Հայերեն   English   Русский  

​«Սմարթ». հայկական գյուղում կառուցված կենտրոն, որին կնախանձեն անգամ աշխարհի հզորները


  
դիտումներ: 7673

Պատկերացրեք հայաստանյան հեռավոր մի գյուղ Լոռու մարզում՝ անարատ բնությամբ ու թումանյանական շնչով, ապա թավշյա մարգագետնի մեջ ձգվող ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կառույց՝ մոդեռն ճարտարապետությամբ, որն առաջին հայացքից գյուղական լանջերին հանգրվանած այլմոլորակային թռչող սարք է հիշեցնում: Այո, սա Հայաստանն է, հակասությունների ու անհավանական թռիչքների երկիր, որտեղ անհնարինը կարող է դառնալ հնարավոր` անգամ հեռավոր ու մոռացված գյուղում:

Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբետի համայնքում պաշտոնապես բացվեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը: Սա Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ անհնարինը հնարավոր դարձրած փայլուն մի նախաձեռնություն է, որը կստեղծի այլընտրանք հայկական գյուղական համայնքներում՝ գյուղում ապրողներին տալովամենաժամանակակից մեթոդներով կրթվելու, ստեղծագործելու, զարգանալու և ամենակարևորը՝ որպեսքաղաքացի ձևավորվելու իրական հնարավորություն:

COAF SMART Opening_May 27 (47).jpg«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, պետք է կառուցես մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,-,- բացման արարողության ժամանակ ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։

Ի՞նչ է «Սմարթը» և ի՞նչ է փոխելու այն տեղի մարդկանց ու առհասարակ մեր երկրի կյանքում

Առաջին հայացքից կենտրոնը նույնանում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, բայց եթե «Թումոյի» դեպքում հիմնական նպատակը տեխնոլոգիաների ուսուցում է, «Սմարթի» դեպքում տեխնոլոգիան պարզապես գործիք է առավել լայն շրջանակի կրթական ու ստեղծագործական ծրագրերի իրականացման համար:

«Սա ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է, որը հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ 3 տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար»,- ասում է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» նախաձեռնության տնօրեն Շահանե Հալաջյանը:

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի հայեցակարգի 4 հիմնասյուներն են 1. Նորարարությունը և ստեղծագործականությունը, 2. Լեզուն և հաղորդակցությունը, 3. Ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, 4. Ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը:

«Սմարթ». հայկական գյուղ

«Մինչև 6 տարեկան երեխաների հետ աշխատելու ենք համալիր մեթոդով, սոցիալական, ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացում ապահովող ծրագրերով: Նախադպրոցական տարիքի երեխաների համար կան առանձին ծրագրեր, ներառյալ՝ հոգեբանական անցումայինը, որովհետև այդ խնդիրը դրված չէ մանկապարտեզներում, սովորաբար անցումը շատ ցավոտ է լինում: Սակայն կենտրոնի ամենաակտիվ օգտվողները դպրոցահասակներն են լինելու, նրանց ծրագրային փաթեթը շատ ավելի լայն է, ռոբոտաշինություն, մեդիագրագիտություն, անգլերենի դասավանդում, երգ, պար, կամավորական ակտիվ քաղաքացիության ծրագիր և այլն»,- թվարկում է Շահանե Հալաջյանը:

Տարեկան մոտավորապես 1000 հոգի շաբաթական երկու անգամ օգտվելու է կենտրոնի բազմազան ծառայություններից: Այս պահին կենտրոն հաճախողները 6 ամենամոտ գյուղերից են, եկող տարի կավելանա ևս 13 գյուղ: Փոխադրամիջոցն ապահովում է կենտրոնը: Առհասարակ կենտրոնի ծառայություններն անվճար են:

Հնարավորություն ոչ միայն փոքրերին, այլև մեծերին

«Սմարթ». հայկական գյուղ

Ինչպես նշվեց, կենտրոնը տարիքային սահմանափակում չունի: Գյուղական համայնքների մեծահասակ բնակիչները նույնպես կօգտվեն բազմազան ծրագրերից՝ նախատեսված հենց իրենց համար. մասնագիտական հմտությունների զարգացում, գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների յուրացում, սառցարանային տնտեսությունների հիմնում, դրամաշնորհներից օգտվելու հմտությունների ձեռքբերում, զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություն և այլն:

«Մեր նպատակը կրթության միջոցով գյուղական համայնքում հնարավորությունների ստեղծումն է, իրազեկությունը համայնքում առկա ռեսուրսների մասին, տնտեսական զարգացման խթանումը, համայնքում մնալու հնարավորությունը»,- նշում է զրուցակիցս:

Կենտրոնի նպատակներից մեկն էլ տեղում աշխատատեղերի ստեղծումն է, աշխատանքային չիրացված ներուժի օգտագործումը. «Հիմա մեր աշխատակիցների թիվը 25-ից ավելի է, մյուս տարի այդ թիվը կկրկնապատկվի: Գրեթե բոլորը տեղացիներ են, և մենք հաճելիորեն զարմացած էինք, որ տեղում այդ ռեսուրսները կան»:

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը չի սահմանափակվում կենտրոնով, այն ավան է, որը հետագայում ունենալու է իր ենթակառուցվածքները (ջերմոց, մարզադաշտ, արհեստի և արվեստի ստուդիաներ,և այլն): Ամբողջ ավանը զբաղեցնում է 20 հեկտար տարածք, միայն կենտրոնը՝ 1900 քմ տարածք:

Ավանն ունի նաև հյուրատուն հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։ Հաջորդ տարվանից հյուրատունը կաշխատի նաև կոմերցիոն նպատակներով:

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ով արդեն հետաքրքրված են տուրիստական ընկերությունները` կենտրոնը տուրերի մեջ ներառելու նպատակով:

Հետաքրքիր պատմություն՝ կապված շենքի նախագծի հետ

COAF SMART Opening_May 27 (2).jpg

ՔՈԱՖ-ի հիմնադիրը՝ Գարո Արմենը, իր ընկերոջն ու ՍՄԱՐԹ-ի տեսաբանին, աշխարհում մեծ հռչակ վայելող Թոնի Շաֆրազիին, հարցրել է նրա կարծիքը շենքի հնարավոր նախագծի մասին: Շաֆրազին պատասխանել է. «Դա պիտի լինի անսպասելի, արտառոց ու բացառիկ մի բան»:

Հենց Շաֆրազիի խորհրդով «Հայաստանի մանուկներ»հիմնադրամը սկսել է համագործակցել լիբանանահայ ճարտարապետ Փոլ Կալուստյանի հետ:

Բուն շինարարությունը կյանքի է կոչվել 22 ամսվա ընթացքում: Շենքի շինարարության, տեխնիկական վերազինման ու կահավորման վրա ծախսվել է 5 միլիոն դոլար։

«Սմարթ». հայկական գյուղ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամ. ՍՄԱՐԹ և ՍՄԱՐԹ ապահով սենյակներից մինչև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

Հիմնադրամը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ 10 տարի Արմավիրի ու Արագածոտնի 10 գյուղերում իրականացնելով կրթական, առողջապահական, երեխայի և ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման ծրագրեր:

2016 թ. հիմնադրվել են 5 ՍՄԱՐԹև 2 ՍՄԱՐԹ ապահով սենյակները Լոռու և Տավուշի մարզերում:

«Սմարթ» կենտրոնի գաղափարը սերտորեն կապված է հիմնադրամի ընդլայնման քաղաքականության հետ: Քանի որ սմարթ մոդելն արդեն կայացել էր, հիմնադրամը նոր խնդիր է դնում՝ հաջորդ 10 տարիներին աշխատել ոչ թե 10, այլ 100 համայնքի հետ:

Եթե մինչ այդ հիմնադրամի թիմն աշխատում էր առանձին կառույցների հետ (մանկապարտեզ, դպրոց, ամբուլատորիա և այլն), ապա առաջ է գալիս մեկ կենտրոն-հաբում բոլոր ծառայությունները կենտրոնացված ձևով մատուցելու գաղափարը:

Մասնագիտականետազոտությունների արդյունքում 2014 թվականին բազմակի չափանիշներով (ի մասնավորի՝ մարզի համագործակցայնություն, աղքատության, գործազրկության մակարդակ և այլն) հիմնադրամի ծրագրերի ընդլայնման համար որպես շահառու մարզ ընտրվում է Լոռու մարզը, որտեղ էլ կիրառվելու էր նոր՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը:

Եվ ահա արդեն գործում է կենտրոնը, բայց զուգահեռ շարունակվում են հիմնադրամի ավանդական ծրագրերը, մինչ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից բացի կկայանա նաև ավանը՝ նախատեսվող բոլոր ենթակառուցվածքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: