Հայերեն   English   Русский  

​ՇՐՋԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ, ՈՒ ԹԵ ԱՅՆ ՈՒՐ ԿՏԱՆԻ,ԿՏԵՍՆԵՆՔ...


  
դիտումներ: 3748

Եթե ղարաբաղյան պատմության (1660-1783 թթ.) անիվը շրջենք, որի դեպքերին քիչ թե շատ ծանոթ է «Անկախի» ընթերցողը Ա. Բեկնազարյանցի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից, ապա այն մեզ կհիշեցնի Պարսկաստանի Շահ-Աբաս Մեծի մահից հետո գահակալած Շահ-Աբաս Երկրորդի երդման մասին. «Շուտով Պարսկաստան կքշվեն կրկին այն մահմեդական թափառականները, որոնց Ղարաբաղ էին բերել Փանահ ու Իբրահիմ Ճըռերը»: Դրան հետևել է զայրացած գահակալի հետևյալ հոխորտանքը. «Երդվում եմ Իմամ Ալու սուրբ անվամբ և Պարսից բոլոր շահերի գերեզմաններով, կոտորել Իբրահիմին և նրա բոլոր արու և էգ գերդաստանը և նրա կուսակից բոլոր խաբեբաներին: Բոլորի գլուխները թնդանոթի գնդակների պես շարել Շուշվա բերդի գլխավոր դարպասին` դրանց գլխին դնելով Իբրահիմի (ճըռ խանի) գլուխը»:

Շահ, ով մեծ զորավար ու ժամանակի մտավորական Բեկնազարյանցին անձամբ մեդալ շնորհեց Ծակ քարի պատերազմում այդքան թուրք կոտորելու համար: Սակայն վերջինս մեծահոգաբար հրաժարվեց պարգևից` ասելով, որ եթե շահն իր խոստման տերը լինի,ապա հայ ժողովրդի սրտում հավերժ կմնա, որն էլ իր լավագույն պարգևը կլինի:

Մինչդեռ, ինչպես այդ Շահի գահակալման տարիներին,այնպես էլ դրանից առաջ, տարբեր պատճառներով հետզհետե Պարսկաստան գաղթեցին ոչ միայն հրեաներ, ասորիներ, վրացիներ, այլև հայեր: Նրանք, շլացած շահի նենգ բարեսրտությունից և կեղծ հյուրասիրությունից, ապաստանեցին շահանիստ Իսպահան քաղաքում: Շահի նման բարեսրտությունն իր նպատակն ուներ. իր կողմը քաշել դրացի երկրների ազգերին իր թշնամի երկրները դատարկելու և իր երկիրը լցնելու հեռատես քաղաքականությամբ:

Տեսնելով, որ Իսպահանն այլևս անբավարար է այդչափ գաղթականներ ընդունելու համար, շահը նույնանուն գետի մյուս ափին առանձին-առանձին բնակեցնում է քրիստոնյաներին և հրեաներին (1655 թ.)՝ քաղաքից գաղթածներին քաղաքատեղի, գյուղից գաղթածներին` գյուղատեղի տրամադրելով:

Հայքից եկածներին Շահի հրամանով տեղափոխում են մեկ այլ տեղ, ուր և հիմնում են մի քաղաք, որի անվան շուրջ երկար վիճաբանություն է ծագում: Վերջապես Ջուղայից գաղթած հայերի թախանձագին խնդրանքին ընդառաջելով` Նոր-Ջուղա են կոչում նոր քաղաքի անունը (1659 թ.) :

Պարսկաստանում գտնվելիս` Բեկնազարյանցն ուսումնասիրում է գյուղերի եկեղեցական հին հիշատակարանները և տապանաքարերը: Գրում, որ գաղթածները հիմնականում Ղարաբաղ, Ղափան, Մեղրի, Կալեր գավառներից են, ինչպես նաև Ղարաբաղի Աշան,Կճողոտ,Հացի, Հադրութ գյուղերից:

Տենիզլի գյուղում նա հանդիպում է 100 տարեկան տարեցներին, որոնք խոսում էին միմիայն Ղարաբաղի բարբառով: Խոստովանում է, որ հայ գաղթականներից շատերը, որոնք պահպանել էին իրենց հայությունը և կրոնը, բացի մի քանի հազար կաթոլիկ և բողոքական կրոնափոխ եղած հայերից, հետագայում վերադարձել են Ղարաբաղ:

Տեղափոխվելիս հայերը մեծ զոհեր են տալիս, քանզի կրոնամոլ մոլլաները աշխատում են շատ հայեր պարսկացնել թե՛ զրպարտությամբ և թե՛ կաշառքով: Սակայն պատմաբան Բեկնազարյանցն անուրանալի է համարում Օղլան-Քեշիշի դերը, որ վարպետությամբ և ուժով կրոնամոլ մոլլաների և անիրավ դատավորների ճանկերից ազատում է շատ հայերի:

Բայց անողորմ սովից և անգութ ժանտախտից տակավին մեռնողներն էլ քիչ չէին: Իսկ թե ինչպես էին ապրում սովալլուկ մանուկները, ծերերը, կանայք, ինչ մահով էին նրանք մեռնում, ինչպես թաղվում,այդ մասին պատմաբանը ոչինչ չի գրում` խնայելով արդեն պանդխտության ցավով ճնշված ընթերցողի սիրտն ու հոգին, այնուամենայնիվ հիշատակում է ժանտախտից մեռած խնածախցի Պրախմազի և պալլուջեցի Չափար-Սարասար քաջերի անունները: Գուցե որպեսզի հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնենք, որ այդ գյուղերի բնակիչներն ամենաքաջն էին, իսկ զորքը` ընտիր:

Թեև Իբրահիմ ճըռն ամեն հնարք գործադրեց` ջնջելու այս քաջերին, նրանց հեռու պահելու իր տեսադաշտից, որպեսզի իրեն ապահով զգա Շուշիում, այդ քաջերը փշրեցին նրա բոլոր ձեռնարկումները: Երբ հասկացավ, որ անկարելի է իր նպատակին հասնել, երբ Ծակ քարի պատերազմից հետո այդ գյուղերը հողին հավասարեցվեցին, բայց գյուղացիք կրկին գյուղ վերադարձան, նա Մելիք Շահնազար Գ-ի օգնությամբ ծայրահեղ միջոցի դիմեց: Գաղտնի 3 հարյուր թումանով կաշառեց այդ քաջերին` մի մասին Խաչեն, մյուս մասին էլ Կարկառ գետի հյուսիսային` Խոջալու գետակի միջավայր տեղափոխելով, որը նախ Ջալալյան, հետո Խնձորստանի մելիքների սեփականությունն էր: Այդ քայլով նա տկարացրեց նաև հրամանատար Մելիք-Ադամի ուժը: Ահա թե ինչ պատճառով Ջրաբերդի մելիքությանը հպատակ լինելով՝ նրանք բնակվեցին Խաչենի հարավային մասում և ճըռի օձաբնի մոտ:

Տրվեց` ո՛չ հարկ, ո՛չ տուրք պահանջելու պայմանով: Միայն թե այդ քաջերը բնավ չմասնակցեին մելիքների պատերազմներին և չզինվեին ընդդեմ խանի:

Երբ այդ գաղտնիքը հայտնի դարձավ Մելիք-Ադամին, նա խիստ օգտակար քայլ համարեց, ավելին, քաջերին ծածուկ խորհուրդ տվեց ընդունել առաջարկը. «Քանի ես ողջ եմ, Իբրահիմ ճըռը չի համարձակվի Մազի կամրջից (Շուշի) այն կողմ անցնել»: Բեկնազարյանցը գրում է, որ պայմանագիրը կնքվեց1770 թ. մայիսի 7-ին, ու հիշեցնում է, որ իրենց նախնիները Ջրաբերդ են գաղթել դեռևս1686 թ.: Մելիքի հետ գաղթած 250 ընտանիքներից 100-ը բնակություն է հաստատել Ջրաբերդի Դաստակերտ ավանում: Հիմա հերթը նրանց քաջ զավակներինն էր:

Դաստակերտը, գտնվելով Թարթառի ձախ եզերքին, պատկանում էր Գյուլիստանի մելիքությանը, բայց քանի որ այդ մելիքները չափազանց սիրով են եղել միմյանց հետ, այն Ջրաբերդի թեմ է համարվել: Իսկ թե քաջերն ինչից ստիպված շուտ թողեցին այդ ջրարբի, գեղեցիկ տեսարաններով, սքանչելի դիրքով Դաստակերտը և կրկին Խաչեն գաղթեցին, պատմաբանն այստեղ մի տխուր եզրահանգման է հանգում. պատճառը ճըռերի զորանալն էր, ճըռմելիքների բազմանալը, գաղտնի դավադրությունները, մելիքների երկպառակությունը:

Վերադարձան, Պալլուճա և Խնածախ գյուղերի տեղում միմյանց մոտ երկու գյուղ հիմնեցին այն պայմանով, որ քաջերը բնակվեն Շուշվա կողմում: Քանի որ շուրջբոլորը բարձր ու թանձր լեռներ ու հաստաբուն կաղնու անտառներ էին, բնակիչները որպես փայտանյութ օգտագործեցին անտառից կտրված գերանները:

Նույն թվականին (1770 թ.)Դաստակերտից Խաչեն գաղթեց 120 ընտանիք, որից 70-ը բնակվեցին Պալլուճա նորաշեն գյուղում, իսկ 50-ը՝ Խնածախում:

Պալլուջան նախկինում կոչվել է «Մեծ Խմհատ», իսկ Խնածախը` «Փոքր Խմհատ», որ նշանակում է անտառից կտրտած:

Իսկ Պալլուճա անունը ծագել է Ղարախան յուզբաշու «Պալլու» տատի անունից, որը հաճախ էր օգտագործում «ճան» բառն ամեն խոսողի հետ: Սույն երկու բառերի միացումից էլ ծագեց Պալլուջա (այսօր` Բալուջա) անունը: Շատ չանցած` Փոքր Խմհատն էլ Խնածախ կոչվեց:

Ճըռին պարզ դարձավ, որ վերադառնալով իրենց շեները` քաջերը ոչ միայն շարունակում են գաղտնի օգնել հարազատ մելիքներին, այլև դեռ մշակում են Դաստակերտի դաշտերը, որից ստացած բերքն ու բարիքը սայլերով փոխադրում են իրենց նորաշեն գյուղերը: Սաստիկ զայրացավ ու որոշեց նրանցից ևս գլխահարկ առնել: Հակառակ դեպքում խոստացավ կրկին հիմնովին ջնջել Պալլուջան և Խնածախը: Բայց այս անգամ չհաջողեց, քանի որ Խնածախը նեղ և օձապտույտ կածաններով, մութ անտառներով հաղորդակցություն ուներ Շուշվա,Պալլուճի և Ասկերանի հետ, որտեղ էլ դարանամուտ քաջերը կոտորեցին այդ կածաններով արշավող ճըռի երեքհազարանոց զորքը, որ գալիս էր այդ գյուղերը բնաջնջելու: Գերեվարեցին մի գնդապետի, որի միջոցով նրան հետևյալ նամակն ուղարկեցին. «Դու Պարսկաստանից հայ գլուխ չես բերել, որ մեզանից գլխահարկ ես պահանջում: Դու հետապնդեցիր հիմնահատակ կործանել Պալլուճան ու Խնածախը, բայց ջնջել տվիր քո երեք հազար զորքը»:

Անճարացած ճըռը խորհրդի կանչեց Մելիք-Շահնազարին, որը ստիպված էր անկեղծանալ. «Խնածախի և Պալլուճայի քաջերն այնքան միակամ, հանդուգն և արյունարբու հրեշներ են, որ մինչև անգամ թռչունները նրանց սարսափից չեն թռչում նրանց գլխավերևով, գիշատիչ գազանները չեն համարձակվում անցուդարձ անել նրանց անուղի անտառներով: Մի մեծ սխալ գործեցինք` այդ հրեշներին Ջրաբերդից այդ մարդաշատ որջերը տեղափոխելով: Առածն ասում է՝ կաքավի ձվից ելած ձագը հավ թխսկանի կրթկրթոցին ականջ չի դնի»,- ասում է դավաճան Մելիք- Շահնազարն ու խորհուրդ տալիս քաղցրությամբ շահել նրանց սիրտը, մինչև կգան հարմար ժամանակները...

Ե.Ա.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: