Հայերեն   English   Русский  

Արման Եղոյանն արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հարցերին


  
դիտումներ: 285

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ.

«Արմենպրես» - Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր եւ պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Արդյո՞ք այս այցերը համաձայնեցված են ՀՀ վարչապետի հետ:

Արման Եղոյան - ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը եւ հետեւաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում:

«Արմենպրես» - Վերջին օրերին Ազգային Ժողովում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայցևայնպես փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ինչպես ասվեց, քննարկումների և կոմպրոմիսի միջոցով: Կպարզաբանեի՞ք, թե ինչ կոմպրոմիսների մասին է խոսքը:

Արման Եղոյան - Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որեւէ փոփոխություն չի կրել եւ օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: