Հայերեն   English   Русский  

​Հիմա մի բան կգրեմ ու, երևի, գրածիցս էլի դժգոհներ լինեն, բայց ինչևէ :).Կարեն Վրթանեսյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 401

2016 թ. ապրիլյան մարտերի օրերին հիշում եք գերհուզական, շիկացած մթնոլորտը։ Մարդիկ ուզում էին ինչ-որ բան արած լինեին, չգիտեին ինչ։

Ամեն մեկը գրում-զանգում էր «թեմային մոտ» իր ծանոթներին, ինչ-որ բաներ առաջարկում, հարցեր տալիս։

Հարյուրավոր նամակներ ստացա, հեռախոսս, որ մինչ այդ 3 օրը մեկ էի լիցքավորում, այդ օրերին կես օրում «նստում» էր... «Ասա ի՞նչ ուղարկենք. փող, սնունդ, դեղորայք... ի՞նչ»։

Բացատրում էի. «Հիմա ոչ մի բան էլ պետք չի ուղարկել, խառն է ամեն ինչ, սննդի կարիք հաստատ չկա, փողն էլ այս պահին պարզ չէ, թե ում ուղարկել, ավելի լավ է սպասե´ք, մի շտապեք»։

Ինձ չէին հավատում, կռիվ էին անում հետս, նեղանում, և ուրիշ մարդկանց միջոցով ուղարկում։ Իսկ Արցախից իմանում էի, որ տեղում լիքը ստացված բաներ, նամանավանդ՝ սնունդը, իսկապես չգիտեն, թե ինչ անեն, որովհետև այդ ամենը գրանցել է պետք, հետո ապահովել պահեստավորման պատշաճ պայմաններ, և այլն, իսկ դրա ո´չ ժամանակը, ո´չ էլ ռեսուրսները չկային։ Սննդի կարիք էլ իսկապես չկար այդ պահին, ավելին՝ այդ շուտ փչացող օգնությունն ավելի շատ խանգարում էր։

Գրածս, իհարկե, չի նշանակում, որ ուղարկած ամբողջ օգնությունն այդպիսին էր։ Օրինակ՝ «Ինստիգեյթ» ընկերության թիմը կազմակերպեց քնապարկերի ու, կարծեմ, плащ-палатка-ների մեծ խմբաքանակի կարելն ու առաջին գիծ ուղարկելը, ինչն իսկապես շատ մեծ օգնություն էր դիրքերում հերթապահող հազարավոր պահեստազորայինների ու կամավորների համար։

Բայց կռվող տղերքին ու թալիշեցիներին օգնության հասնելու այդ ինքնաբուխ, խիստ էմոցիոնալ ալիքով ուղարկած ապրանքի մի զգալի մասն, այո, ավելի շատ անօգուտ էր։ Ուղարկածը զգալի մասը մասամբ փչացավ, մասամբ էլ, համոզված եմ ոչ նպատակային ձևով ծախսվեց (թեպետ ԱԱԾ վիդեոյից բացի այլ դեպքերի մասին չեմ լսել / ապացույց չունեմ, բայց գիտեմ, թե այսպիսի խառը իրավիճակներում ինչեր են լինում)։

Ի դեպ, Ռազմինֆոյին էլ էին շատ մարդիկ առաջարկում օգնել, հարցնում էին ինչ է պետք։ Ասում էի. «Շնորհակալ եմ շատ, բայց հետո խոսենք, հիմա խառն ենք շատ», որովհետև իսկապես քիթ սրբելու ժամանակ չկար։ Ասեմ, որ այդ օրերին օգնություն առաջարկողներից միայն մեկ մարդ հետագայում օգնեց, մնացածի էմոցիոնալ այդ պոռթկումը հանգել էր... (ինչը լրիվ նորմալ եմ համարում)։

Ընդհանրապես, երբ ծայրահեղ հուզված ես, չի կարելի կարևոր որոշումներ կայացնել, խոստումներ տալ։ Հենց այդ պահերին է, որ պիտի փորձես հնարավորինս սառը դատել, չնայած որ կատաղությունը կամ ոգևորությունը խեղդում են...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: