Հայերեն   English   Русский  

«Պետական գաղտնի՞ք». Վազգեն Մանուկյանը «Երկիր» թերթի նախկին լրագրողի հայտարարությունը կեղծիք է որակում


  
դիտումներ: 3311

«Երկիր» թերթի նախկին լրագրող Նաիրի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե 1993 թվականին որպես թղթակից եղել է «Մանվել Գրիգորյանի կորպուսի դիրքերում» և ականատես եղել վերջինիս ու նրա կնոջ ցոփ կյանքին և սոված, սառնամանիքին ցնցոտիների մեջ կռվող զինվորների պայմաններին: Բադալյանը նաև հավելել է. «Երբ այդ մասին գրեցի «Երկիր» թերթում, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը զանգել էր խմբագրին, թե իրեն (ինձ) գնդակահարելու է պետական գաղտնիքներ հրապարակելու համար (պարզվում էր զինվորների հանդեպ Մանվելի սադիզմն ու հանցագործությունները պետական գաղտնիք են)...»,-գրել է նա:

վերջինիս գրառման վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից և «Երկիր» թերթի այդ ժամանակվա խմբագիր Աղվան Վարդանյանից: Վազգեն Մանուկյանը գրառումը բացահայտ սուտ որակեց, Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ երբևէ Վազգեն Մանուկյանը որևէ հոդվածի հետ կապված իրեն չի զանգել և որևէ բան չի ասել:

«Պաշտպանության նախարար եղած ժամանակ մեր բանակը ձևավորվեց և մեծ հաջողությունների հասավ, որովհետև մենք նման երևույթների դեմ պայքարում էինք և բանակում ապահովում էինք միասնություն,-ասաց Մանուկյանը,-ես ինքս, իմանալով Մանվել Գրիգորյանի կամ մեկ ուրիշի կողմից նման արարքների մասին, միանգամից կպատժեի: Այնպես որ, գրածը բացահայտ սուտ է, փտած ուղեղի հետևանք: Ես երբևէ որևէ խմբագրի չեմ զանգել այս կամ այն հոդված համար, նամանավանդ պատերազմի ժամանակ, երբ եղել եմ Պաշտպանության նախարար: Ընդհանրապես, բանակի կառուցման ժամանակ, որպես Պաշտպանության նախարար, ես պայքարում էի, որպեսզի ֆիդայիներից ու պրոֆեսիոնալ զինվորականներից միասնական մի բանակ ստեղծվեր: Ես դեմ էի զինված ջոկատների գոյությանը բանակի կառույցից դուրս: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղի ունեցավ երկրապահի առաջին համագումարը, ես խորը գիտակցում էի, որ դա կատարվում է քաղաքական նպատակներով, քանի որ նման առանձին կառույց ստեղծելու կարիք չկար, դա հակասում էր կառուցվող բանակի ամբողջ տրամաբանությանը, իսկ երկրապահն արդեն ձուլվել էր բանակին: Հետո մենք առնչվեցինք այդ խնդրին, երբ այդ կառույցի ղեկավարությունը կառույցն օգտագործում էր ընտրությունների ժամանակ, իսկ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ուղղակի իմ դեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: