիմադրության մտավ Սելևկյան պետության տարածք, և սելևկյանների երբեմնի զորեղ պետությունը կցվեց հայոց աշխարհակալությանը: Այսպիսով Սելևկյան պետությունը փաստացի այլևս գոյություն չուներ:

Սակայն հայոց գերիշխանությունը Ասորիքում երկար չտևեց: Տիգրան Մեծը հայ-հռոմեական պատերազմում պարտվեց Լուկուլլոս զորավարին: Վերջինս, գրավելով Ասորիքը, գահ բարձրացրեց սելևկյան պետության վերջին գահակալին՝ Անտիոքոս ԺԳ Ասիացուն: Սակայն նրա թագավորությունը ոչ միայն անվանական էր, այլև՝ կարճատև:

Մ.թ.ա. 66 թ. հռոմեացի զորավար Պոմպեոսը, վերջնականապես ընկճելով Տիգրան Մեծի տերությունը, անցավ հարավ և երկու տարի անց գահազուրկ հայտարարեց Անտիոքոս ԺԳ-ին՝ Ասորիքը միացնելով Հռոմեական հանրապետությանը:

Սելևկյան պետության արքայացանկը

Սելևկոս Ա Նիկատոր (մթա 312-281), Անտիոքոս Ա Սոտեր (մ.թ.ա. 281- 261), Անտիոքոս Բ Թեոս (մ.թ.ա. 261-246), Սելևկոս Բ Կալլինիկոս (մ.թ.ա. 246 - 226), Սելևկոս Գ Սոտեր (մ.թ.ա. 226-223), Անտիոքոս Գ Մեծ (մ.թ.ա. 223- 187), Սելևկոս Դ Փիլոպատոր (մ.թ.ա. 187- 175), Անտիոքոս Դ Եպիփանես (մ.թ.ա. 175- 164), Անտիոքոս Ե Եվպատոր (մ.թ.ա. 164- 162), Դեմենտիոս Ա Սոտեր (մ.թ.ա. 162- 150), Ալեքսանդր Ա (մ.թ.ա. 150- 145), Դեմետրիոս Բ Նիկատոր (մ.թ.ա. 145 - 138), Անտիոքոս Զ Եպիփանես (մ.թ.ա. 145-141), Անտիոքոս Է (մ.թ.ա. 138- 129), Դեմետրիոս Բ Նիկատոր (մ.թ.ա. 129- 125, երկրորդ անգամ), Սելևկոս Ե ( մ.թ.ա. 125), Անտիոքոս Ը Գրյուպոս (մ.թ.ա. 125- 96), Անտիոքոս Թ Կյուզիկեցի (մ.թ.ա. 115- 95), Դեմետրիոս Գ (մ.թ.ա. 96- 88), Սելևկոս Զ (մ.թ.ա. 96- 95), Անտիոքոս Ժ Եվսեբեոս (մ.թ.ա. 95- 92), Անտիոքոս ԺԱ ( մ.թ.ա. 93), Փիլիպպոս Ա ( մ.թ.ա. 93- 84), Անտիոքոս ԺԲ Փիլադելփոս (մ.թ.ա. 87-84), Անտիոքոս ԺԳ Ասիացի (մ.թ.ա. 66-63):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: