Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ հագնել և ինչպես. ամառվա գլխավոր թրենդները


  
դիտումներ: 12146

Արդեն ամառ է, և տաք հագուստը զգեստապահարանում զիջել է իր տեղը ավելի թեթև, եթերային, նուրբ զգեստներին, տաբատներին, վերնաշապիկներին ու կիսաշրջազգեստներին։

Եթե փորձում եք հետ չմնալ նորաձևության միտումներից, առաջարկում ենք ծանոթանալ 2018-ի ամռան գլխավոր թրենդներին և իմանալ, թե ինչ հագուստ ու աքսեսուարներ պետք է ընտրել ձեր կերպարն ավելի ժամանակակից և ոճային դարձնելու համար:

Կարճ տոպեր

Կարճ տոպեր կարելի է հագնել ոչ միայն տաբատի, այլև կիսաշրջազգեստի հետ, թափանցիկ վերնաշապիկի տակից՝ կոճակներն արձակ վիճակում, շորտերի հետ և այլն։ Նեղ, թե լայն, ծաղկավոր, թե միատոն, կարևոր չէ, կարևորը տոպի կարճ լինելն է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք ուզում, որ փորը շատ երևա, հագեք բարձր գոտիով տաբատ կամ կիսաշրջազգեստ։ Այս տարբերակը հարմար է նաև նրանց համար, ովքեր գիրության խնդիր ունեն. բարձր գոտին ամուր գրկում է իրանը և ծածկում անցանկալի հատվածները։ Ամեն դեպքում, եթե ուզում եք նորաձև լինել` պետք է մի փոքր հատված գոնե բաց լինի։

Կարճ, լայն տաբատներ կամ կյուլոտներ

Եթե արդեն կյուլոտ գնել եք` շատ լավ, սկսեք համադրել տարատեսակ բլուզների, տոպերի ու շապիկների հետ, իսկ եթե դեռ չունեք` շտապեք գնել, քանի որ այս ամառ առանց կյուլոտի պարզապես բաց կթողնեք նորաձևության ամենաթրենդային հագուստներից մեկը։

Մինչև ծունկը կամ ծնկից մի փոքր ներքև հասնող լայն տաբատները սեզոնի հիթն են։ Երբեմն կյուլոտներն այնքան լայն են, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ տաբատ է, թե կիսաշրջազգեստ։ Կյուլոտները նորաձև են հատկապես տոպերի հետ, որոնց մասին արդեն նշեցինք, ընդ որում, գեղեցիկ են և՛ կիպ կարճ, և՛ լայն տոպերի հետ։ Կյուլոտները ոչ բոլորն են միարժեք ընդունում։ Շատերը դրանցից խուսափում են, քանի որ դրանք ոչ ստանդարտ տաբատներ են, սակայն նորաձևությունը հենց համարձակի և ոչ սովորականի արտահայտումն է։

Քանի որ խոսք եղավ տաբատների մասին, նշենք մի քանի կարևոր առանձնահատկություն այս տարվա նորաձև տաբատներից. բարձր գոտի, այսինքն՝ կոնքից վերև, գոտկատեղն ամբողջությամբ գրկող տաբատներ, նույն կտորից գոտի, որով «բանտիկ» է կապվում գոտկատեղին, կողեզրերը գծով տաբատներ, գոտկատեղի հատվածում մեծ կոճակներով տաբատներ, կոնքի հատվածում նեղ, աստիճանաբար լայնացող տաբատներ, ռեզինե գոտիով, սպորտային ոճի տաբատներ և այլն։

Առանձնացված զգեստ

Ինչպես նախորդ սեզոնին, այնպես էլ հիմա շատ նորաձև են ռետրո ոճի զգեստները, սակայն այս տարի մի կարևոր նորություն կա․ զգեստը բաժանված է երկու մասի և ավելի շատ կիսաշրջազգեստ ու տոպ է հիշեցնում։

Ի դեպ, եթե նախորդ տարիներից ունեք զգեստներ, որոնք համարում եք նորաձևության առումով հնացած, ապա դրանք վերակենդանացնելու լավագույն ժամանակն է։ Տարեք այն դերձակի մոտ և պարզապես գոտկատեղի հատվածից առանձնացրեք։

«Կոմբինացիա» զգեստներ

ամառվա գլխավոր թրենդները

Ներքնազգեստ հիշեցնող, մետաքսյա նուրբ զգեստները 2018-ի ամառվա առանցքային թրենդներից են։ Այս զգեստները կարելի է հագնել ոչ միայն նուրբ, այլև սպորտային կոպիտ կոշիկներով, ինչն ավելի ոճային կդարձնի ձեր իմիջը։ Ի դեպ, այս զգեստները կարող եք հագնել նաև շապիկների, բլուզների վրայից։ Դա էլ ավելի կընդգծի ձեր ոճը։

Ամառային ակնոցներ

90-ականների նորաձևությունը վերադարձել է։ Կրկին ակտուալ են նեղ ակնոցները։ Բայց նկատենք, որ այդ ձևը ոչ բոլորին է սազում։ Բացի այդ, օրինակ, լողափում խորհուրդ է տրվում դնել լայն ակնոց, որպեսզի հնարավորինս լավ պաշտպանվեն աչքերը։ Կարելի է ասել, որ նեղ ակնոց ունենալն այս տարի անհրաժեշտ է պարզապես նորաձևությունից հետ չմնալու համար, բայց հնից հրաժարվել խորհուրդ չի տրվում։

Ծղոտ

Ծղոտից աքսեսուարները նորաձև էին նախորդ տարվանից։ Այս տարի դրանց հաղթարշավը շարունակվում է։ Այնպես որ ձեր իմիջը կարող եք լրացնել ծղոտե պայուսակներով ու գլխարկներով։

Քուղեր

2018-ի ամառային նորույթներից է նաև քուղը։ Դրանք ամենուր են՝ տոպերի, բլուզների, կիսաշրջազգեստների, պայուսակների վրա։

Գոտկատեղի պայուսակներ

Գոտկատեղին ամրացված պայուսակները կրկին ակտուալ են, ինչպես շատ տարիներ առաջ։ Դրանք ոչ միայն նորաձև են, այլև չափազանց հարմարավետ։ Չվարանեք կրել դրանք ոչ միայն ամենօրյա հագուստի, այլև երեկոյան զգեստների հետ։

Ինչ վերաբերում է վերջին տարիներին ամենաշատ գործածվող և հարազատ դարձած պայուսակներին (երկար կանթերով փոքրիկ պայուսակներ, որոնք ուսով գցվում էր կողքի), ապա դրանք կրկին նորաձև են, բայց մի փոքրիկ առանձնահատկությամբ, ավելի կարճ են, քան նախկինում և հասնում են առավելագույնը մինչև գոտկատեղ։

Ամենանորաձև գույնը

Համաշխարհային նորաձևության մեջ գույն թելադրող է Պանտոն ընկերությունը սեզոնի ամենանորաձև գույնը հայտարարել է ուլտրամանուշակագույնը, որը համարվում է միստիկ և հոգևոր արժեքների խորհրդանիշ։ Ընդ որում, այն ակտուալ է ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման մեջ։

Դրանից բացի, առանձնացրել են ևս 11 գույն, որոնց մեջ են կիտրոնագույնը, նուրբ վարդագույնը, երկնագույնը, կարմրաշագանակագույնը և այլն։

Նորաձև կոշիկներ

Այս ամառ կտեսնեք սուր քթով ցածր կոշիկներ, որոնք ստեղծված են հատուկ այն կանանց համար, ովքեր գերադասում են դասական կոշիկները, սակայն ակտիվ աշխատանքի բերումով դժվարությամբ են բարձրակրունկներ հագնում։

Խիստ նորաձև են նաև թափանցիկ, պլաստիկե հատվածներով կոշիկները։ Սրանով համաշխարհային նորաձևություն թելադրողներն ասես ձեռնոց են նետում բնական կաշվի արդյունաբերությանը և կոչ անում հանգիստ թողնել կենդանիներին։

Նորաձևության հիթերից է գուլպաների ու կոշիկների համադրությունը։ Ընդ որում, համադրությունը չի սահմանափակվում սպորտային կոշիկներով: Հավասարաչափ թրենդային են նաև գուլպաներով դասական, բարձրակրունկ կոշիկները։

Սեզոնի թրենդային կերպար ստանալու համար չմոռանաք նաև համադրել նուրբ զգեստներն ու կոպիտ, սպորտային կոշիկները։ Հակասությունը մեծ է, բայց նորաձևությունն ինքնին հակասությունների շղթա է, որի տրամաբանությունը երբեմն դժվար է ըմբռնել, չնայած նորաձևություն կերտողները միշտ էլ ունեն իրենց առաջարկածի բացատրությունը։

Դե ինչ, համալրեք զգեստապահարանը թրենդային նորություններով և հիշեք, որ նորաձև լինելու համար ոչ այնքան մեծ գումար է անհրաժեշտ, որքան ժամանակ` հետևելու նորաձևության միտումներին և կարողանալ հմտորեն համադրել հագուստն ու աքսեսուարները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: